
Քաղաքական համակարգի փտախտը
Խորհրդարանական ընտրություններից մոտ 5 ամիս առաջ Հայաստանում յուրահատուկ քաղաքական իրավիճակ է ստեղծվել. առկա է ներքին խմորումների մեջ գտնվող եւ չափազանց լուրջ ամբիցիաներ ունեցող իշխանական համակարգ, որին «հակադրվում՚ է իր բոլոր խաղացողներով հանդերձ գրեթե կատարյալ մարգինալ ընդդիմություն:
Ավելի ճիշտ` հակադրվում է կատարյալ քաոսի մատնված մի միջավայր, որտեղ այլեւս չեն գործում ընդդիմադիր, կեղծ ընդդիմադիր կամ թաքնված իշխանամետ, աջեր, ձախեր, կենտրոնամետներ եւ նման կարգի այլ կատեգորիաներ: Այս դաշտում այլեւս որեւէ նախաձեռնողականություն չի դրսեւորվում: Այն ոչ քաղաքական օրակարգի ձեւավորմանն է մասնակցում, ոչ էլ արդեն կարողանում է ազդել հասարակական կարծիքի վրա:
Այդ քաոսային դաշտում բոլորը համատարած հարմարվել են իրենց վերապահված դիտորդի կարգավիճակին եւ առավելագույնը, որ կարողանում են անել, միմյանց նկատմամբ չարախոսությամբ ու բամբասանքներով զբաղվելն է: Ընդդիմադիր ուժերը համակերպվել են այն մտքին, որ իշխանության դեմ պայքարելն անիմաստ է: Ու քանի որ կորցրել են այդ հիմնական մոտիվացիան, սկսել են իրենք իրենց ներսում հարաբերություններ ճշտելով` միմյանց հաշվին ինքնահաստատվել եւ դիվիդենտներ ձեռք բերել:
Մի կողմից ՀՅԴ-ն հայտարարում է, թե արտահերթ ընտրությունների կարիք չկա` կայունությունը պահպանելու համար, բայց մյուս կողմից Կառավարության անվստահության հարց է առաջ քաշում` շատ լավ հասկանալով, որ ընդամենը հինգ ամիս հետո գործող Կառավարությունը հրաժարական է տալու, եւ խնդիրը ոչ թե միայն գործադիր մարմնի, այլ ընդհանրապես քաղաքական մեծամասնության որակի մեջ է: «Ժառանգությունը» պարզապես այլընտրանքի տպավորություն թողնելու համար թեկնածու է առաջադրում խորհրդարանի նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում` շատ լավ հասկանալով, որ գործող Աժ-ին ընդամենը մի քանի ամիս է մնացել, եւ ով էլ ընտրվի, ոչինչ չի նշանակելու: Հետո էլ սկսում է մեղադրել ՀՅԴ-ին, թե ինչու նա էլ չի մտնում այդ անիմաստ խաղի մեջ: Իսկ արտախորհրդարանական ընդդիմությունը` Հայ Ազգային Կոնգրեսը, ներքին էներգիան սկսել է մսխել ներսում իսկական վհուկների որս իրականացնելով` նախ ինչ-որ դավադիրներ վնասազերծելով, հիմա էլ թշնամի լրատվամիջոցներ գտնելով ու իրենից օտարելով:
Ընդդիմության ինքնաոչնչացման այս մեխանիզմը բացարձակապես աշխատում է իշխանության օգտին: Ներկայումս ընդամենը մեկ հարց կա քաղաքական օրակարգում. ինչպե՞ս է հանգուցալուծվելու իշխանական երկու ուժերի միջեւ սկսված ներքին դիմակայությունը, եւ դրանում ինչպե՞ս է կողմնորոշվելու ԲՀԿ-ն` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հստակեցման առումով: Եվ չնայած մեծ հաշվով սա շատ ավելի ինտրիգ է պարունակում իր մեջ, քան լուրջ գաղափարական ու քաղաքական իմաստ, սակայն բոլորը սպասողական վիճակում են:
Այդ սպասողականությունը, սակայն, թեկուզ մարտավարությունների ճշգրտման առումով, ոչ միայն տրամաբանական, այլեւ անգամ հիմնավորված չէ: Նախ` ԲՀԿ-ն իր բովանդակությամբ, արժեհամակարգով, ներքին կազմակերպչական ու կառավարման մշակույթով ոչնչով չի տարբերվում իշխանական մյուս ուժից` ՀՀԿ-ից, եւ իր վրա կրում է իշխանության բոլոր արատների կոդերը:
Եվ եթե անգամ նա կոալիցիայից դուրս գա եւ, ձեւավորելով նոր քաղաքական բեւեռ, կարողանա հաղթանակ տանել, ունենալու ենք որակապես նույն իշխանությունը: Այսինքն` տեղի է ունենալու քաղաքական ուժերի պարզունակ, մեխանիկական փոխատեղում` առանց որեւէ էական հետեւանքների: Ընդհակառակը, հաշվի առնելով, որ ներկայիս ԲՀԿ-ում որակ են կազմում հիմնականում մեծ ու փոքր օլիգարխները, պարզ է դառնում, որ ԲՀԿ-ական իշխանությունը սկսելու է առաջնահերթորեն սպասարկել հենց օլիգարխիայի շահերը: 2007 թ. ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցեց` նախընտրական ծրագրում հստակ ամրագրելով արհեստական մենաշնորհների եւ օլիգոպոլիաների վերացման դրույթը:
Ավելի քան 4 տարի է անցել, բայց իշխանական կոալիցիայի առանցքային այս դերակատարն իր իսկ սահմանած առաջնայնության ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել: Հետեւաբար, որեւէ վստահություն չի կարող լինել, որ իշխանության գալու պարագայում նույնը տեղի չի ունենալու: Իսկ եթե ոչինչ չի փոխվելու, չի փոխվելու իշխանության որակը, ապա որո՞նք են կոալիցիոն ապահարզանին սպասող մյուս ուժերի սպասելիքները ԲՀԿ-ից. ընդամենը նրա միջոցով իշխանական կերակրատաշտին մոտենա՞լը:
Մյուս կողմից` պարզ է, որ եթե անգամ ԲՀԿ-ն իսկապես այնքան համարձակություն ունենա, որ դուռը շրխկացնի ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի առջեւ` դառնալով ընդդիմություն, երբեւէ թույլ չի տալու իրեն օգտագործել որպես գործիք: Հակառակը, ԲՀԿ-ն ինքն է ձգտելու հասնել քաղաքական ուժերի կոնսոլիդացմանն իր շուրջը, բայց ոչ թե գործընկերային հարաբերությունների տրամաբանությամբ, ինչը ենթադրում է հավասար հնարավորություններ ու ակնկալիքներ, այլ մյուսներին պայմաններ թելադրելով:
Այսինքն` այդ դաշինքը ձեւավորվելու է նույն սկզբունքով, նույն ապաքաղաքական միջոցներով, որոնցով գործող նախագահն է հիմա փորձում պահպանել կոալիցիան: Եվ ԲՀԿ-ի կողքին կլինեն նրանք, ովքեր կընդունեն այդ պայմանները: Սա տեղի է ունենալու երկու պարզ պատճառով: Նախ` որովհետեւ ներկայումս սպառելով իրենց քաղաքական կապիտալը եւ ինքնաբերաբար լուսանցք մղվելով` այդ ուժերը կորցնում են իրենց արժեքը, ու փոքրանում է նրանց հետ հաշվի նստելու ռեսուրսը, երկրորդ` ոչ թե այդ բեւեռն է համարվելու իրական քաղաքական այլընտրանքը, այլ բացառապես ԲՀԿ-ն: Հետեւաբար, վերջինս մշտապես ձգտելու է բացարձակ մեծամասնություն ունենալ այդ բեւեռում, որպեսզի ցանկացած փոփոխության կամ հնարավոր դաշինքի հետագա փլուզման դեպքում չզրկվի որոշիչ փաթեթից:
Իսկ եթե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, նախընտրի մնալ կոալիցիայում եւ ընտրություններին գնա կոալիցիոն ընդհանուր ցուցակով, ապա ընդդիմության դաշտում առկա ներկայիս քաոսային պայմաններում ապահովված է լինելու իշխանության վերարտադրությունը:
Այսինքն` ԲՀԿ-ով պայմանավորվող ցանկացած զարգացում հանգեցնելու է միեւնույն արդյունքին, որը թե քաղաքական համակարգի եւ թե հասարակության պարտությունն է: Որպեսզի դա տեղի չունենա, ընդդիմադիր դաշտում եւ հասարակական շրջանակներում պետք է ձեւավորվեն իրական այլընտրանքներ, արժեքներ, որոնց հետ ոչ միայն ԲՀԿ-ն, այլեւ իշխանությունը ստիպված լինեն հաշվի նստել: Սա անհրաժեշտ է խախտված քաղաքական բալանսը վերականգնելու համար:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել