
«Գլենդել Հիլզ»-ը կհաշտվի՞ «Ժամանակ» օրաթերթի հետ
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Գլենդել Հիլզ» ընկերությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով դատական նիստը:
Օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց դատարանին, որ մնացած վկաները, որոնք պետք է այսօր դատակոչվեին, չեն կարող գալ՝ երկրից բացակայելու պատճառով: Ն.Բաղդասարյանը ընթերցեց դատարանին իր գրավոր առարկությունը հայցի վերաբերյալ՝ հատկապես նշելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն առ այն, որ անհրաժեշտ է ուշադիր տարբերակում կատարել փաստերի և գնահատողական դատողությունների միջև: Փաստերի գոյությունը կարող է հիմնավորվել, ապացուցվել, մինչդեռ գնահատողական դատողությունների ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման: Փաստաբանն այնուհետև հետևություն է անում, որ լրագրողը գնահատողական դատողություն է կատարել փաստերի հիման վրա, ինչից ելնելով խնդրում է դատարանին մերժել հայցը: Փաստաբանն ավելացրեց, որ իրենք նաև ցանկանում են հաշտության գալ:
Հայցվոր կողմի փաստաբան Անահիտ Սարդարյանը հայտնեց, որ իրենք ցանկանում են բերված առարկության դեմ իրենց առարկությունը ներկայացնել, ինչպես նաև իրենց ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի քննարկեն հաշտության գալու առաջարկը:
Դատական նիստի օր նշանակվեց հունվարի 16-ը:
Մեկնաբանել