
Երկրորդ կյանք թափոններին. Կարենի ստորգետնյա «թանգարան»-ը
Նարեկ Ալեքսանյան
«Փինք Ֆլոյդի մասին էստեղ երևի շատ քիչ մարդ գիտեր, երբ եղբայրս 1979 թ.-ին Մոսկվայից «Պատ»-ի երկու դիսկերն ուղարկեց: «Ռոսիա» կինոթատրոնի շենքում ապառատուռա կար, տարա էնտեղ, որ լսեմ: Ես Դիփ Փարփլ էի լսում, Զեփլինն էտքան էլ դուրս չէր գալիս, բայց դե իհարկե, Փինք Ֆլոյդը մոռացնել տվեց անգամ Փարփլին»,- հիշում է Կարեն Պանյանը:
«Երրորդ-մաս»-ի իր տան նկուղում 60-ամյա Կարենը փոքրիկ անկյուն է սարքել, որը դարձել է ստորգետնյա թանգարանի պես մի բան:
Հարյուրավոր առարկաներ կան Կարենի նկուղում, որոնցից ամեն մեկն իր պատմությունն ունի:
Նկուղն այսպես ձևափոխելու միտքը Կարենին պատահաբար է եկել:
Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ հարկ է եղել նորոգել ջրի խողովակները, այդ ժամանակ նա նկուղից մի քանի կգ պղնձի լար է գտել, հանձնել է ընդունման կետ ու ստացված գումարով որոշել է մի քիչ կարգի բերել նկուղը:
Մուտքը
«Տան ավելորդ իրերը, որոնք ափսոսում էի դեն նետել, իջացրի նկուղ, դասավորեցի, հետո տեսականին կամաց-կամաց ավելացավ»,- պատմում է Կարենը:
Երբեմն ծանոթներն են ինչ-որ իրեր տալիս, բայց հավաքածուի հիմնական մասը Կարենը գտնում է աղբամանների մոտից:
«Էնպես չի, որ քչփորում եմ աղբամանների մեջ, մարդիկ իրենց համար անպիտան իրերը երբեմն ուղղակի դնում են աղբամանների կողքը, ես էլ, եթե հավանում եմ, վերցնում եմ»,- ասում է Կարենը:
Ամռանն այստեղ զով է, ձմեռը՝ տաք:
Այս խողովակները տնտեսական խանութից են, դրանց վրա պոլիէթիլենային թաղանթն է փաթաթած լինում: Երբ թաղանթը վաճառվում է, խողովակները դառնում են աղբ, իսկ Կարենի նկուղում՝ հենասյուն առաստաղի համար:
«Շատ իրեր ունեմ այստեղ, բայց գտածս ամենաարժեքավոր բանն ինձ համար այս կտակարաններն են, պատկերացնո՞ւմ եք, ինչ-որ մեկը դրանք դեն էր նետել»,- զարմանքով նշում է Կարենը:
«Այստեղ շատ իրեր կան, որոնք այժմ գործնական նշանակություն չունեն, դրանց փոխարինելու են եկել ժամանակակից տարբերակները, բայց դրանք իմ պատմությունն են, մեր սերնդի պատմությունը, կենցաղը»,- ասում է Կարենը:
Գործիքների հավաքածուն
Հակագազի դետալը՝ որպես նկարի շրջանակ:
Այս վրձիններից խանութներում չես գտնի էլ:
Կարենը ցույց է տալիս իր հավաքածուի առանձնահատուկ նմուշներից մեկը:
«Էրեբունի-Երևան 2750»:
Սարդոստյանները ևս «թանգարան»-ի մի մասն են, դրանք մի քանի տասնամյակի պատմություն ունեն:
«Մի հատ երազանք ունեմ՝ գնամ Վանա լիճ, ոտքերս թաթախեմ լճի մեջ, վանա տառեխ ուտեմ». Կարենն արմատներով Վանից է:
«Ինչ տեսել եմ, էտ եմ վերհիշում, այս իրերը օգնում են վերապրել անցածը». Կարեն Պանյան:
Այս սղոցը 90-ականներին փայտ կտրելու համար է ծառայել:
Այստեղ ռադիոն մի քիչ կտրատելով է աշխատում, բայց լսել լինում է:
Բանալիների հավաքածուն:
«Հիմա սրանով էլ ոչ մեկ լանգետ չի ծեծում: Մաքուր կաղնու փայտից է, մսին կաղնու հոտը փոխանցում էր»:
Առնետի գանգի կմախք:
«Սուխոյ սպիրտ, կերոսինի վառարան, 90-ականներ...»:
Զինվորական հին ջրաման:
Ստորգետնյա «թանգարան»-ում 8 տարբեր տեսակի էլեկտրական լամպեր կան և 5 մոմ:
«Թանգարան»-ի հավաքածուն պարբերաբար թարմացվում է:
Նկուղի այս հատվածը դեռ չբարեկագարգված վիճակում է, հետագայում այն կարող է դառնալ «թանգարան»-ի մյուս ցուցասրահը:
Որոշ իրեր արդեն իրենց տեղն ունեն այստեղ:
Խնամքով կահավորված և բարեկարգված ստորգետնյա այս «թանգարան»-ի մասին՝ Կարենի խոսքով, քիչ մարդ գիտի, այցելուներ այստեղ չեն գալիս այլ թանգարանների պես, սա ուղղակի տարածք է, որը հանգամանքների բերումով է դարձել ասյպիսին:
«Չեմ ուզում շատերն իմանան էս տեղի մասին. ամեն մարդ չի, որ կգնահատի սա: Որ շատ մարդ գա, մի օր կարող է դառնա խորովածանոց, էդպես չեմ ուզում լինի»,- ասում է Կարենը:
Մեկնաբանել