
150 մլն դրամ ունեցող պատգամավորը կոռուպցիայի դեմ պայքարն անվանում է «գործ տալու» ինստիտուտ եւ կոչ անում «հայ մնալ»
Այսօր Արմավիրի մարզից ՀՅԴ ցուցակով ընտրված պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն իր անդրանիկ ելույթն ունեցավ խորհրդարանի ամբիոնից, որը բուռն քննարկման առարկա դարձավ: Պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի և կառավարության համահեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը մտահոգել էր Ա. Կարապետյանին:
Պատգամավորը նախ հայտարարեց, որ իր ասածը իրավական հարթությունից դուրս է, իր «գաղափարը կապված է մեր հայկականության հետ»: Առանձնացնելով փաթեթով ներկայացված նախագծերից «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագիծը` Անդրանիկ Կարապետյանը նախ յուրովի ներկայացրեց այն, եւ դա որևէ առնչություն չուներ բուն նախագծի հետ, ապա մտահոգություն հայտնեց, թե այդ նախագիծն ավելորդ անջրպետ է ստեղծելու նույն հիմնարկում աշխատող երկու աշխատողների միջև:
«Այսօր մենք հայ ենք, բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք մենք ինչ արժեքներ ենք կրում: Եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են: Եթե կաշխատի այս օրենքը՝ ազդարարի ինստիտուտը մեր երկրում, կարող է աշխատել, ապա ինչ հետևանքներ նա կունենա: Եթե չի աշխատի, ապա ինչու ենք այս օրենքի նախագիծը մենք ուզում ընդունել»,-ասում էր պատգամավորը:
Անդրանիկ Կարապետյանի խոսքերով, ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս, հարիր չէ, որովհետև երբ կարդացել է նախագիծը, առաջինն իր միտքը եկել է այն գաղափարը, որ սա «գործ տալու ինստիտուտ է»:
«Եկեք բոլորս բոլորիս վրա գործ տանք, եկեք գնանք աշխատանքի և ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տա: Այսօր, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք և նման կերպ գաղափարները սերմանել և խրախուսել, իմ կարծիքով, մեր երկրին հարիր չի: Թերևս այսքանը, եկեք հայ մնանք»,-խոսքը եզրափակեց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:
Բանն այն է, որ ազդարարման ինստիտուտի ներդնումը նախագծերի հեղինակները դիտարկում են որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք և կառուցակարգ՝ անհրաժեշտ համարելով զարգացնել ազդարարման համակարգն ու ստեղծել համապատասխան գործուն կառուցակարգեր:
Մասնավորապես` նախագծով սահմանվել է, որ ազդարարը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտման, հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ ում դիմել է ծառայությունների մատուցման նպատակով:
Ազդարարման նպատակն է բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները, նվազեցնել և կանխարգելել կոռուպցիան, ինչպես նաև՝ նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
Ուշագրավն այն է, որ Անդրանիկ Կարապետյանը մասնագիտությամբ իրավաբան է, Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Նրա գործունեությունը պետք է ուղղված լիներ մարդու իրավունքների պաշտպանությանը և կոռուպցիայի դեմ պայքարին, բայց նա չանդրադարձավ նախագծի բովանդակությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարն անվանեց «գործ տալու» ինստիտուտ:
Նորընտիր պատգամավորը 2009-2013թթ. աշխատել է Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչությունում` որպես մասնագետ, իսկ 2014թ.-ից` մինչև պատգամավոր ընտրվելը, զբաղեցրել է բետոնե հավաքովի շինարարական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող «Մոնոլիտ Գործարան» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը:
150 միլիոն դրամ, կամ՝ ինչպես «գործ չտալ» պատգամավորի դեմ
Անդրանիկ Կարապետյանը որպես պատգամավորության թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել 2016թ. փետրվարի 1-ից մինչև այս տարվա նույն ժամանակահատվածին վերաբերող գույքի ու եկամուտների հայտարարագիր:
Ըստ հայտարարագրի՝ մեկ տարվա կտրվածքով Կարապետյանի միակ եկամուտը եղել է աշխատավարձը, որը կազմել է 1 միլիոն 560 հազար դրամ, այսինքն՝ ամսական 130,000 դրամ: Փոխարենը որպես դրամական միջոց նրա հաշվին եղել է 150 միլիոն դրամ:
Որպես անշարժ գույք Անդրանիկ Կարապետյանը հայտարարագրել է Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում գտնվող 14 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, իսկ շարժական գույք՝ «Տոյոտա Լանդկրուզեր» մակնիշի ավտոմեքենա:
Կոռուպցիայի դեմ պայքարը «գործ տալու» ինստիտուտ անվանելով` պատգամավորն իրեն ապահովագրում է հնարավոր ռիսկերից, թե, օրինակ, ինչպես կարող էր տարեկան 1,5 մլն դրամ եկամտով, իսկ դրանից առաջ` պետական պաշտոն զբաղեցնելով կուտակել 150 մլն դրամ:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել