
Ախուրիկցի տիկնիկագործ Մարոն
Լիլիթիկ ներկայացած տիկնիկին ես մտքումս թաքուն մեկ այլ անունով եմ կնքում՝ Պեպենիկ: Անկանոն ցրված խոպոպների վրա թառած կարմիր ժապավենը զգեստի ու կոշիկների հետ իդեալական համադրություն է, բայց դա չի նշանակում, որ Լիլիթիկ-Պեպենիկը գլամուրային աչոնիկ է: «Մեր Լիլիթիկը շատ աշխույժ ու անմիջական, բաց նաեւ շատ սովորական մի աղջիկ է»,- տիկնիկագործ Մարոն ծիծաղում է` զամբյուղի միջից հերթով հանելով ձեռագործ տիկնիկները, ամեն մեկը` լույս աշխարհ գալու իր հետաքրքիր պատմությամբ:
Այդպես հերթով ինձ են ներկայանում Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը աղվեսի հետ, մեծ ու զարմացած աչքերով աղջիկը «Գտնված երազը» մուլտֆիլմից, ճանապարհորդ տղան, հայկական տարազներով զուգված-զարդարված հայն ու հայուհին, դպրոցական վերջին զանգի խորհրդանիշ պարմանիներն ու պարմանուհիները, սպիտակազգեստ հրեշտակների մի ամբողջ հավաքածու, իմաստուն բուն, տարվա խորհրդանիշ աքլորը:
«Ափսոս Նունիկը չկա, արդեն վաճառվել է,-մեղավորի ձայնով ասում է Մարոն,-աղջիկս է ընտրում անունները: Մեր տիկնիկները ոչ միայն անուն ունեն, այլև ծննդյան պատմություն: Ամեն մեկի համար մի բան հորինում ենք, որ երեխայի համար հետաքրքիր լինի: Օրինակ` Նունիկը մեր օժիտով միակ տիկնիկն է: Նրան պատրաստելուց հետո որոշեցինք, որ պիտի անկողնային պարագաներ էլ ունենա: Աղջիկ երեխաներ կան, որ անպայման ուզում են տիկնիկին պառկեցնեն քնելու, որ տիկնիկը գիշերազգեստ ունենա, մահճակալ ու անկողին: Շատ հաճախ ստիպում են ծնողներին նորից ծախս անել, այս կամ այն տիկնիկի համար հավելյալ պարագաներ գնել: Ու որոշվեց ունենալ օժիտով տիկնիկ Նունիկ անունով, ով անհամբեր կսպասի նոր տուն տեղափոխվելուն»:
49-ամյա Մարո Կարապետյանը բնակվում է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում: Կրթությամբ մաթեմատիկոս է, ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի «Կառավարման ավտոմատացման համակարգեր» բաժինը: Երբեք մասնագիտությամբ չի աշխատել: Ասում է. «Տարիներն էին այդպիսին՝ 90-ականներին ով ինչ հնարավորություն ուներ, դա էր անում»: Մարոն ծնունդով արթիկցի է, Ախուրիկ հարս է եկել: Ամուսնու հետ ծանոթացել է բուհն ավարտելու տարում: «Էնքան մեծ կուրս էր, երևի հազար ուսանող ուներ, դե մենք էլ հոսքերով էինք, մեծ մասն իրար չգիտեր: Ամուսնուս հետ 5-րդ կուրսում ենք ծանոթացել ու պարզել, որ նույն տեղն ենք սովորում»,-Մարոն ծիծաղում է:
Շատ հնարավոր է` համակուրսեցիներին վատ ճանաչելու պատճառներից մեկն էլ ժամանցի վայրեր չհաճախելն է եղել: «Ուսանողական տարիների իմ ընկերուհիները վազում էին ժամանցի վայրեր, ես գնում էի ասեղնագործության: Երեւանում` նախկին «Ռոսիա» կինոթատրոնի մոտ, Ժողովրդական վարպետության տուն կար, Ինջյան Գայանեն ասեղնագործության խմբակ ուներ, էնտեղ էի հաճախում,-հիշում է Մարոն,-խմբում բոլորը դպրոցականներ էին, միայն ես էի մեծ: Գնում էի ժանյակագործություն ու գեղարվեստական հարթակար սովորելու»:
Կար ու ձեւի, ասեղնագործության նկատմամբ սիրո արմատները թաքնված են Մարոյի մանկությունում: Մայրը Արթիկի կարի գործարանում էր աշխատում: Ինքն էլ ինչ տեսել, այն էլ սովորել է: Հիշում է, որ 10-12 տարեկան հասակում մտերիմ ընկերուհու հետ մրցակցության մեջ էին տիկնիկների համար հագուստներ կարելու գործում: Պատմում է, որ այդ տարիներին խանութներում 50 կոպեկ արժեքով տիկնիկներ էին լինում, գնում էին ընկերուհու հետ և սկսում սեփական պատկերացմամբ նախագծել, ձեւել, կարել, հագցնել:
![]() |
![]() |
Ամուսնությունն ու երեխաների ծնունդը համընկան բարդ 90-ականների հետ: Գումարը չէր հերիքում` աղջիկներին բազմազան խաղալիքներով ապահովելու: Պատրաստում էր հին վերարկուներից, մաշված ջինսերից՝ ծնունդ տալով երեւակայական ու հեքիաթային հերոսների: Մարոն հպարտությամբ ցույց է տալիս 90-ականներին պատրաստված ոզնին, որ պահպանվել է մինչեւ օրս: «Փշե զրահի» համար զոհել են տեգրակնոջ վերարկուի մորթե օձիքը:
«Չնայած էս ամենին` երբեք չեմ մտածել, թե մի օր կսկսեմ ձեռագործ տիկնիկներ պատրաստել,-խոստովանում է զրուցակիցս,-կարելի է ասել` սա փոքր աղջկաս պրոյեկտն է: Քնարիկս մասնագիտությամբ մարկետոլոգ է: Անցած տարի մասնակցում էր մարքեթինգի դասերի ու վերջում պիտի ինչ-որ բիզնես ծրագիր ներկայացներ: էդ ընթացքում ես, ինտերնետից նայելով, հելունով մի հատ տիկնիկ էի գործել: Եկավ Երեւանից, տեսավ, թե՝ մամ, արի կլինի ես ծրագիրը գրեմ, դու իրականացրու, թող դառնա քո փոքրիկ բիզնեսը: Այդպես սկսվեց այս նախաձեռնությունը, որ աղջիկս կոչեց «Խատուտիկ»: Այդպես կոչվում է նաեւ ֆեյսբուքում մեր էջը»:
Մարոն զբաղվում է տիկնիկների ե՛ւ դիզայնով, ե՛ւ հագուստով, ե՛ւ սանրվածքով, անգամ կոշկակարություն է անում: «Ես մի տարի նկարչական դպրոց եմ հաճախել, դա հեշտացրեց դեմքը նկարելու գործընթացը, դե կարել ու գործել գիտեի վաղուց, վարսավիրություն ու կոշիկ կարել սովորեցի` արդեն դուրս գալով էս գործից»,-ասում է Մարոն:
![]() |
![]() |
Մեծ ուշադրություն է դարձնում կտորի ընտրությանը: Ըստ Մարոյի` որքան կտորը թանկ է ու որակյալ, այնքան տիկնիկի տեսքն էլ է շքեղ: Հայկական տարազներով տիկնիկների զգեստավորմանն առավել ուշադիր է դարձել, երբ «Խատուտիկի» ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը նկատողություն է արել, թե թուրքական կտոր է օգտագործվել: Հիմա ընտրություն կատարելիս աշխատում է խուսափել հարեւան երկրի արտադրանքից: Սկսել է պատրաստել նաեւ տիկնիկ-նմանակներ: Ցանկացողներն իրենց նախընտրությամբ ուղարկում են փոքրիկի լուսանկարը, որի հիման վրա պատրաստվում է տիկնիկը՝ որոշակի մուլտֆիլմային գծեր հաղորդելով:
Աշխատանքների վաճառքն աղջիկների օգնությամբ կազմակերպում է համացանցով՝ խանութներն այս առումով չեն արդարացնում: «Գյումրիում մի փորձ արել ենք, մի խանութում 4 հատ հրեշտակ էինք տվել, որ վաճառեն, մեկ ամիս անցավ ու չվաճառվեց, իսկ ես այդ ընթացքում համացանցով 10 հատ նույն հրեշտակից վաճառեցի: Հետո էնպես չէ, որ շատ արտադրանք ունենք, չգիտենք ինչ անենք: Ինչ էլ որ ստեղծում ենք, ինտերնետի օգնությամբ փորձում ենք վաճառել»,-նկատում է զրուցակիցս:
Պատրաստած տիկնիկներից հեշտությամբ է բաժանվում: Բացատրում է, որ ի սկզբանե աշխատանքը սկսում է այդ մտքով: Մեկ տարվա ընթացքում չի վաճառել ու բաժանվելու միտք էլ չունի նախաձեռնության հիմք հանդիսացած առաջին տիկնիկից, որն ինչ-որ տեղ թալիսմանի դեր է խաղում: Գնային քաղաքականությունը վարում են որակ եւ մատչելիություն համադրությամբ: Աշխատում են հաշվի առնել մարդկանց սոցիալական վիճակը:
«Նոր որ սկսեցինք, վնասով ենք աշխատել, որովհետեւ առաջին տիկնիկը, որի վրա մոտ 10 հազար դրամի ծախս էի արել, վաճառեցինք 4,500 դրամով: Բայց պիտի հարմարվեինք, որովհետեւ պատվեր էր, մենք էլ դեռ պատկերացում չունեինք, թե որքան ենք ծախսելու տվյալ տիկնիկի վրա: Հիմա արդեն նորմալ հաշվարկ ենք կատարում, որ և´ մենք չտուժենք, և´ պատվիրատուն: Ամենաթանկը նմանությամբ տիկնիկներն են, ամենաէժանը` 10-12 սմ չափի տիկնիկները»:
Ներկայում մի հետաքրքիր գաղափարի վրա է աշխատում, որ կոչել է «Խելացի գիրք»՝ նախատեսված 2-4 տարեկան երեխաների համար: Հույս ունեն, որ կհետաքրքրի մայրիկներին: Նաեւ պատրաստվում է հուլիս ամսին Գյումրիում կայանալիք փառատոնին՝ պիտի հայկական տարազներով տիկնիկներ ներկայացնի: Մարոն ասում է, որ մեկ տարի անց, հանգիստ խղճով կարող է հայտարարել` առանց հարազատ Ախուրիկի սահմանները լքելու էլ կարելի է սիրած գործով զբաղվել ու բիզնես զարգացնել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել