
Պատմություններ երեխաների մասին
Նարեկ Ալեքսանյան
1989 թվակին ՄԱԿ-ն ընդունել է «Երեխաների իրավունքների կոնվենցիան», մինչ այդ՝ 1959 թվականի մայիսի 20-ին, ընդունվել էր «Երեխաների իրավունքների հռչակագիրը» : ՄԱԿ-ն իր գլխավոր փաստաթղթում մայիսի 20-ը նշում է որպես երեխաների պաշտպանության օր և առաջարկում բոլոր երկրներին նշել երեխաների պաշպանության օրը ցանկացած օրացույցային ամսաթվով:
Հայաստանում այդ օրը հունիսի 1-ն է:
Այս հրապարակման մեջ հավաքել ենք վերջին մեկ տարում Հայաստանի տարբեր բնակավայրերում արված որոշ ֆոտո-վիդեո պատմություններ, որոնց հիմքում երեխաներ են, ովքեր ունեն առողջական խնդիրներ, ստիպված են ապրել ոչ բարենպաստ սոցիալական պայմաններում, սովորել ոչ բարեկարգ դպրոցներում, ինչու չէ՝ նաև պայքարել իրենց իրավունքների համար:
Մուժիկյանների ընտանիքում ամեն մեկն իր երազանքն ունի։ Ամենափոքրը՝ 6 տարեկան Արշակը, նոր հեծանիվ է ուզում ունենալ, հինը կոտրված է, ծնողները ցանկանում են ավարտել տան վերանորոգումը։
Վարդենիս գյուղի նոր դպրոցը տարիներ շարունակ չէր վերանորոգվում: Դասերն անց էին կացվում հին, վթարային շենքում: Անցած տարի դպրոցականները դասադուլ արեցին՝ կրթության իրենց իրավունքի համար: Այժմ վարդենիսցի երեխաները դասի են գնում նորակառույց դպրոցում:
Այս մանչուկը եզդիաբնակ Թլիկ գյուղից է, որտեղ տասնամյակներ շարունակ ջուր չկա:
Նարինեն սպասում է, որ քույրերն ու եղբայրները դպրոցից գան, որպեսզի նրանց կոշիկները հագնի:
Բոզոյանների ընտանիքում 8 երեխա կա, նրանք ապրում են Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում:
Այս տղայի ընտանիքը ու ևս 75 ընտանիք ապրում են 1958-ին կառուցված հանրակացարանի վթարային շենքում՝ սպասելով կամ վերաբնակեցմանը, կամ շենքի փլուզվելուն:
Սուսաննան իր 6 քույր-եղբայրների ու ծնողների հետ ապրում է Արարատի մարզի Սուրենավան գյուղում:
Փուլային տարբերակով վերանորոգվող դպրոցները մշտապես կարիք են ունենում կրկին վերանորոգվելու, քանի որ մաս-մաս են վերանորոգվում: Ուջանի դպրոցը վերանորոգվել է 6 տարվա ընթացքում՝ 2009-2015 թթ., այժմ, սակայն, դրա կարիքը կրկին կա:
Ալիսայի ընտանիքն ապրում է սահմանամերձ Ն. Կարմիրաղբյուր գյուղում: Նրանց տունը փլուզման վտանգի տակ է, ծնողների միջոցները չեն բավականացնում նոր տան կառուցումն ավարտին հասցնելու համար:
Էլեոնորան, Միլենան, Վաչեն ու Վահանը մոր հետ ապրում են Վանաձորի տնակային թաղամասում:
Վաչիկը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից է: Առողջական խնդիրներ ունի՝ վնասված է ուղեղի թաղանթը: Ծնողներն անգամ մի քանի րոպեով չեն կարող Վաչիկին միայնակ թողնել:
Լիայի միակ երազանքն այն է, որ հոր տեսողությունը վերականգնվի: Խաչատրյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում:
Գումարի սղության պատճառով Արմինեն 1-ին դասարան չի գնացել: Սարիբեկյանների 7-հոգանոց ընտանիքն ապրում է Վանաձորի տնակային թաղամասում:
Ավետյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Լոռու մարզի Շնող գյուղում:
Մարիաննայի ընտանիքի միջոցները չեն բավականացրել նրա համար դպրոցական հագուստ ու գրենական պիտույք ձեռք բերել: Մտածում էին այս տարի դպրոց չուղարկել:
Մանկական ուղեղային կաթվածով երեխան ապրում է սոցիալական ծանր պայմաններով ընտանիքում:
Մեկնաբանել