
… Ես դրա համար չեմ եկել
«Փոքր էի, ապրում էինք գյուղում։ Մեծերը հավաքվում, շշուկով խոսում էին եւ ինձ ասում էին՝ դուրս արի, դրսում նայի՝ լսող հո չկա՞»,- հիշում է 1947-ին Իրաքից ներգաղթած, այժմ Մոնթեբելլոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) բնակվող Հակոբ Բաշմակյանը։
Հայաստան տեղափոխվելուց հետո հայրենադարձներից շատերն էին ապրում վախի ու տագնապի զգացողությունը՝ փորձելով «նախորդ կյանքից» վերհիշել «մեղքեր», որոնց պատճառով կարող էին ենթարկվել բռնաճնշումների կամ աքսորի։ «Մենք մայր ու տղա էինք։ Հայրս դաշնակցական էր եղել, մահացել էր մինչեւ մեր գալը։ Պարզ է, որ իմանային, կաքսորեին, բայց մատնող չեղավ»,- ասում է պարոն Բաշմակյանը։
Եթե բռնաճնշումներից եւ աքսորից այս կամ այն կերպ հաջողվում էր խուսափել, ապա սովետական կյանքի անհարմարությունները ներգաղթողին ուղեկցում էին ողջ կյանքում։ Եւ գուցե սա է պատճառը, որ գրեթե բոլոր հարցազրույցներում, անկախ նրանից` խոսողն ինքը կամ իր ընտանիքը ենթարկվել է քաղաքական հալածանքի, թե՝ ոչ, անպայման հիշում է բռնաճնշումների եւ աքսորի մասին՝ առանց կասկածի նշելով ուռճացված թվեր։
1947-ին ԱՄՆ-ից ներգաղթած, այժմ Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ) բնակվող Զաբել Չուգասզյանի վկայությամբ՝ 1949-ի հունիսի 13-14-ի գիշերվա ընթացքում Հայաստանից 160 հազար մարդ է աքսորվել։ «Հայրս Մետաքսի գործարանում ցեխի վարպետ էր եւ պարտիական էր, իրան ասել էին, որ էդ գիշերը աշխատանքի երթար։ Գնաց, նախքան գնալը ասեց՝ էս գիշերը դուռը ոչ մեկի համար չբանաք, լույսերը անջատեք նստեք կամ քնեք։ Առավոտը եկավ, ասեց՝ մեքենաներով բոլորին հավաքում, տանում էին»։
1947-ին Ֆրանսիայից ներգաղթած, այժմ Փարիզում ապրող Ժան Կյուրեղյանը խոսում է երկու գիշերվա ընթացքում Սիբիր ուղարկված 50 հազար մարդու մասին` միաժամանակ նշելով, թե «… ֆրանսահայերին գրեթե ձեռք չտվեցին։ Գրե՛թե։ Մատների վրա կարելի է հաշվել ֆրանսահայ ընտանիքների, որ աքսորվել էին, իսկ սիրիացիներից, լիբանանցիներից՝ տասնյակ հազարներ»։
Խնդիրը ոչ այնքան թվերի ճշգրտությունն է, որքան սովետական իրականությունից ստացված տպավորությունը, որը տարիների հետ, աստիճանաբար վերածվել է անձնական փորձառության։ Դա ձեւավորվում էր նաեւ պետության կողմից խտրականության կամ հարկադրանքի տարաբնույթ դրսեւորումներով։
Հարցազրույցներում հայրենադարձներից շատերը բողոքում են, թե ներգաղթողների (համապատասխան հասակի) տղաներին բանակ չէին տանում։ «Ստալինի ժամանակ հայրենադարձներին բանակ չէին տանում՝ ասելով թե ռազմական պատրաստություն չեք անցել: Իրականում, չէին վստահում»,- պատմում է 1947-ին Ֆրանսիայից ներգաղթած, ապա ԱՄՆ արտագաղթած Մարտիրոս Գյուլդերյանը:
Օտար լեզուների ինստիտուտը գերազանց ավարտելուց եւ երկու տարի Բյուրական գյուղում ուսուցչություն անելուց հետո Մարտիրոսին անսպասելի զորակոչում են։ Ասում է՝ ուրախացա, որ արդեն վստահություն կա, բայց այդտեղ էլ սկսվեցին նոր խնդիրներ։ «Մեր գնդում, փաստորեն, միակն էի բարձրագույն կրթությամբ: Ինձ տվեցին ամենացածր պաշտոնը. ռուսերեն՝ ռազնոշչիկ սնարյադով. արկեր մատակարարող: Շատ էին հարցնում՝ ինչպե՞ս էր կյանքը Ֆրանսիայում եւ այլն: Դե, ես էլ՝ մի քիչ միամիտ, ասում էի այն, ինչ որ կար: Մի օր, ուրեմն, չաստում ԿԳԲ-ի ներկայացուցիչը ինձ կանչեց եւ ասաց՝ գիտե՞ս, քեզ նմաններին մենք ինչ ենք անում, ուզում ես մեր զինվորների բայեվոյ դուխը՝ մարտական ոգի՞ն գցել, կգաս ինձ մոտ գրասենյակ, խոսակցությունը էնտեղ կշարունակենք: Պարզ էր՝ Ստալինի օրոք էդպիսի մի բանը առնվազն տասը տարի աքսոր էր նշանակում: Առնվա՛զն: Բայց բախտս ժպտաց. հաջորդ օրը ելույթ ունեցան Կոմկուսի համագումարում եւ բացահայտեցին անձի պաշտամունքը»։
Բանակային կյանքից նման մի անհարմարություն էլ մնացել է Միացյալ Նահանգներից 1949-ին ներգաղթած, այժմ Փարիզում բնավող Հակոբ Ֆիլյանի հիշողության մեջ. «Բանակում կասկածում էին, որ ես լրտես եմ։ Հատուկ բաժինը ծառայելու երեք տարին հետեւիցս էր ընկել՝ ե՞րբ եկաք Ամերիկայից, ինչո՞ւ եկաք, ի՞նչ եղավ… Անընդհատ՝ նույն հարցերը։ Է՛, եթե էդպես է, ինչու՞ բերեցիք բանակ, չբերեիք»։
Հայրենադարձների համար հոգեպես ճնշվելու եւ սովետական կյանքի անհարմարությունները ճաշակելու առիթ էին նաեւ պետանվտանգության մարմինների կողմից կատարվող հավաքագրման փորձերը։
Սուրեն Բուրսալյանն ընտանիքով Լիբանանից Հայաստան էր ներգաղթել 1946-ին։ Մեկ տարի անց նա արդեն Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ուսանող էր։ 1951-ին պետական ավարտական քննություններից վերջինը հանձնելու պահին ապագա ռեժիսորին ձերբակալում են։ Ինչպես գրում է Բուրսալյանն իր «Ամորձատված սերունդ» հուշագրությունում, պատճառը եղել է ԿԳԲ-ին ծառայելու առաջարկից խուսանավելը։ Նրան բարեկամաբար խնդրել էին. «… գնամ իմ ընկերոջս մոտ, տնտղեմ նրա տրամադրությունը, գրի առնեմ ու ներկայացնեմ»։ Գնալ չէր կարող՝ դա խղճին դեմ էր։ Չգնալ չէր կարող, ստիպում էին։ Որոշում է մոլորեցնել փորձառու չեկիստներին։ Անխոհեմ այս մտադրության գինը 10-ամյա պատիժն էր, որի մի մասը Սիբիրում կրելով՝ Ստալինի մահից հետո Բուրսալյանը վերադարձավ Հայաստան, իսկ 1978-ին արտագաղթեց ԱՄՆ։
![]() |
![]() |
1946-ին Սիրիայից ներգաղթած, այժմ Գլենդելում բնակվող Մարտիրոս Վարդանյանն էլ հիշում է ավագ եղբոր հետ պատահածը, որն, իր կարծիքով՝ Խորհրդային ռեժիմի էությունը բացահայտող ցայտուն օրինակ է։ «Եղբայրս ընդունվել էր մանկավարժականի անգլիական բաժինը: 1948-ի սկզբին գալիս են, լսարանից տանում են ԿԳԲ-ի շենքը եւ ասում են՝ ո՞ւմ հետ ես ընկերություն անում, ձեր մեջ ո՞վ է դժգոհ, ո՞վ ունի հակասովետական գրականություն եւ այլն: Գիշերվա երեքին նոր թողնում են, որ գա տուն։ Էդ ամենը շատ վատ էր ազդել եղբորս վրա։ Հիվանդացավ, մոտ երեք ամիս պառկեց։ ԿԳԲ-ից գալիս էին ստուգելու՝ իրոք հիվա՞նդ է։ Կազդուրվելուց հետո, որ գնաց դասի, նորից եկան, նորից նույն բանը։ Վախից նորից հիվանդացավ, էս անգամ՝ ավելի ծանր, տան ունեցած-չունեցածը ծախելով՝ հազիվ փրկեցինք։ Լավացավ, դուրս եկավ ինստիտուտից։ Գնաց հեռավոր մի գյուղում դասատու աշխատեց»։
Միացյալ Նահանգներից 1947-ին ներգաղթած, այժմ Ֆրեզնոյում բնակվող Փոլ Անթառամյանին ԿԳԲ-ի հետ անցանկալի համագործակցությունից փրկել էր հնարամտությունը։ «Ոտքով գնում էի, մեքենան մոտեցավ։ Ասացին՝ այ տղա, արի նստի, մենք քեզ կտանենք։ Ասի՝ չէ։ Սկսեցին հորդուբորդով խոսել։ Ասի՝ ինչ անեմ-ինչ չանեմ՝ նստեցի։ Տարան կոխեցին Նալբանդյան 104 (պետանվտանգության շենքը)։ Ասեցին՝ ուզում ենք, որ դու մեզի օգնես։ Մի խոսքով, ուզում ենք տեղեկություններ որոշ մարդկանց մասին, բայց ոչ ոք չիմանա, պետական գաղտնիք ա։ Ասի՝ չպիտի կարողանամ։ Ասեցին՝ խի՞։ Ասեցի՝ նոր եմ ամուսնացել, կինս միշտ բողոքում ա, որ քնած տեղս խոսում եմ։ Հիմա չեմ էլ հիշում՝ ինչ եղավ, բայց այլեւս չեկան իմ հետեւից»։
Ասել, թե նման դեպքեր պատահել են բոլոր հայրենադարձների հետ, անշուշտ սխալ կլինի, բայց քանի որ նրանք ապրում էին փակ համայնքներով, շփվում միմյանց հետ, ազգականի, հարեւանի, ծանոթի վրա գործադրված ճնշումը դառնում էր բոլորի՝ ընդհանրական, եւ յուրաքանչյուրի՝ անձնական, դժբախտությունը։ Եւ արտագաղթելու որոշում կայացնելիս՝ ի թիվս այլ պատճառների, նրանք ենթագիտակցաբար հաշվի էին առնում նաեւ սովետական կյանքի այսօրինակ անհարմարությունները։ Իսկ ԿԳԲ-ն, ինչպես ասում են, «չէր ննջում» եւ շարունակում էր «բարեկամներ» ընտրել անգամ արտագաղթի համար արդեն ՕՎԻՐ դիմած հայրենադարձներից։
Նման մի դեպք պատմում է 1947-ին Ռումինիայից ներգաղթած, այժմ Լոս Անջելեսում բնակվող Սարգիս Մազմանյանը։ «Ինձ ՕՎԻՐ կանչեցին երեկոյան ժամը 5-ին։ Երկու հոգի կայնած էին։ Ասին՝ դու Մազմանյան Սարգի՞սն ես։ Ասեցի՝ հա։ Մտանք ներս, իջանք նկուղային հարկը։ Մեկը նստած էր, շատ խիստ դաժան դեմքով, երեսին մի հատ սպի կար։ Չներկայացավ։ Չոր-չոր ասեց՝ անուն-ազգանունդ։ Ճիշտն ասած՝ լավ վախեցա։ Ասեց՝ ինչի՞ եք ուզում գնաք։ Ի՞նչ ասեմ։ Ասի՝ ուզում եմ բախտս որոնեմ։ Ասեց՝ որ թողնենք, մեզ կօգնե՞ս։ Ինձանից անկախ՝ ոտքի ելա, ասի՝ ես դրա համար չեմ եկել»։
Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել