
Ոստիկաները ձերբակալել են հորը` 6 տարեկան երեխային թողնելով փողոցում
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երեւան-Էջմիածին մայրուղում ձերբակալել են Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանին, ում մոտ, ըստ ոստիկանության` 7 գրամ թմրանյութ է հայտնաբերվել:
Նորիկ Միրզախանյանը այդ պահին եղել է իր 6,5 տարեկան տղայի հետ: Երեխայի մայրը` Արմինեն, «Հետքին» պատմեց, որ ամուսնուն ձերբակալելուց հետո երեխան փողոցում մենակ է մնացել, եւ ժամեր անց նրան տուն են բերել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Տիկին Արմինեն ասում է, որ իրենք կատարվածի մասին տեղեկացել են երեխայից, ով միայնակ տուն է մտել, սակայն տղային տուն բերող ոստիկաններին իրենք չեն տեսել:
«Ամբողջ գիշեր երեխաս լաց է եղել, ցնցումների մեջ է եղել, գոռում էր՝ պապային տարան, պապային տարան: Ես խաբա՞ր եմ, թե ովքեր են տարել, ես իմ ամուսնուց որեւէ տվյալ կարողանու՞մ եմ իմանալ: Կրիմինալ հանցագո՞րծ է, ի՞նչ է, ես չեմ հասկանում: Փաստաբան ունենք, բայց փաստաբանին էլ ոչինչ չեն ասում: Երեխես շատ վատ վիճակում է, թե դրա պատասխանն ով պիտի տա, ես չգիտեմ»,- ասում է տիկին Արմինեն:
6,5 տարեկան տղան մորը պատմել է, որ ոստիկանները մի քանի ավտոմեքենաներով շրջապատել են իրենց ավտոմեքենան, Նորիկ Միրզախանյանին իջեցրել են ավտոմեքենայից եւ նստեցնելով ուրիշ ավտոմեքենա՝ տարել են: Տղան պատմել է, որ բոլորի մոտ էլ զենք է տեսել, ինչն ավելի է վախեցրել իրեն:
«Մեր առաջին երեխուց հետո ամուսինս արդեն 23 տարի է նույնիսկ ծխախոտ բերանը չի դրել: Ես էլ ձեզ եմ հարցնում, ասեք, թե ինչի նման բան արեցին: Իմ ամուսինը 1000 տոկոս մաքրություն ունի, անգամ ծիծաղելի է, որ իմանում են, թե ինչի համար են ձերբակալել, շատերը ծիծաղում են»,- ասում է տիկին Արմինեն:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը), իսկ նախաքննությունը վարում է ոստիկանության Արմավիրի մարզային քննչական վարչությունը:
Մեկնաբանություններ (74)
Մեկնաբանել