
1069 ձու՝ 48 երկրից. Յակով Զարգարյանի՝ նկարազարդ հավկիթների հավաքածուն
Դիանա Ղազարյան, Սարո Բաղդասարյան
92-ամյա գրող, դաշնակահար, վաստակավոր մանկավարժ և պրոֆեսոր Յակով Զարգարյանը 1963 թվականից հավաքում է նկարազարդ հավկիթներ։ Պրոֆեսորի 54 տարվա հավաքածուում արդեն կա 1069 ձու՝ 48 երկրից, 108 քաղաքից։ Փայտե, կերամիկակակն, ապակե և պողպատե հավկիթների վրա աշխատել է 927 հեղինակ՝ աշխարհի տարբեր մայրցամաքներից։
Դաշնակահարը պատվիրում է փայտյա կամ այլ նյութից պատրաստված հավկիթներ, ապա դրանք կամ անձամբ, կամ ծանոթների միջոցով հանձնում նկարիչներին, որպեսզի նկարզարդեն դրանք։ Լինում են դեպքեր, երբ արտերկրից ցուցահանդեսներով Հայաստան ժամանած նկարիչներին է մոտենում, հանձնում մի հավկիթ՝ խնդրելով այն նկարազարդել և հետ ուղարկել։ Եղել է դեպք, որ հավկիթ է հանձնել նկարչի և նկարզարդ տարբերակը հետ ստացել 36 տարի անց։
Երաժիշտը նկազարդ հավկիթների իր այս հավաքածուն համարում է պատահականության արդյունք.1963 թվականին՝ Սուրբ Զատիկի օրերին, շքամուտքում հանդիպել է հարևանի երեխային, ում ձեռքին եղել է նկարզարդ ձու։ Ձվի գույները ջրի պատճառով խառնված են եղել։ Զարգարյանը տպավորվել է այդ գույների խառնուրդից ստացված պատկերով և խնդրել երեխային իրեն տալ այդ ձուն, սակայն երեխան մերժել է։
Ամիսներ անց պրոֆեսորի որդուց մանկապարտեզում նկարազարդ ձու են ուզել։ Այդ օրը՝ փայտագործի մոտից դուրս գալուց ժամեր անց, Զարգարյանը Սարյանի տուն-թանգարանում պատահաբար հանդիպել է Մարտիրոս Սարյանին և, մեկնելով վարպետից վերցրած փայտա ձվերից մեկը, խնդրել է նկարզարդել։ Ձեռքին եղած երկու ձվերն էլ տվել է այնտեղ կանգնած այլ նկարիչների, և այսպես սկսվել է հավաքվել Յակով Զարգարյանի նկարզարդ հավկիթների հավաքածուն։
Զարգարյանի հավաքածուում կան Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Լևոն Կոջոյանի, Մարտին Պետրոսյանի, Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) և այլ հայտնի նկարիչների նկարազարդած հավկիթները։ Հավաքածուի առաջին հավկիթը Սարյանն է նկարազարդել։
10 հավկիթ էլ Յակով Զարգարյանն է նկարզարդել։ Դրանցից մեկը նվիրել է զոհված զինծառայող ընկերների հիշատակին։
Զարգարյանի բնակարանը լիքն է նկարներով, ձեռքի աշխատանքներով և փոքր քանդակներով։ Ասում է՝ չնայած երաժիշտ է, բայց ավելի շատ նկարիչ ընկերներ ունի և նրանց հետ ավելի շատ է հանդիպում։
Բնակարանի հյուրասենյակի և առանձնասենյակի չորս պատերից երեքին արդեն ամրացրել է ապակե դարակներ հավկիթները ցուցադրելու համար։ Կան դարակներ, որոնց վրա մի քանի շարք է դրել, որպեսզի ոչ մի հավկիթ ցուցադրությունից դուրս չմնա։
Հիմա էլ հետ ստանալու 50 նկարազարդ հավկիթ ունի։ Ասում է՝ դրանով կամփոփի իր հավաքածուն, քանի որ արդեն դնելու տեղ չկա։
Մեկնաբանել