
Կուրսանտի սպանության գործով առանցքային վկան մեկնել է արտագնա աշխատանքի
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով առանցքային վկա Սամվել Սերոբյանը 2017-ի փետրվարին զորացրվել, ապա մեկնել է արտագնա աշխատանքի: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս բովանդակությամբ գրություններ է ստացել Սերոբյանից ու վերջինիս հորից:
Սամվել Սերոբյանը սպանված Հայկազ Բարսեղյանի սենյակում էր քնում: Նախաքննության ընթացքում գործով ամբաստանյալների դեմ ցուցմունքներ է տվել:
Այս դատավարության ընթացքում մեկ անգամ, երբ Սերոբյանը դեռևս ծառայության մեջ էր գտնվում, և նրան դատարան ներկայացնելու պատասխանատվությունը զորամասի հրամանատարության վրա էր դրված, վկան ներկայացել էր դատարան, սակայն ցուցմունք չէր տվել. վերջինս իրեն վատ էր զգացել, հայտնել էր, որ ի վիճակի չէ հարցերին պատասխանել, որից հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց:
Այսօրվա դատական նիստին դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ մայիսի 6-ին Սերոբյանի կողմից ստացված գրությամբ, որում վկան հայտնում է իր արտագնա աշխատանքի մեկնելու մասին, Սերոբյանը խնդրել է նաև հիմք ընդունել իր՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Մայիսի 12-ին դատարանը մեկ այլ գրություն էլ ստացել է Սերոբյանի հորից՝ Հարություն Սերոբյանից: Վերջինս հայտնել է, որ որդին, իրենց սոցիալական վիճակով պայմանավորված, մեկնել է արտագնա աշխատանքի, և իրենք դատարանից ուղարկված գրությունները ստանում են, բայց հնարավոր չէ, որ Սամվել Սերոբյանը ներկայանա դատարան:
Գործով մեղադրող դատախազ Կարեն Հարությունյանը, ինչպես նաև դատավարության մյուս կողմերն առաջարկեցին, որպեսզի դատարանն իր իրավասության շրջանակներում ճշտի` արդյոք Սերոբյանն իսկապես լքել է Հայաստանի սահմանները, որից հետո միայն անդրադառնալ նրա հարցաքննությանը:
«Հետք»-ի հետ զրույցում ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը կարծիք հայտնեց, որ եթե որևէ կերպ չապահովվի Սերոբյանի`դատարանում ցուցմունք տալը, ապա դա կարող է բացասական հետևանքներ ունենալ գործի համար:
Ըստ Նադիրյանի`Սամվել Սերոբյանն այս գործով առանցքային այն վկաներից է, ով նախաքննության ընթացքում բազմաթիվ հակասություններով ցուցմունքներ է տվել, ու իրենք`ամբաստանյալների պաշտպանները, բազմաթիվ հարցեր ունեն նրան տալու:
«Ես պատահականություն չեմ համարում հանգամանքը, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ` իր հարցաքննության ընթացքում, Սերոբյանը, այսպես ասած, վատացավ, հետագայում այդպես էլ չներկայացվեց դատարան, ապա զորացրվեց, ու հիմա էլ, փաստորեն, դիմում ենք ստանում, որ նա մեկնել է կամ ցանկանում է մեկնել Հայաստանից»,- ասաց Նադիրյանն ու վստահեցրեց, որ իրենք`ամբաստանյալների պաշտպանները, օրենքի շրջանակներում ամեն ինչ անելու են, որպեսզի ապահովվի Սամվել Սերոբյանի ներկայությունը դատարանում:
Նադիրյանը հիշեցրեց, որ վկան, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, իրավունք չունի բնակության վայրը փոխելու, ու նշեց, որ եթե հաստատվի, որ Սերոբյանը լքել է Հայաստանն ապա, ստացվում է, որ նա խախտել է կարգը:
Նադիրյանի խոսքով՝ օրենքը այլ երկրում գտնվող անձին դատարան կանչելու հնարավորություն տալիս է, սակայն դա կախված է նաև այն հանգամանքից, թե որ երկրում է գտնվում տվյալ անձը, արդյոք այդ երկրի հետ Հայաստանը իրավական փոխօգնության պայմանագիր ունի, թե՝ ոչ:
Նշենք, որ վկայի ներկայությունը դատարանում որևէ կերպ ապահովելու անհնարինության դեպքում հրապարակվում են նրա`նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ Սամվել Սերոբյանն այս գործով առանցքային վկա է, ով ամբաստանյալների դեմ ցուցմունքներ է տվել, և պաշտպանական կողմը, փաստորեն, միայն նրա նախաքննական ցուցմունքները հրապարակվելու դեպքում, կզրկվի նրան առերես հարցեր տալու իրավունքից, հետագայում կարող է հարց բարձրացվել վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ևս շահագրգռված է, որպեսզի դատարանում ապահովվի Սամվել Սերոբյանի ներկայությունը:
Այսօր դատարան չէին ներկայացվել նաև գործով մյուս վկա ու տուժող զինծառայողները:
Նրանցից չորսի վերաբերյալ դատարանը համապատասխան գրություն է ստացել, որով հրամանատարությունը հայտնել է, որ զինվորները զորավարժությունների են մասնակցում, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 18-ը:
Այսօրվա դատական նիստը դարձյալ հետաձգվեց: Դատարանը քայլեր կձեռնարկի հաջորդ դատական նիստին հնարավոր վկաների ներկայությունը դատարանում ապահովելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ 2015-ի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում հայտնաբերվել է կուրսանտ Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողից կախված: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, և քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին:
Մեկնաբանել