
Կիրակի օրը չկայացած Երեւան-Կիեւ չվերթի ուղեւորները հասել են Ուկրաինայի մայրաքաղաք
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով 19:25-ին, նախորդ օրվա չեղյալ հայտարարված Երեւան-Կիեւ չվերթի ուղեւորները հասել են Ուկրաինայի «Բորիսպոլ» օդանավակայան:
Կիրակի օրը նախատեսված (առավոտյան ժամը 08:00-ին) չվերթը չի կայացել, քանի որ Կիեւ-Երեւան թռիչքի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Երեւանում վատ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռն ուղարկվել է սպասման օդանավակայան՝ Թբիլիսի:
Տեղի չունեցած վայրէջքից հետո՝ կիրակի առավոտյան, օդանավը երկրորդ անգամ է փորձել վայրէջք կատարել Երեւանում, սակայն վատ տեսանելիության պատճառով կրկին չի կարողացել իջնել:
Ժամը 19:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանում սպասող ուղեւորներին ընկերությունն ապահովել է երկանգամյա սնունդով: Ուշ գիշերին, երբ վերջնական որոշում կայացվեց չվերթը երկուշաբթի տեղափոխելու, այն ուղեւորները, ովքեր գիշերակացի խնդիր ունեին, տեղափոխվել են քաղաքի հյուրանոցներ:
Երկուշաբթի օրը Կիեւից Երեւան է ուղարկվել օդանավ՝ ավելի մեծ հզորությամբ, որն էլ թե կիրակի (չեղյալ համարված) եւ թե երկուշաբթի (պլանավորված) օրերի չվերթների ուղեւորներին հասցրել է Ուկրաինայի մայրաքաղաք:
«Աերոսվիտ» ավիաընկերությունը ներողություն է հայցում ուղեւորներից պատճառված անհարմարության համար:
Ցավոք, Կիեւ-Երեւան 11.12.2011 թ. թռիչքի՝ Թբիլիսիում մնալու, հետաձգվելու կամ չեղյալ համարվելու մասին դժվարացել ենք տեղեկատվություն տրամադրել «Զվարթնոցում» սպասող ուղեւորներին: Ավիաընկերությունը հավելյալ կպարզի օդանավի՝ Թբիլիսիում երկարատեւ կայանման պատճառները:
«Աերոսվիտ» ընկերություն
Մեկնաբանել