
Ամուլսարից ոգեշնչված՝ բրիտանական Orogen–ի հավակնությունները Մուցքի ոսկու հանքավայրի նկատմամբ կրկնապատկվել են
Բրիտանական «Օրոգեն» հասարակական սահմանափակ ընկերության (Orogen PLC) հետաքրքրությունները Մուցքի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նկատմամբ կրկնապատկվել են՝ այնտեղ հայտնաբերված ոսկու կրկնապատիկ պաշարներին զուգահեռ:
Orogen–ի նախկի գործադիր տնօրեն Քոլին Բըրդը (Colin Bird)-ը, համեմատելով Մուցքի հանքավայրը Ամուլսարի հանքավայրի հաջողված նախագծի հետ, նշել է, որ մտադիր են ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանում:
Այսպիսով, եթե Orogen-ը որոնողահետախուզական աշխատանքների ընթացքում ներդներ 2,5 մլն դոլար, ապա նրան կանցներ հետախուզման լիցենզիան ձեռք բերած ընկերության՝ «Գեոռեյդ» ՓԲԸ-ի 80 տոկոս բաժնեմասը: Համաձայն գործադիր տնօրենի հայտարարության` այդ գումարներն արդեն ծախսվել են, և Orogen-ը դարձել է հայաստանյան ընկերության 80 տոկոսի բաժնետերը:
Orogen-ը ավելի վաղ հուշագիր էր ստորագրել հայկական «Գեոռեյդ» ՓԲԸ-ի հետ, որին պատկանում էր Մուցքի ոսկու հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան:
«Գեոռեյդ» ՓԲԸ-ն Հայաստանում գրանցվել է 2009-ին: Քանի որ այն փակ բաժնետիրական ընկերություն է, հանրությանը բաժնետերերի մասին ինֆորմացիան հասանելի չէ, և մնացյալ 20 տոկոսի բաժնետերը հայտնի չէ: Մինչև 2016թ. դեկտեմբեր հայաստանյան ընկերության տնօրենը եղել է ՌԴ քաղաքացի Հովսեփ Հովասափյանը, որին փոխարինել և մինչ այժմ շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի Արմեն Էդուարդի Սաֆարյանը:
Արդեն արված հետախուզական աշխատանքների շնորհիվ հետաքրքիր թվեր են հրապարակվում. 1 տոննա հանքաքարում 0,79 գրամ ոսկու պարունակություն 6 մետր խորության պայմաններում և տոննայում 3,68 գրամ՝ 17,3 մետր խորությունում:
«Ամուլսարի հետ հարևանությունն օգնում է նույն համատեքստում դիտարկել մեր նախագիծը, չնայած Մուցքը կարող է այլ «կենդանի» դառնալ: Մեր արդյունքները, եթե այլ հանգամանքներ չլինեն, փոքր-ինչ ավելի լավն են»,- ասել էր նախկին գործադիր տնօրեն Բըրդը, ով այս տարվա ապրիլի 7-ին ազատվել է պաշտոնից:
Լոնդոնում գրանցված Orogen-ը հանքավայրերի շահագործման փորձ չունի: Ինչպես տեղեկանում ենք ընկերության ֆինանսական հաշվետվությունից, ամենամեծ նախագիծը լինելու է հենց Մուցքի ոսկու հանքավայրը: 2016-ին ընկերությունը նաև ԱՄՆ-ի Նևադա նահանգում ոսկի և արծաթ որոնելու պայմանագիր է ստորագրել:
Մուցքի բազմամետաղի հանքերևակումը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Մուցք գյուղից 3,5 կմ հարավ-արևելք, Շաղատ գետի վտակ Բեզիմյաննայա գետակի աջ ափին: Տարածքը, ըստ տեղաբնակների, կոչվում է Մադան և Ամպոտ: Հանքերևակումը գտնվում է Սիսիան քաղաքից 28 կմ հեռավորության վրա: Որոնողագնահատողական աշխատանքների տարածքը կազմում է 600 հա:
«Գեոռեյդ» ՓԲԸ-ն բնապահպանության նախարարություն է ներկայացրել Մուցքի հանքերևակման շրջանում 2017-2019թթ. ընթացքում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Ըստ դրա՝ իրականացվելու են որոնողագնահատողական աշխատանքներ Մուցքի ոսկի-բազմամետաղային երևակման տարածքում, գնահատվելու են օգտակար հանածոների պաշարները:
Հանրային երկրորդ քննարկումը տեղի է ունենալու մայիսի 12-ին Մուցք համայնքում:
Մեկնաբանել