
Մհեր Վարդանյան. «Սահմանամերձ Ջիլիզայի պատմական անցյալը աշխարհին կներկայացնենք զբոսաշրջիկների միջոցով»
«Անառիկ կրաշեն դղյակ է մի բլրակի գլխին՝ կառուցված մեծամեծ քարաբեկորներով: Ըստ Վարդան Մեծի (Վարդան Արևելցի)` այն կառուցել է Հայոց Բազ նահապետը: Այդ դղյակը բազմիցս անառիկ է մնացել պարսից կատաղի հարձակումների ժամանակ և մեծաթիվ քրիստոնյաների կյանքեր է փրկել: Սա պահել է իր գեղեցիկ անունը՝ հավերժորեն պատմելով իր հիմնադրի մասին»:
Սարգիս Արքեպիսկոպոս Ջալալյանց
«Ադրբեջանի հետ մեր կռվից հետո հայ-վրացական սահմանի Ջիլիզայի հատվածում ճանապարհները փակվեցին: Ժողովուրդը մեր եկեղեցիներ ու ամրոց մեկ-մեկ է գնում: Դեպի Բազաբերդի կամ ինչպես ընդունված է ասել` Չախալաբերդի ամրոց, ինչպես տեսնում եք, ճանապարհ էլ չկա, փակվել է լրիվ»,-ամրոց բարձրանալիս պատմեց ջիլիզացի Անուշավան Հալիվորյանը:
Անուշավանն արդեն 7 տարի է հսկում է Ջիլիզայի պատմամշակութային հուշարձանները՝ 9-10-րդ դարերի կառույց Բազաբերդ-Չախալաբերդի ամրոցը, Ջիլիզայից 70մ հեռու գտնվող, բայց հարևան Վրաստանի կողմում հայտնված պատմական Խորակերտի ու Հայաստանի սահմանային գոտում գտնվող գեղատեսիլ Խուճապի վանքերը, Վերին Վելադ և Աղեգ գյուղատեղերի մի քանի եկեղեցիներն ու խաչքարերը: Հուշարձաններն Անուշավանը հսկում եմ մեր սահմանապահների օգնությամբ: «Անցագիր ունեմ, բայց հուշարձաններ այցելելու ժամանակ մեր սահմանապահները պետք է հետս լինեն: Վրացական կողմում Խորակերտի պահով կարող եմ ասել, որ այնտեղ կան հայ բարեկամներ, որոնք մեզ տեղեկացնում են եկեղեցու անցուդարձը: Բացի այդ, ես եկեղեցուն հետևում եմ սահմանի մեր կողմից: Եթե վանքի տարածքում նկատում եմ անսովոր անցուդարձ, տեղյակ եմ պահում ղեկավարությանը»,-պատմեց ուղեկիցս:
Անուշավանը զարմանում է, որ հայ Խոռ նահապետի անունը կրող Խորակերտի վանքը հայտնվել է վրացական կողմում: Ջիլիզայի սահմանապահ ուղեկալում մեզ բացառության կարգով թույլատրեցին այցելել միայն Բազաբերդ-Չախալաբերդ ամրոց: Ասացին, թե Խորակերտի, Խուճապի վանքեր և մյուս պատմամշակութային հուշարձաններ այցելելու համար Երևանի սահմանապահ զորքերի հրամանատարի թույլտվությունը պետք է ունենալ: Ջիլիզայից 2,5 կմ հեռավորության վրա գտնվող Բազաբերդ-Չախալաբերդ ամրոցի զառիվեր անտառային ճանապարհն անցնում էր մացառուտների միջով: Դեպի ամրոց տանող որևէ արահետ չկար: Անուշավանը էտող մկրատով մացառուտներից իմ առաջ բացում էր դեպի ամրոց գնացող դժվարանցանելի վերելքը: Օրն արևոտ էր: Շոգից ու անտառում սփռված մանուշակների բուրմունքից արբեցած, մի կերպ հաղթահարելով վերելքը՝ հայտնվեցի ամրոցի պարիսպների մոտ: Պարսպի ներսում աչքիս զարնեցին մի քանի քանդված տնատեղիներ: Կիսաքանդ պարիսպներից հետո մեր առաջ փռվեց վրացահպատակ հայկական գյուղեր գնացող վրացական մայրուղին, ապա` լեռնալանջերին փռված, նախկինում հունական Օփրետ և հայաբնակ Խոխմել գյուղերը:
«Ջիլիզայի պատմական անցյալը պատված է խոր լռության քողով: Նրա մասին լռում են ինչպես հայ, այնպես էլ օտար մատենագիրները, մինչև իսկ դիվանական վավերագրերը: Սակայն, եթե գրավոր աղբյուրները քար լռություն են պահպանում, ապա պատմական անցյալը վեր հանելու գործում բավականաչափ առատ նյութ են մատակարարում գյուղում և գյուղամերձ հնավայրերում պահպանված նյութական մշակույթի պատմական տարաբնույթ հուշարձանները»,- «Ջիլիզայի պատմական հուշարձանները» գրքում գրում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Մհեր Վարդանյանը սահմանամերձ Ջիլիզայի զարգացման 5-ամյա ծրագրում որոշել է առաջնահերթությունը տալ տուրիզմի զարգացմանը՝ Ջիլիզայի պատմական անցյալը աշխարհին ներկայացնելու նպատակով։
«Մեր գյուղի ամբողջ տարածքը և շրջակայքը գյուղատեղեր, մատուռներ են, որոնք որպես պատմամշակութային արժեքներ շատ կարևոր են: Մեր Բազաբերդ-Չախալաբերդ ամրոցը կապ ունի նաև «Տորք Անգեղ» ավանդության հետ: Ունենք նաև Աղեգի և Վերին Վելադ հայտնի գյուղատեղիները, հիմնականում Խորակերտի եկեղեցին եմ արժևորում՝զուտ հայկական եկեղեցի է՝ եզակի գմբեթով: Շատ երկրներից զբոսաշրջիկներ հաճախակի են լինում Խորակերտում: Կարող ենք զբոսաշրջիկներին մեր ժողովրդի պատմական անցյալից շատ հարուստ տեղեկություններ հաղորդել»,-ասաց Մհերը:
Նա համոզված է, որ Ջիլիզայում տուրիզմի զարգացումը լայն հեռանկար կբացի նաև հայ-վրացական տնտեսական շփումների համար: Գյուղապետն ակնկալում է, որ սահմանը բացելու դեպքում Վրաստանից նույնպես կարող են զբոսաշրջիկներ այցելել Ջիլիզա:
Հայոց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Ծատինյանի խոսքով` Ջիլիզայի գյուղամիջյան Սուրբ Սարգիս եկեղեցին նախկինում հազարաշեն եկեղեցի է եղել` մկրտության ավազանով, առանձին մեծ ու գեղեցիկ գմբեթով, զանգակատնով: 1930-ական թվականներին կոմունիստները պայթեցրել են այն: «Դժբախտաբար, մինչև հիմա հնարավորություն չենք ունեցել մեր եկեղեցու մնացած հատվածը վերանորոգել: Ինձ թվում է` վերանորոգումից հետո Ջիլիզայի հաջողությունները կվերսկսվեն»,-ասում է Սուսաննան:
Ջիլիզան գտնվում է Ալավերդուց 30կմ հեռավորության վրա: Ճանապարհի երկու կողմերը անտառածածկ են: Գյուղապետն ասում է, որ տրանսպորտային միջոցներով թերբեռնված ճանապարհը կարող է զբոսաշրջիկների համար ծառայել որպես ձիավարության վայր: Մհեր Վարդանյանը գյուղի զարգացման 5-ամյա (2017-2021թթ.) ծրագրում զբոսաշրջության զարգացման նպատակով նախատեսել է վերանորոգել և բարեկարգել Ջիլիզայի պատմաճարտարապետական հուշարձանների շրջակայքը, բարելավել փողոցային լուսավորությունը, իրականացնել Ջիլիզա-Ալավերդի 30կմ երկարությամբ ճանապարհի, գյուղի խմելու ջրագծերի վերանորոգումը և 100 տոկոսով ավելացնել գյուղի խմելու ջրի քանակը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մեզ հետ զրույցում հայ-վրացական սահմանի Ջիլիզայի հատվածի սահմանագծումը հեշտ գործ չհամարեց: Ակնհայտ է, որ հարևան վրացիները չեն ցանկանում հայկական կողմին հանձնել Խորակերտի վանքը: «Մենք հնարավորություն կունենանք Ջիլիզան մտցնել տուրիզմի զարգացման միջտարածաշրջանային ծրագրերի մեջ, այդ դեպքում զբոսաշրջիկները կարող են Ջիլիզայի պատմամշակութային արժեքներին ծանոթանալ հայկական և վրացական կողմերից»,-բացատրեց մարզպետը:
Մհեր Վարդանյանը մարտի 19-ին Ալավերդի այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրել է Ջիլիզայի սահմանային իրավիճակը: Գյուղապետը Ջիլիզայի սահմանագծի խնդրի մասին մի քանի անգամ գրավոր հայտնել է նախագահ ՍերԺ Սարգսյանին: Վարչապետ Կարեն Կարապետյանից դեռ պատասխան չկա: «Մեր տեղեկություններով` նախագահը հանձնարարել է ուսումնասիրել խնդիրը: Այսօր դեռ պաշտոնական պատասխան չունենք նաև նախագահից»,- ասաց Մհեր Վարդանյանը:
Մեկնաբանել