
1988թ-ի երկրաշարժից անօթևան մնացած մոտ 100 ընտանիք բնակարան կստանա
1988թ-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար պետական բյուջեից այս տարվա համար հատկացվելու է 560 միլիոն դրամ։ Այս որոշման նախագիծը գործադիրի այսօրվա նիստին ներկայացրել էր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
2017 թվականի պետական բյուջեով հատկացված 560 մլն դրամի հաշվին նախատեսված է լուծել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մոտ 100 ընտանիքի բնակարանային հարցը։ Այդ 100 բնակարանները կտրամադրվեն Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում, դրանցից 90 հատը՝ Գյումրիում։
Ինչպես նշվում է որոշման նախագծում՝ 2008-2016 թվականների ընթացքում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող ծրագրի շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, սակայն լուծվել է նրանցից 4728-ի բնակարանային խնդիրը։ Դրա համար ծախսվել է մոտ 64 մլրդ դրամ, մինչդեռ դեռևս բնակարանային պայմանները չբարելաված 653 ընտանիքի բնակարանային խնդիր մնացել է չլուծված։
100 բնակարանների տրամադրումից հետո այս երեք մարզերում չլուծված կմնա 553 ընտանիքի բնակարանային հարց, որի համար, համաձայն կառավարության հաշվարկների, կպահանջվի մոտ 4 մլրդ դրամ:
Ինչպես նշվում է նախագծում՝ Գյումրու մոտ 90 ընտանիքի բնակարանի գնման վկայագրերի տրամադրմամբ կավարտվի այդ քաղաքում անօթևանների բնակարանային պայմանների ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարումը:
Սրանից կարելի է ենթադրել, որ այս տարի Գյումրում երկարաշարժի հետևանքով անօթևան մնացած որևէ ընտանիք չի մնա։
Այս հատկացման շրջանակներում մեկ բնակարան էլ կտրամադրվի Սպիտակ քաղաքի բնակիչներից մեկին։ Շիրակի և Լոռու մարզերի գյուղական բնակավայրերում բնակապահովման իրավունքը 2016 թվականին դատական կարգով վերականգնած 3 ընտանիքներ էլ կստանան ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրը 3 մլն դրամի չափով:
Մեկնաբանել