
Սկսվել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների 2-րդ փուլը
Եկեղեցու վերականգնման աշխատանքերի 1-ին փուլում, որը տևել է 2012-2014թթ-ը, մոսկվաբնակ հանրահայտ բարերար Մովսես Ձավարյանի կողմից ներդրվել 320 մլն դրամ, որից ծախսվել է 270 մլն-ը: Գլխավոր վերականգնող Լևիկ Ղուկասյանի խոսքով` 2-րդ փուլում եկեղեցում Մ. Ձավարյանի բարեգործությամբ կկատարվեն ևս 63 մլն դրամի վերականգնման աշխատանքեր:
Վերականգնման նախատեսված աշխատանքերի մասին «Հետքի» հարցերին պատասխանում է «ԼևԳուգ» ՓԲԸ-ի տնօրեն Լևիկ Ղուկասյանը:
- Ինչո՞ւ 2014թ.-ին ընդհատվեց Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքերը:
- Եկեղեցու ծրագրի մասին մենք հաճախ ենք Ձեզ հետ նախկինում խոսել: Վերականգնման համար 2012թ.-ին պայմանագիր է կնքվել՝ Օձունի եկեղեցու մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքերի համար: Դրանք արվել են մինչև մի նիշ, որը ինչ-ինչ պատճառներով, դե լինում է էլի աշխատանքում, ինչ-որ բաներ եղան, վերականգնման աշխատանքերն ընդհատվեցին: Այդ ընդհատումը 2014թ.-ից տևեց մինչև 2017թ.-ը: Բարերարը միշտ շահագրգիռ էր, որ ավարտին հասցնի եկեղեցու վերականգնման աշխատանքերը: Իրեն էլ եմ հասկանում, որովհետև աշխատանքների մեծ բաժինն արել էր, աշխատանքի փոքր մասն էր մնացել: Բոլոր դեպքերում, թե ինչու ընդհատվեց աշխատանքերը, ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել:
- Վերականգնման ի՞նչ աշխատանքեր են նախատեսված 2-րդ փուլում:
- Այս փուլում ավարտելու ենք եկեղեցու հյուսիսային սրահի վերականգնումը: Հյուսիսային սրահի վերականգնման աշխատանքներ նախատեսված են եղել նաև սովետական ժամանակաշրջանում՝ 1992թ.-ին: Երկիրը քանդվեց, ծրագիրը կիսատ մնաց: Այն ժամանակ հյուսիսային սրահը քանդել են, քարերն էլ համարակալել են: Հիմա քարերի կեսը կա, կեսը չկան: Անցել է 25-30 տարի, բնական է, քարեր կան, որ պառկած տեղը արդեն մահացել են: Հիմա պետք է դա վերականգնենք, պատերի գլուխը պետք է փակենք: Դրանց համար ունենք մինչև թաղատակ նիշը սրահների մասնակի վերականգնման նախագիծ: Նախկին փուլում դրանք մտած էին ծրագրի մեջ, որը չի կատարվել: Ծրագրում նախատեսված չէ սրահների ծածկելը, դրանք բաց են մնալու: Սրահները ծածկելու խնդիրն ի սկզբանե դրված չի եղել, ծրագրի նախագծման և եկեղեցու վերանորոգման փուլերում 5-6 գիտամեթոդական խորհուրդներ սրահների ծածկերի մասով ընդհանուր հայտարարի չեն եկել:
- Որքան գիտեմ, եկեղեցու վերականգնման 1-ին փուլում չի լուծվել եկեղեցու ջրահեռացման խնդիրը:
- Անցյալ տարի ջրահեռացման նոր նախագիծ է արվել: 2014թ.-ին հատակների սալարկման նախագիծ ունեինք, բայց հատակների սալարկումից հետո, թե ջուրը ուր էր գնալու, նախագիծ չկար: Այդ դեպքում ջուրը կհավաքվեր, ավելի շատ խոնավություն կտար եկեղեցուն: Հիմա մշակույթի նախարարությունը իր միջոցներով նախագիծ է արել, որը կտրամադրեն բարերարին, բարերարն էլ որպես պատվիրատու նախագիծը կտա մեզ: Էլի սալարկում է լինելու, պարզապես թաքնված ջրաընդունիչ հանգույցներ կլինեն, որոնք ջուրը կհեռացնեն սրահներից դուրս: Պետք է ավարտին հասցնենք բացվածքներում պատուհանների տեղադրումը: Նախագծին ավելացվել է միայն եկեղեցու ներսի պատուհանագոգերի տեղադրումը՝ որոնք սեղանաձև կտրվող քարեր են: Եկեղեցու ներսում ևս աշխատանքեր կան կատարելու: Սովետական ժամանակաշրջանում, երբ եկեղեցին որպես պահեստ են օգտագործել, ցեմենտով կարանախցում են արել: Դրանք պետք է մաքրենք: Մենք ժամանակակից կրով կարանախցում կանենք: Ներսի կողմից որոշակի հատվածներ կան, որտեղ 1-ին փուլում աշխատանքերը կիսատ մնաց: Նախագծով այդ աշխատանքերը կար, բայց ոչ ոք չի կարող հաշվել դրանց կատարողական գինը: Դա թաքնված է, չես տեսնում: Այդ իսկ պատճառով պատվիրատուի հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ ելնելով աշխատանքերի թաքնված լինելու ծավալներից, պայմանագիրը կնքել է միավոր գնի համար:
- Ինչքա՞ն գումար է 2-րդ փուլին ներդրվելու եկեղեցու վերանորոգման համար:
- Ես կարող եմ ասել մոտավոր թվեր, դրանք հստակ չեն, բայց պայմանագիրը կազմված է 63,5 մլն դրամի աշխատանքների համար: Սկզբնական պայմանագիրը եղել է 320 մլն դրամ, բայց քանի որ աշխատանքների ընթացքում մենք կարողացանք ծրագիրը դարձնել բարեգործական, այսինքն ազատվեցինք ավելացված արժեքի հարկից, բարերարը ոչ թե տնտեսեց էդ մնացորդ գումարը, այլ դրեց վերականգնման աշխատանքերի մեջ: Էն աշխատանքերը, որոնք թմբուկի ամրակայման վրա նախատեսված չէր պայմանագրով դրանք վճարվեց: Այսինքն էն ժամանակ զուտ վերականգնման աշխատանքերի վրա ծախսվեցին 270 մլն դրամ: Այս վերջին գումարն էլ, որ գումարում ենք 333 մլն դրամի վերականգնման աշխատանքեր են կատարել եկեղեցու վրա:
- Ե՞րբ են սկսվելու 2-րդ փուլի վերականգնման աշխատանքերը:
- Սկիզբը էսենց ա, որ ասեմ էսօր սկսել ենք, դեռևս՝ չէ: Հիմա տեսաք, հողերի մեջ ենք, էս քանդված վիճակը պետք է բերենք աշխատանքային տեսքի: Հիմա 6 սյուներ ունենք, էդ 6 սյուների հիմքերը պետք է ստեղծենք, որովհետև սովետի ժամանակ էդ սյուները հենց այնպես դրել են: Դրանք պահպանված են, բայց ենթակա չեն իրենց վրա կամար կրելու: Հիմա այդ աշխատանքները կանենք: Նոր այստեղ էին մեր գործընկերները, ովքեր քար պետք է մատակարարեն եկեղեցու վերանորոգման համար: Ծաթերի քարն եք տեղադրելու: Այսօր նախկին պայմանագրից բավականին քար ունենք: Այսինքն աշխատանքը տեղից շարժելու հնարավորություն ունենք: Ապրիլի 4-ին ես աշխատանքների ստարտ եմ տվել: Ոնց որ աշխատանքերը նորից զերոյից սկսես՝ նորից վագոն, կռան ենք բերում: Նախատեսել էինք հոկտեմբերի 20-ին ավարտել աշխատանքերը, բայց բարերարի խնդրանքով ժամկետը սեղմեցինք մինչև հոկտեմբերի 5-ը: Հուսով եմ, որ մենք աշխատանքները կավարտենք մեր գրաֆիկով: Կունենանք ավելի բարեկարգ սրահներ:
- Եկեղեցու վերականգնման աշխատանքների հետ կապված, կարծես Ձեր դեմ եղան նաև «հարձակումներ»:
- Մի հատ խոսք կա էլի, ասում են` ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում: Դե աշխատանք է, մեկին դուր է գալիս, մեկին դուր չի գալիս: Էս պահին ինձ համար կարևորն էն չի, որ ինձ կքննադատեն, կամ չեն քննադատի: Ինձ համար շատ կարևոր է, որ կատարված աշխատանքը լավ լինի: Որովհետև երբ ծախսվում է դրամական միջոցներ, մարդկային ներուժ, մարդը իր սեփական միջոցներից գումարներ է ներդնում, ես էլ վարպետին վճարում եմ, շատ վատ կլինի, որ էդ ամեն ինչը անտեղի ծախսվի: Այսինքն, դու ոնց որ քեզ դավաճանես: Հուսով եմ, մենք այդպիսի խնդիր չենք ունենա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել