
Կառավարությունը քննարկում է Դիտակի մանկապարտեզին 4 միլիոն դրամ հատկացնելու հարցը
Դիտակի մանկապարտեզի վերագործարկման համար 4 միլիոն դրամ համաֆինանսավորում տրամադրելու հարցը կառավարությունը քննարկում է։
Այս մասին մեր գրությանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից։
Այն դիտարկմանը, թե մանկապարտեզը փակվել է կառավարության կողմից չֆինանսավորման պատճառով, նախարարությունից պարզաբանել են, որ 2016-ին հատկացված 11 միլիոն դրամ սուբսիդավորումը նախատեսված է եղել մանկապարտեզի գույքի ձեռքբերման և աշխատողների աշխատավարձերի վճարման նպատակով։ Իսկ բարեգործական ծրագրի միջնորդ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ին և համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանին կառավարությունից նախապես տեղյակ են պահել, որ իրենց աջակցությունը մեկանգամյա է, և մանկապարտեզի հետագա շահագործման համար պետությունը որևէ պարտավորություն չունի, քանի որ մանկապարտեզը համայնքային ենթակայության կառույց է, դրա սպասարկումը համայնքի պարտավորությունն է։
Սակայն, ինչպես տեղեկանում ենք նախարարության մեզ ուղարկված գրությունից, ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը և ՀԿ-ն վարչապետին դիմումներ են ներկայացրել, որոնց հիման վրա ուսումնասիրվել է Դիտակ համայնքի ֆինանասավորման հարցը, և պարզվել է, որ 2017 թվականի համար մանկապարտեզի ծախսերը կկազմեն 12 միլիոն դրամ, իսկ ապրիլ-նոյեմբեր ամիսների համար՝ մոտ 10 միլիոն դրամ։
Նախարարությունը ուսումնասիրել է համայնքի ֆինանսական հնարավորությունները և հարցը քննարկելով համայնքի ղեկավարի հետ` եզրակացրել, որ այդ ծախսերից մոտ 6 միլիոն դրամ ֆինանսավորումը համայնքը կարող է կատարել իր բյուջեից, իսկ կառավարությունը մոտ 4 միլիոն դրամ աջակցություն է առաջարկել։ Համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանը համաձայնվել է այս առաջարկին, և այժմ կառավարության աշխատակազմում քննարկվում է 4 միլիոն դրամ համաֆինանսավորում տրամադրելու հարցը։
Տեղեկացնենք, որ Դիտակի բյուջեն 16 միլիոն դրամ է, որից 9 միլիոնը գյուղապետարանի աշխատավարձերն ու շենքի պահպանման ծախսերն են, իսկ 2,7 միլիոնը նախատեսված է սոցիալական օգնության համար:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Sourire vers l'Avenir շվեյցարական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ Դիտակ գյուղի դպրոցին կից բացվել էր ամբողջովին նոր պայմաններով մանկապարտեզ։ Մանկապարտեզի վերակառուցման համար շվեյցարական կողմը ներդրել է 77 500 ԱՄՆ դոլար, իսկ դրա գործարկման և վերազինման համար պետությունը 2016 թվականի բյուջեով հատկացրեց է 11 միլիոն դրամ։
Այդ գումարը նախատեսված էր մինչ 2016թ․ դեկտեմբերի վերջ։ Իսկ 2017 թվականի պետբյուջեով այս մանկապարտեզի շահագործման համար պետության կողմից համաֆինանսավորում չեղավ, որի պատճառով մանկապարտեզը դադարեցրեց գործել։
Մեկնաբանել