
Ոստիկանության Սևանի բաժնի պետն ու հետաքննության խմբի տեսուչը ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ «Հետքի» հրապարակման հետեւանքով
Մարտի 29-ին «Հետքը» հրապարակել էր «Իմ ըրեխանց համար ամեն աշխատանք կանեմ»,- ասում է գոմին կից հացատանն ապաստանած ընտանիքի հայրը հոդվածը, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են անապահով ընտանիքից «մաղարիչ» պահանջել անապահովության նպաստ նշանակելու համար:
Հոդվածը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածելիս խմբագիր Էդիկ Բաղդասարյանը թեգ էր արել (ակտիվ հղումով նշել էր) ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին եւ նշել, որ հոդվածը հանցագործության մասին հաղորդում է։
Եվ ահա, ապրիլի 17-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սեւանի բաժնի պետ գնդապետ Վ․Աղեկյանից էլետրոնային փոստով խմբագրությունը գրություն ստացավ, որով «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին պրն Աղեկյանը խնդրում էր տրամադրել «Մարինե Մարտիրոսյանի, Աշոտ Ահարոնյանի եւ Էդիկ Բաղդասարյանի կոնտակտային տվյալները, որպեսզի բացատրություններ վերցնեն «Հետքի» հրապարակած հոդվածի վերաբերյալ»։
Մարինե Մարտիրոսյանը հոդվածի հեղինակն է, Աշոտ Ահարոնյանը, ինչպես վերը նշեցինք, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետը, որը որեւէ առնչություն չունի հոդվածի հետ, պարզապես «Ֆեյսբուքում» նրան նշել էինք (թեգ) հոդվածը տարածելիս: Բայց ոստիկանության Սեւանի բաժնում որոշել էին «նրանից բացատրություն վերցնել»:
«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ոստիկանության Սեւանի բաժնի քննիչներին հեռախոսով տեղեկացրեց, որ գրությանը չի պատասխանելու՝ ոչ գրագետ ձեւակերպումների համար եւ այդ մասին գրառում արեց «Ֆեյսբուքում»՝ դարձյալ նշելով պրն Ահարոնյանին. «Ձեր անձնական տվյալները, իհարկե, կարող եմ տալ գնդապետ Աղեկյանին, որպեսզի բացատրություն տաք, բայց չեմ տալիս։ Իսկ ընդհանրապես իմաստ չեմ տեսնում ոստիկանության հարցմանը պատասխանել, որովհետեւ այսպիսի «մակարդակով» չի կարելի քննչական գործողություն իրականացնել»։
Այսօր պրն Ահարոնյանը տեղեկացրեց, որ ոստիկանության Սևանի բաժնի պետի ուղարկած գրության վերաբերյալ ապրիլի 19-ին արված հրապարակման կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության Սևանի բաժնի պետն ու հետաքննության խմբի տեսուչը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել