
Դատարանը մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցը՝ մատնահետքերը համադրելու վերաբերյալ
Վարչական դատարանը քիչ առաջ մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցը ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրություններին մասնակցած անձանց`հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում համադրելու և համամատական վերլուծություն կատարելու վերաբերյալ:
Դաշինքի անդամները, հիշեցնենք, կասկածի տակ են դնում ապրիլի երկուսին կայացած ընտրությունների մասնակիցների թիվն ու կարծում, որ մատնահետքերի համադրության արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե իրականում քանի՞ ընտրող է մասնակցել ընտրության:
Մատնահետքերի համադրման հարցով Դաշինքը, նախքան դատարան հայց ներկայացնելը, ԿԸՀ էր դիմել ու մերժում ստացել: Այսօր, փաստորեն, դատարանը նույնպես մերժեց քաղաքական այս ուժի պահանջը: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և վերանայման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պնդմամբ՝ մատնահետքերի համադրումը տեխնիկապես ու ֆիզիկապես անհնար է կարճ ժամանակահատվածում կատարել, մինչդեռ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի պնդմամբ` մատնահետքերի համադրությունն իրականում բարդ չէ, այլ ԿԸՀ-ն է այդպես ներկայացնում:
«Պարզապես ամեն ինչ արվեց, որպեսզի մանտահետքերը չհամադրվեն»,- վճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՕՐՕ-ի ներկայցուցիչ Հրայր Ասլանյանը: Վերջինս նշեց, որ եթե իրենց ձեռքի տակ լինեին այն բոլոր տվյալները, որոնք ԿԸՀ-ն ունի, շատ կարճ ժամանակում կապացուցեին, որ մատահետքերի համադրությունը բարդ չէ: Այունամենայիվ, ՕՐՕ-ն չի պատրաստվում դադարցնել պայքարը:
Թե ինչ քայլերի է դիմելու դաշինքը, դեռևս հայտնի չէ, դատարանում դաշինքի ներկայացուցիչներ Հրայր Ասլանյանն ու Գեղամ Նազարյանը հայտնեցին, որ այդ հարցը դեռևս կքննարկվի:
«Այսպես իրոք չի կարելի շարունակել. դուք պատկերացնո՞ւմ եք, թե այս որոշումից հետո քանի անձ է որոշելու գնալ Հայաստանից, քանիսն է ցանկանալու գնալ «Սասի Արտակի» նախընտրական հավաքի ձայնագրության հրապարակումից հետո»,- նշեց Գեղամ Նազարյանը:
Նշենք, որ դատարանում հայցի քննության ժամանակ Դաշինքի ներկայացուցիչները դատարանին ներկայացրել էին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կրկնաքվեարկությունների դեպքերի մասին, այն մասին, որ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը, ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ընտրողների ստորագրված ցուցակներն ուսումնասիրելով,բացահայտել է, որ 106 հազար ընտրող գրանցված է հասցեներում, որոնք չեն եղել 2015-ի սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:
Այս և մի շարք այլ հանգամանքների առկայությունն է, որ Դաշինքին առիթ է տվել կասկածի տակ դնել ընտրողների իրական թիվը:
Մեկնաբանել