
Ծառատունկ` նվիրված ապրիլյան զոհերի հիշատակին
Քնար Բաբայան
Այսօր Արցախի ագրարային համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ Մարտակերտի N զորամասին կից տարածքում կազմակերպվել է ծառատունկ` նվիրված անցած տարի ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին։
«Քանի որ ծառը հարատևության նշան է, այդկերպ մենք փորձեցինք մեր զորակցությունը հայտնել զոհված զինվորների ծնողներին»,-ասաց Ագրարային համալսարանի ուսանողուհի Մարիաննա Պետրոսյանը։
Նորակոչիկ Լևոն Մինասյանն ասում է, որ գիտի, թե որ շարքում է գտնվում լեյտենանտ Հայկ Գրիգորյանի հիշատակին իր տնկած ծառը։
«Ծառայությանս ընթացքում խնամելու եմ իմ տնկած ծառը։ Ուզում եմ ծնողներիս էլ ցույց տամ, երբ գան ինձ այցելության»,-ասում է Լևոնը։
Ընդհանուր առմամբ տնկվել է մոտ 130 մրգատու ծառ, որից 85 անվանական տնկիները նվիրված են ապրիլի 2-5-ի զոհված զինվորների հիշատակին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել