
20-ամյա Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Խորվաթական Սպլիտ քաղաքում քիչ առաջ մինչեւ 105 կգ քաշային ծանրորդների Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը: 2016-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիրն ու Ռիոյի արծաթե մեդալակիրը այս անգամ լավագույնն էր հարթակում:
20-ամյա Սիմոնը 184 կգ պոկելուց հետո երկու անգամ ձախողեց 190 կգ-ը, չնայած Ռիոյում պոկել էր այդ քաշը: Այդուհանդերձ, դա էլ բավարար էր փոքր ոսկե մեդալ նվաճելու համար: Հրում վարժությունում Սիմոնը երկրորդ փորձից բարձրացրեց 220 կգ-ը, ապա 10 կգ-ոց քայլ կատարեց ու կարողացավ սանձել 230 կգ-ը, ինչը 3 կգ-ով ավելի էր Ռիոյում ցույց տված նրա արդյունքից: Սա եւս լավագույն արդյունքն էր հրում ձեւում: 414 կգ-ով հայ ծանրորդը նվաճեց նաեւ մեծ ոսկե մեդալը՝ առաջին անգամ դառնալով Եվրոպայի մեծահասակների չեմպիոն:
Մեր մյուս ծանրորդը՝ նույնպես 20-ամյա Սամվել Գասպարյանը, պոկեց 165 եւ հրեց 210 կգ ու 375 կգ-ով 7-րդն էր ընդհանուր հաշվարկում:
Նշենք, որ պոկում վարժությունում փոքր արծաթ նվաճեց Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը, իսկ հրումում՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Բեժանյանը:
Մեծ ու փոքր մեդալների հաշվարկում Հայաստանն առայժմ 6-րդն է: Մեր մարզիկները նվաճել են 3-ական ոսկե ու բրոնզե եւ 1 հատ արծաթե մեդալ: Իսկ մեծ մեդալների հաշվարկում ունենք 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ:
Մեկնաբանել