
Արմեն Մարտիրոսյան. «ունենք 3 անձի կողմից ձևավորած խորհրդարան»
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Մարտիորսյանն ու դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը ապրիլի 2-ին կայացած ընտրությունից հետո այսօր հանդես եկան ասուլիսով։
Լրագրողների հետ հանդիպմանը Մարտիրոսյանը նշեց, որ այս ընտրությունը ոչ թե քաղաքական գործընթաց էր, այլ ձայների հրապարակային աճուրդ և սև քարոզչության արդյունք՝ հատկապես իրենց դաշինքի նկատմամբ։ Ասում է՝ սա իշխանությունների կողմից լավ ուղղորդված քվեարկություն էր։
«Իմ կարծիքով` այս պահին մեր խորհրդարանում ունենք 3 անձի կողմից ձևավորած խորհրդարան։ Երեք անձիք, ովքեր ձևավորել են խորհրդարանը, հետևյալն են՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան։ Այլ ուժեր, անձիք ես չեմ տեսնում, ովքեր ձևավորել են խորհրդարանը»,- նշեց նա։
Մարտիրոսյանն ասում է՝ այս պարագայում ակնհայտորեն ունենալու են հասարակական շահի պաշտպանության խնդիր և իրենք, իրենց հետ համագործակցող ուժերը «լինելու են այդ շահը պաշտպանող առաջամարտիկները»։
«Մենք դեգրադացման վերջին փուլն ենք ապրում, որովհետև սրանից հետո կամ իսկապես երկրի կործանում կլինի, կամ ժողովուրդը այնուամենայնիվ կսթափվի և կհասկանա, թե ինչ տեղի ունեցավ»,- հավելեց Մարտիրոսյանը։
Արմեն Մարտիրոսյանի խոսքը շարունակեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը։, ում դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ ընտրություններում ընդդիմությունը պարտվեց, քանի որ չկարողացավ ընտրողին համոզել, որ միասնական, հակաիշխանական այլընտրանք ունի։
««Ժառանգություն»-ը սկզբից, ապա և «ՕՐՕ» դաշինքը ամեն ինչ արեց, որպեսզի հնարավոր լինի լայն համախմբում իշխանության դեմ, որպեսզի այդ այլընտրանքը ձևավորվի և մարդիկ տեսնեն, որ իրենց քվեն կարող է իրական փոփոխությունների բերել»։
Նա այս իրավիճակում նաև ընդդմիության մեղքի բաժին է տեսնում։ Ասում է՝ ընդդիմությունը, գիտակցելով, որ իշխող կուսակցությունը պետք է ամեն գնով բռնազավթի իշխանությունը, պետք է վերլուծեր 2012 թվականի ընտրությունների փորձը, սակայն դա չարեց, և ստացավ այն, ինչ այսօր ունի։
Խուրշուդյանի խոսքով` ակնհայտ է, որ ժողովրդի այն հատվածը, որը պետք է գնար ընտրության, ընտրեր ընդդիմությանը, զգալի քանակով չգնաց քվեարկության, իսկ մի մասը մոլորության մեջ հայտնեց, մի մասն էլ՝ սոցիալական վիճակից, այլընտրանքի բացակայությունից ելնելով, տրվեց գայթակղությանը՝ ընտրակաշառք վերցնելով։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել