
24 տարի խցում փակված դատապարտյալը վերջին տարիներին ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել
«Խնդրում ու պահանջում եմ ապահովել իմ ներկայությունը դատարանում՝ անտեսելով անգամ իմ առողջական վիճակը: Առանց իմ մասնակցության նիստ չգումարել», - այս մասին Վերաքննիչ դատարանին դիմում էր ներկայացրել 19 տարեկանից 24 տարի ազատազրկման վայրում գտնվող նախկին զինվոր Վահագն Մարուքյանը:
Սակայն ցմահ դատապարտվածի ներկայությունն այսօր նշանակված վերաքննիչ բողոքի քննությանը չէր ապահովել: Նրան «Արթիկ» ՔԿՀ-ից Երևան պիտի տեղափոխեին: Ըստ նիստը նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանի, Վերաքննիչ դատարանը ներկայացրել էր Մարուքյանին էտապավորելու պահանջ: Դատավորն ասաց, որ իր տեղեկատվության համաձայն, դատապարտյալին առավոտյան պիտի տեղափոխեին Երևան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ, ապա բերեին նիստի:
Մարուքյանը դատարանում վիճարկում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը: Իսկ վիճարկման հիմքում պայմանական վաղաժամկետ ազատման՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի մերժումն է:
Դատախազը, որը չէր ներկայացել նիստին, դատարանին գրավոր հաղորդել էր, որ ծանրաբեռնվածության պատճառով չի մասնակցելու ու խնդրել էր մերժել Մարուքյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքը: Նիստը հետաձգվեց՝ դատապարտյալի ներկայությունը ապահովելու նպատակով:
Դատապարտյալին դատարանի դահլիճ են բերում աթոռին նստած
Վահագն Մարուքյանը բանտում դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ: 24 տարի գտնվում է խցային պայմաններում: Արդեն մի քանի տարի է, նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: «Բերդում էդքան տարի խոնավության մեջ մնալուց հիվանդացավ», - ասում է նրա եղբայրը՝ Հուսիկ Մարուքյանը:
Վահագն Մարուքյանն ունի ոսկրամկանային համակարգի Ռևմատոիդ արթրիտ հիվանդությունը: Այն ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում, որը հաստատված է Կառավարության 825-Ն որոշմամբ: Հիվանդությունը, սակայն, ըստ նույն ցանկի, պիտի ունենա ծանր պրոգրեսիվ ընթացք, ուղեկցվի օրգանների և համակարգերի ֆուկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով: «Ասում են՝ հիվանդությունը հլը չի քայքայել օրգանները, էդ պատճառով էլ չեն թողում: Բայց խտտելով աթոռին նստած են տանում-բերում ախբորս», - ասում է Հուսիկ Մարուքյանը, ով եղբորը տեսել է մեկ ամիս առաջ «Արթիկ» ՔԿՀ-ում, ուր նրան տեղափոխել են մի քանի ամիս առաջ: Մինչ այդ, վերջին տարիներին նա գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում»:
Թե՛ քրեական, թե՛ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված են, որ պատժի հետագա կրման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող դատապարտյալները կարող են ազատվել պատժից: ՔՕ 79 հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ: Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ ներառված են 41 անուն ծանր հիվանդություններ` իրենց բարդության տարբեր աստիճաններով, հաստատվել է դեռևս 11 տարի առաջ կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ:
«Արթիկ» ՔԿՀ-ում կայացած արտագնա նիստին Վահագն Մարուքյանին ուղեկցողները նիստերի դահլիճ էին մտցրել աթոռին նստած վիճակում, ինչը արձանագրել էր «Գալլա» հեռուստաընկերության տեսախցիկը:
«Ասում են՝ վերևից հրաման չունենք քեզ ներկայացնելու պայմանական ազատման»
Ցմահ դատապարտյալն արդեն 4-րդ տարին բարձրաձայնում է պայմանական վաղաժամկետ ազատման մասին: Անցյալ տարի նրան 4-րդ անգամ են մերժել. «Սեպտեմբերի 30-ին կանչեցին վարչական հանձնաժողով: Ասեցին՝ ոչ մի տույժ չունես, բայց մենք վերևից հրաման չունենք քեզ ներկայացնելու պայմանական ազատման»: Դատապարտյալն էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի մերժման որոշումն այս անգամ բողոքարկել է դատարանում: Առաջին ատյանում մերժում ստացել, ապա բողոքարկել Վերաքննիչ ատյան:
Բայց մինչ կբողոքարկեր այդ որոշումը, անցյալ տարվա հոկտեմբերին «Դատապարտյալների հիվանդանոցից», որտեղ և գտնվել է Վահագն Մարուքյանը վերջին տարիներին, նրան տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ, որտեղ տևական ժամանակ նա հացադուլ էր հայտարարել՝ հետ վերադարձի ու պատշաճ բուժման պահանջով: «Ինչի՞ են հիվանդ մարդուն էսքան տարի պահում բերդում, հիմի էլ՝ գաղութում,չամ հասկանում»,-ասում է նրա եղբայրը:
Ռոբերտ Ռևազյանը ներկայացնում է պատժի կրման 20 տարվա շեմը հատած մի քանի ցմահ բանտարկյալների շահերը, երբ նրանք բողոքարկում են պայմանական վաղաժամկետ ազատման՝ ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովների մերժման որոշումները: Նա նկատում է, որ մերժման հիմքերը հաճախ նույնն են՝ բնութագիր, խրախուսանքների բացակայություն․ «Բայց պետք է սկսել նրանից, թե ինչ ծրագիր է իրականացրել 20 տարի քրեակատարողական համակարգը, հարցն էլ հենց այն է, որ ուղղման անհատական ծրագրեր չկան: Բայց ամենաէականը նա է, որ էլի գալիս-հանգում ենք դատարանների անկախության խնդրին»:
Նշենք, որ Վահագն Մարուքյանը կալանավորվել է 1993 թ.-ին՝ 19 տարեկանում: 1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով դատապարտվել է մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ): Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Դատավճռի հիմքում դրվել է նաև նրա ինքնախոստովանական ցուցմունքը, որը, իր խոսքով, տվել է բռնության հետևանքով:
Դատապարտյալի լուսանկարները՝ «Գալլա» հեռուստաընկերության
Հ.Գ. Փաստաբան Ռոբերտ Ռևազյանին ապրիլի 5-ին զանգահարել են Վերաքննիչ քրեական դատարանից և տեղեկացրել, որ դատապարտյալ Վահագն Մարուքյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, ուստի դատական նիստը նշանակվել է ապրիլի 10-ին, ժամը 17:00-ին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել