
Ինչու՞ են գյուղապետարաններն աշխատում ընտրությունների օրը. բացատրությունները տարբեր են
«Հետքի» լրագրողական թիմն Ապարանի տարածաշրջանի մի շարք համայնքներում շրջելիս արձանագրել է, որ համայնքապետարաններն աշխատում են այս կիրակի օրը: Խոսքը, մասնավորապես, Ափնայի, Հարթավանի, Շենավանի ու Սարալանջի մասին է:
Ափնայի գյուղապետարանում մենք հանդիպեցինք հաշվապահ Հայկ Խալաթյանին, ով ասաց, որ եկել է անձնագիրը վերցնելու, ապա զարմացրած հարցրեց, թե լրագրողներին գյուղապետարանի բաց լինելն ինչով է խանգարում:
Ափնայի գյուղապետարանը
Հարթավանի գյուղապետարանում էլ, որն ինչպես եւ ընտրատեղամասը, տեղակայված է գյուղի ակումբի շենքում, հանդիպեցինք համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Ժիրայր Ավետիսյանին, ով հանկարծակիի եկավ մեր այցից: Նա նշեց, թե եկել է գյուղապետարան՝ տեղեկանք տալու, որպեսզի հանգուցյալին հանեն ընտարական ցուցակից:
Շենավանի գյուղապետարանում էլ շարժը բավականին ակտիվ էր: Առաջին հարկում տղամարդիկ նարդի էին խաղում: Համայնքի անկուսակցական ղեկավար Արման Փիլիպոսյանն ասաց, թե ինքը գտնվում է աշխատանքային վայրում իր գործերով, միաժամանակ խոստովանեց, որ համակրում է ՀՀԿ-ին: Մեր այցի պահին նա դիտում էր «Ծառուկյան» դաշինքի քարոզչական տեսանյութը: Գյուղապետարանի առաջատար մասնագետն էլ նշեց, թե իրենք այսօր այստեղ են, քանի որ համայնքում ջրագիծ է վթարվել:
Սարալանջի գյուղապետարանը
Սարալանջի գյուղապետարան ծառայող տնակում էլ հանդիպեցինք համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Ռոբերտ Բարսեղյանին, ով հերքեց, թե տնակը գյուղապետարան է՝ այդպես էլ չպատճառաբանելով դրա բաց լինելը:
Ավելացնենք, որ, ի տարբերություն վերը նշված համայնքների, Քուչակ գյուղի համայնքապետարանը փակ էր:
Լուս.՝ Շենավանի համայնքապետարանը (Հ. Պողոսյան)
Մեկնաբանել