
Միջազգային դիտորդ․ «Անգամ Ֆրանսիայի համեմատ բարձր մասնակցություն կա»
«Կազմակերպածությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Իսկ նման սարքեր առաջին անգամ եմ տեսնում»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդ, ֆրանսիացի Ալեն Նեղին։
Նա տարբեր երկրներում բազմաթիվ անգամ դիտորդություն է արել, սակայն Հայաստանում՝ առաջին անգամ։ Այսօր դիտորդն իր համար արձանագրել է, որ ընտրողների հոսքը մեծ է։
«Ես նկատել եմ, որ ընտրական տեղամասերի մոտ մեծ հերթեր են գրանցվում։ Հետաքրքիր է նաեւ, որ առավոտյան ժամերին ընտրողների բարձր մասնակցություն կար», - ասում է դիտորդը։
Հարցին, թե ո՞ր երկրների հետ է համեմատում` ասելով «ակտիվ մասնակցություն» կամ «մեծ հերթեր», Ալեն Նեղին պատասխանեց․ «Անգամ Ֆրանսիայի հետ»։
Հարցին՝ ըստ իրեն՝ մեծ հոսքը ինչի մասին է վկայում, դիտորդը պատասխանեց․ «Կարծում եմ, որ դա առաջին քայլն է դեպի դեմոկրատիա։ Եթե մարդիկ քվեարկում են ակտիվ, նշանակում է՝ նրանք իրենց քվեն կարեւորում են։ Սա դեմոկրատիայի համար լավ նշան է»։
Մեկնաբանել