
Ախթալայի 24/29 տեղամասում վստահված անձ Անահիտ Ղազարյանը խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքները
Ախթալայի 24/49 ընտրատեղամասում առավոտյան ընտրողների հոսքը ակտիվ չէր: Հանձնաժողովի նախագահ Անուշ Ավետյանի հաղորդմամբ տեղամասում գրանցված 1050 ընտրողներից ժամը 10:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էին 53 ընտրողներ: Ժամը 14:30 –ի դրությամբ տեղամասում քվեարկությանը մասնակցել են 386 ընտրողներ: «Ծառուկյան դաշինքի» ցուցակով Աժ պատգամավորի թեկնածու, Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանի կինը՝ մանկաբույժ Անահիտ Ղազարյանը, ով իր թեկնածու ամուսնու վստահված անձն էր, առավոտյան ժամը 9-ի սահմաններում տեղամասային հանձնաժողում գրանցվելուց հետո հանձնաժողովի անդամների աշխատանքային սեղանի մոտից վերցրեց աթոռը և այն տեղադրեց քվեախցիկի և քվեաթերթիկներ տվող հաձնաժողովի անդամի աշխատանքային սեղանի արանքում: Այդտեղից էլ նա հաղորդակցվում էր քվեախցիկ մտնող ընտրողների հետ:
Տեղամասի տարեց ընտրող Քնարիկ Գրիգորյանը առավոտյան 9:30-ի սահմաններում մոտ 15 րոպե քվեախցիկում չէր կարողանում կատարել իր ընտրությունը: Հանձնաժողովի նախագահ Անուշ Ավետյանը մինչ քվեախցիկ մտնելը Ք. Գրիգորյանին հարցրեց, թե քվեախցիկում ընտրություն կատարելու համար արդյոք չի՞ զգում օգնության կարիք: «Ես հեռուստացույցով տեսել եմ ինչպես եմ ընտրելու, կարող եմ ընտրել»,-պատասխանեց ընտրողը: Սակայն մոտ 15 րոպե քվեախցիկում մնալուց հետո Քնարիկը հանձնաժողովին հայտնեց. <Ես Սուրիկին գտել եմ, էն մեծ մարդը չկա»: Անահիտ Ղազարյանը շրջանցելով հանձնաժողովի նախագահին, իր ակնոցը փոխանցեց Քնարիկ Գրիգորյանին, ապա ընտրելու նպատակով տեղամասում գտնվող իր թիմակիցներից մեկին ցուցադրաբար հանձնարարեց. «Գնա գրանցվի և արի օգնի Քնարիկին»:
Հանձնաժողովի նախագահը սաստեց վստահված անձի պահանջը կատարող նրա թիմակցին, ապա Քնարիկ Գրիգորյանին հրահանգեց թեկնածու Սուրեն Թամազյանին ընտրած քվեաթերթիկը դնել ծրարի մեջ և մոտենալ քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին: Քվեախցիկում ընտրությունը կատարելուց հետո Ա. Ղազարյանը իր մոտ կանչեց ընտրելու նպատակով տեղամասում գտնվող իր նույն թիմակցին և նրա հետ սկսեց ինչ որ հարցեր քննարկել՝ խոչընդոտելով հանձնաժողովի աշխատանքերը:
Քիչ հետո, երբ Անահիտ Ղազարյանը դուրս եկավ տեղամասից, հանձնաժողովը որոշեց նրա աթոռը տեղափոխել տեղամասում վստահված անձերի համար սահմանված նստատեղերի մոտ: Անահիտ Ղազարյանը մի քանի րոպե հետո մտնելով տեղամաս, նկատեց կատարված փոփոխությունը և հանձնաժողովի անդամների սեղանի մոտից մեկ այլ աթոռ տեղափոխեց իր որոշած տեղը և շարունակեց հաղորդակցվել քվեախցիկ մտնող ընտրողների հետ:
«Եթե այսպես շարունակվի, մենք հանձնաժողովով ձայների մեծամասնությամբ որոշում կկայացնենք վստահված անձ Ա.Ղազարյանին տեղամասից հեռացնելու համար: Անցած ընտրությանը Անահիտ Ղազարյանը մեզ լավ դաս է տվել: Նա իրեն շատ վատ պահեց, նորից ես էի հանձնաժողովի նախագահը: Իր ամուսնուն քաղաքապետ չընտրած ընտրողին տեղամասում ծեծեց: Եթե Անահիտ Ղազարյանը նորից իրեն պատշաճ չպահի, մենք իրեն կհեռացնենք ընտրական տեղամասից»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Մեկնաբանել