
Չինաստանում ձերբակալվել է երեխաների թրաֆիքինգի մեջ կասկածվող 608 մարդ, փրկվել է 178 երեխա
Ամբողջ երկրով մեկ 6 ամիս շարունակ անցկացված հետաքննությունից հետո Չինաստանի ոստիկանությունը բացահայտել է երեխաների թրաֆիքինգով զբաղվող երկու շղթա՝ փրկելով 178 երեխայի և ձերբակալելով 608 կասկածյալի: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Չինաստանի հանրային անվտանգության նախարարության՝ այս շաբաթ տարածած հայտարարությունը:
Նախարարությունը գործողությունն անվանել է «ամենամեծ ձեռքբերումը՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ ձեռնարկված համազգային արշավի մեկնարկից ի վեր» և մանրամասն նկարագրել ոստիկանական ուժերի համատեղ ջանքերը, որոնք գործադրվել են 10 նահանգում:
Ըստ նախարարության՝ մայիսին հարավարևմտյան Սիչուան նահանգում արձանագրված թրաֆիքինգի դեպքը իշխանություններին անսպասելիորեն ուղղորդեց դեպի երեխաների թրաֆիքինգով զբաղվողների ցանցի, որը ղեկավարում էր Քաի Լիանչաո անունով մի տղամարդ:
Օգոստոսին ոստիկանությունը հարավարևելյան Ֆուջիան նահանգում բացահայտեց մարդկանց թրաֆիքինգով զբաղվող մեկ այլ շղթա, որը ղեկավարում էր Չեն Խիումեի անունով մի կին:
Ամբողջ Չինաստանով մեկ երեխաների առևանգող ու վաճառող երկու ցանցի մասին նախնական ապացույցները հավաքելուց հետո 5 հազար ոստիկան ևս մի քանի ամիս շարունակ ողջ երկրով մեկ իրականացրեց խիստ համակարգված հետաքննություն, մինչ անցյալ շաբաթ վերջապես ձերբակալվեցին կասկածյալները:
Ըստ նախարարության՝ ոստիկանները փրկված երեխաներին տեղավորել են տեղական մանկատներում՝ այս ընթացքում փորձելով նրանց վերադարձնել իրենց ընտանիքներ: Կին ոստիկաններ են գործուղվել երեխաներին հոգ տանելու համար: Երեխաներից ոմանք բուժում են ստանում:
«Մենք խստագույնս հետևելու ենք երեխաների թրաֆիքինգի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» մեր քաղաքականությանը»,- շեշտել է նախարարությունն իր հայտարարությա ն մեջ:
«Այս քաղաքականության նպատակն է խիստ միջոցներ կիրառել գնորդների շուկայի նկատմամբ: Մենք պետք է հասնենք նրան, որ գնորդները կորցնեն և իրենց փողը, և իրենց գնած երեխաներին, որպեսզի հենց արմատից կարողանանք լուծել խնդիրը՝ նվազեցնելով առևանգնված և թրաֆիքինգի ենթարկված երեխաների պահանջարկը»,- ասել է Հանրային անվտանգության նախարարության Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի տնօրեն Չեն Շիքուն:
Նախարարությունն ասում է, որ 2009թ. ապրիլին կառավարության կողմից ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի ձեռնարկված համազգային արշավից հետո ոստիկանությունը ձերբակալել է գրեթե 50 հազար կասկածյալի՝ փրկելով ավելի քան 18 հազար երեխայի և մոտ 35 հազար կնոջ:
Մարդկանց թրաֆիքինգը մեծ խնդիր է Չինաստանում: Հիմնական զոհերը երեխաներն ու կանայք են:
Անցյալ շաբաթ Չինաստանի վարչապետ Վեն Ձիաբաոն խոստացավ, որ կառավարությունը շարունակելու է կտրուկ միջոցներ ձեռնարկել այս ոճրի դեմ՝ կանանց ու երեխաներին պաշտպանելու նպատամով:
Լուսանկարը՝ «Ասոշիեյթիդ փրեսի». Չինաստանի ոստիկաններն ուղեկցում են թրաֆիքինգով զբաղվողներից վերջերս փրկված երեխաների խմբի: Երեխաները տուն են վերադառնում Հարավարևմտյան Չինաստան:
Մեկնաբանել