
Ճամբարակ. դիտորդներն ուղղորդում են ընտրողներին
Ազգային ժողովի ընտրությունները իրենց «բնականոն» ընթացքի մեջ են Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 20/24 ընտրատեղամասում: Նշյալ ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1781 է: Ժամը 12:30-ի տվյալներով ընտրությանը մասնակցել է 442 ընտրող: Ընտրատեղամասում ներկա են մի քանի կազմակերպության տեղական դիտորդներ` ‹Իրավական մշակույթի զարգացման կենտրոն›, ‹Միացյալ առաջնորդների պալատ›, ‹Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա›: Հիշյալ կազմակերպությունների դիտորդները իրենց պարտքն են համարում ուղղորդել ընտրողներին, մեկը ներս է հրավիրում նրանց, մյուսը` հետևում ընտրական գործընթացին քվեախցիկի հարևանությամբ: Բոլոր դիտորդներն էլ ընտրական գործընթացին դրական գնահատական են տալիս: Ընտրատեղամասում ժամանակ առ ժամանակ լինում են կուտակումներ` ընտրողների մեծ հոսքի տեսքով: Այն հարցին, թե արդյոք ընտրատեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում սահմանված թիվը, ընտրատեղամասի նախագահ Օհանյան Ռոբերտը պատասխանեց, որ գոյացածը բնավ էլ հերթ չէ: Ընտրատեղամասի ակտիվիստներից է նաև ԲՀԿ վստաահված անձ Գայանե Թիզյանը: Վերջինս չէր հեռանում քվեախցիկի կողքից և կատարում անհրաժեշտ կարգավորումներ:
Ընտրատեղամասում առկա է նաև «հատուկ հանձնաժողով»` անհայտ անձանցից բաղկացած, ովքեր ոչ վստահված անձ են, ոչ դիտորդ, ոչ ԶԼՄ ներկայացուցիչ: Իրենք հատուկ օգնող և ագիտացիա իրականացնող մարդիկ են, որոնց ներկայությունը ընդհանրապես չի անհանգստացնում նախագահին, վերջինս ոչ մի կերպ չի մեկնաբանում նրանց` այստեղ գտնվելու փաստը: Երբ նրանց հարցրի, թե ովքեր են իրենք, նրանք պատասխանեցին, որ ընտրող են: Այնպիսի ընտրողներ են, որոնց հերթը այդպես էլ չի հասնում իրենց ընտրությունը կատարելու համար: Հարցերից հետո նրանք որոշ ժամանակ դուրս են գալիս ընտրատեղամասից, այնուհետև` նորից մտնում:
![]() |
![]() |
Ընտրատեղամասում մի միջադեպ տեղի ունեցավ. քաղաքացին կորցրել էր իր կտրոնը, հանձնաժողովի նախագահը նրան հորդորեց փնտրել եւ գտնել այն, վերջինս էլ այն գտնելու նպատակով քվեարկած քվեաթերթիկով` ծրարի մեջ դրված, դուրս եկավ ընտրատեղամասից: Նախագահը չնկատեց էլ նրա դուրս գալը, երբ նախագահի ուշադրությունը հրավիրեցինք այդ միջադեպի վրա, վերջինս հետ կանչեց քաղաքացուն, նա շարունակեց փնտրել իր կտրոնը և գտավ անձնագրի էջերի միջից: Այստեղ տեղի են ունենում նաեւ խմբակային քվեարկություններ, կան գրանցված օգնողներ, կան մարդիկ, ովքեր միայն օգնելուց հետո են տեղեկանում գրանցվելու մասին:
Ընտրատեղամասում բախում տեղի ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի, ՕՐՕ դաշինքի Գեղարքունիքի մարզի նախագահի և անհայտ անձանց միջև: ՕՐՕ-ի ներկայացուցիչը պնդում է, որ դրսում տեսել է քաղաքացու, ով քվեարկած քվեաթերթիկով ու ծրարով դուրս է եկել ընտրատեղամասից: Նրան ետ պահելու փորձերի արդյունքում քաղաքացին վիրավորել է ՕՐՕ-ի ներկայացուցչին:
Մերի Սարգսյան
Մեկնաբանել