
Վարդան Բոստանջյան. «Մեզ մոտ կառավարության հրաժարականի տրադիցիան չկա»
Այսօր Ազգայի ժողովը ձայների մեծամասնությամբ մերժեց ՀՅԴ խմբակցության հարցապնդումը` կառավարությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ: Ընդդիմադիր խմբակցությունը մի շարք պատճառներ էր մատնանշել` չիրականացված սոցիալ-կենցաղային ծրագրեր, ահագնացող արտագաղթ եւ այլ խնդիրներ, որոնք էլ հիմք են տալիս կառավարությանը անվստահություն հայտնել:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ՀՅԴ խմբակցության պատգամավորների մտահոգությունները չի կարող կարող «կտրուկ կիսել», քանի որ արտագաղթը որպես այդպիսին, իր մեջ պարունակում է մարդու ազատ տեղաշարժի ինստիտուտ, որն էլ նոր հարաբերությունների պայմաններում, մարդուն հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվել:
«Բոլոր պարագաներում, ելնելով այդ սկզբունքից եւ ունենալով հնարավորություն` մարդը կարող է գնալ այնտեղ, որտեղ նպատակահարմար է գտնում եւ ապրել ու աշխատել: Միանգամից արտագաղթ ինստիտուտի վրա վերագրելը` իմ վրա չեմ վերցնում ծանրություն այդպես ասելու: Այո, ֆինանսական ճգնաժամ կա եւ այլն եւ այլն: Կարծում եմ` ամեն մի իշխանություն, նաեւ գործադիր իշխանություն, հակված չէ երկիրը արդյունավետ չպահելու եւ միտումներ դնի մոտեցումներում: Այդ առումով կարող եմ ենթադրել, որ ելնելով ամենազանազան` դեռեւս մեր կողմից չգնահատված տարբեր պատճառներից, հնարավոր են նաեւ մեր աշխատանքների մեջ ոչ արդյունավետություն, իհարկե որոշ դեպքերում դրանք պայմանավորված են ոչ մեր գործոնով, այլ` արտաքին»,-ասում է Վարդան Բոստանջյանը:
Պատգամավորը չբացառեց, որ իշխանությունների գործոնը եւս կա. «Ասում են` ամեն մի գործ լավ անող կա»:
Հարցին, թե ինչո՞ւ թերացումների համար կառավարությունը հրաժարական չի տալիս, ինչն էլ պահանջում են ՀՅԴ խմբակցության պատգամավորները, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Մեզ մոտ կառավարության հրաժարականի տրադիցիան չկա: Մեզանում ավելի շատ դրված է պատասխանատվության հարցը, եւ այդպիսի հեշտությամբ պաշտոնյան կամ մարմինը չի կարող հրաժարական տալ, որովհետեւ նա կրում է պատասխանատվություն: Նման դեպքերում, եթե կան օբյեկտիվ հիմքեր, որ նրա պատասխանատվությունը խոցված լինի, պետք է ժամանակ տրվի, որ այդ խոցելիությունը շտկվի եւ վերստին հասարակության մոտ ներկայանա որպես արդյունավետ: Հայաստանում նման մոտեցում կա, եւ, ի տարբերություն քաղաքակրթված, զարգացած երկրների, որտեղ 1000 հատ կառավարություն այնտեղ լցված է, կարող են հրաժարականներ ներկայացնել արագ-արագ: Մեր մոտ չէի ուզենա, որ այդ մոտեցումները լինեն»:
Մեկնաբանել