
Հրանտ Գրիգորյանը չի հայտարարագրել եկամուտների զգալի մասը
Պատգամավոր Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել է Արմավիրի մարզում` որպես ՀՀԿ-ի տարածքային թեկնածու:
Հրանտ Գրիգորյանը պատգամավոր է 1999 թ-ից: Սկզբում եղել է «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ: Այս տարիների ընթացքում պատգամավորը երբևէ հանդես չի եկել ելույթով, հայտարարություններով, թեև միշտ ընտրվել է մեծամասնական կարգով:
Որպես պատգամավորության թեկնածու` Հրանտ Գրիգորյանը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր: Ըստ այդմ թեկնածուն ունի մոտ 49 հա հողամաս Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, 141 հա՝ Ֆերիկ գյուղում, 604 քմ շինություն և փոքր հողամաս Էջմիածնի Անդրանիկի թաղամասում:
Նշենք, որ Հրանտ Գրիգորյանը 2012թ, երբ ստանձնում էր պաշտոնը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով էր ներկայացրել թվով 4 հողամասի և 1 առանձնատան վերաբերյալ հայտարարագիր:
2013թ. 16 միլիոն դրամով գնել է «MERCEDES-BENZ 500 S» մակնիշի ավտոմեքենա, որը 14 միլիոն դրամով վաճառել է 2015թ-ին:
2015թ. որպես նվիրատվություն ստացել է 35 միլիոն դրամ արժողության առանձնատուն և 1 միլիոն դրամ արժողության հողամաս: Ընդհանրապես Հրանտ Գրիգորյանը հաճախ է նվերներ ստացել վերջին տարիներին: Օրինակ՝ 2013թ. ստացել է 12 միլիոն դրամ նվիրատվություն: Մոտ 55 միլիոն դրամի նվիրատվություն էլ ստացել է 2016թ., սակայն այդ նվերը եղել է բաժնետոմսի տեսքով:
Իսկ 2016թ. 3 միլիոն դրամով գնել է «NISSAN X-TRAIL 2.0» մակնիշի ավտոմեքենա: Պատգամավորն այս ընթացքում որևէ անշարժ գույք չի օտարել, ինչը նշանակում է, որ ԿԸՀ ներկայացված հայտարարագրում պետք է նշված լիներ 5 հողամասի և 2 առանձնատան վերաբերյալ տվյալներ, մինչդեռ հայտարարագրել է 3 հողամաս և 1 շինություն:
Ուշագրավն այն է, որ պատգամավորը երբևէ չի հայտարարագրել գյուղատնտեսությունից ստացած եկամուտները: Մինչդեռ նշված հողամասերի զգալի մասը մշակվում է:
Ավելին, չի հայտարարագրել «Էջմիածնի ԲՈՒԱՏ» ԲԲԸ-ից ստացված եկամուտը, որտեղ ունի 79,23% բաժնետոմս: Նշված ընկերությունն է սպասարկում Էջմիածին-Երևան, Էջմիածին-Աշտարակ, Էջմիածին-Արմավիր, Էջմիածին-Մասիս երթուղային գիծը: Բացի այդ, սպասարկում է նաև Էջմիածնի գյուղերի երթուղին:
Չի հայտարարագրվել նաև ԲՈՒԱՏ-ի տարածքում տեղակայված գազալցակայանից ստացված եկամուտը, ինչպես նաև Ծաղկունք գյուղի մոտ՝ ԲՈՒԱՏ-ի դիմաց գտնվող բենզալցակայանից, հյուրանոցային համալիրից և ռեստորանից ստացված եկամուտները:
Նշենք, որ նշված օբյեկտներից ստացված եկամուտ չեն հայտարարագրել նաև ընտանիքի անդամները, ինչը կարող էր տեղի ունենալ, եթե շահագործեին վերջիններս:
Մեկնաբանել