
Մայրը համոզված է՝ եթե որդին քայլասայլակ ունենա, իր ոտքերով կքայլի
Երբ ներս մտա, Էրիկը բազմոցին նստած ավագ եղբոր ծնկներին հենված՝ զբաղված էր պլանշետով:Մայրը՝ Ժանան երկու ամսականում է նկատել, որ Էրիկը գլուխը չի կարողանում ուղիղ պահել ուսերին՝ անընդհատ թեքում է:
Ժանան պատմեց, որ ամուսնալուծված է, 35 տարեկան է,չաշխատելու պատճառն էլ երեխաներից 9 տարեկան DCP (բնածին մանկական ուղեղային կաթվածով) հիվանդ որդին՝ Էրիկն է: Մայրը հայացքով ցույց տվեց բազմոցին եղբոր հետ զբաղված տղային: Ասաց, որ ընտանիքը գոյատևում է 48 հազար դրամ նպաստով և Էրիկի 20 հազար դրամ թոշակով: Էրիկը չորեքթաթ գնաց դեպի միջանցք: Ժաննան հետ կանչեց որդուն: Դժգոհեց, որ դժվարանում է անգամ օրը 2-3 տակդիր գնել տղայի համար: «Հիմա կարևորն այն է,որ ընտանիքը գոյատևի, երեխաները մեծանան»,- ասաց Ժաննայի մայրը՝ուսուցչուհի Մարո Եղիկյանը: Էրիկը ծնվել է 2006թ.-ի օգոստոս ամսին՝6 ամսականում՝ 900 գրամ քաշով։
«Սոնոգրաֆիայից հետո բժիշկները տեղեկացրին, որ երեխան նորմալ չէ: Ամուսնուս հարազատները բժշկից պահանջեցին, որ երեխան ամեն կերպ պետք է ծնվի: Էրիկը ծնվեց: Քաշն ավելացնելու համար Էրիկը բուժում է ստացել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Բուժումից հետո երեխայի քաշը դարձավ 2 կգ»,-պատմեց Ժաննան: Հիշեց, որ երկու ամսականում է նկատել, որ Էրիկը գլուխը չի կարողանում ուղիղ պահել ուսերին՝ անընդհատ թեքում է: Նորից երեխային տարել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այստեղ էլ՝ նեյրովիրաբուժական բաժանմունքում ախտորոշել են, որ Էրիկը գլխի աջ կիսագնդում՝ ուղեղի վրա կիստա ունի: Տղան դարձել է բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Մարգար Մարտիրոսյանի հիվանդը: Երկու տարեկանում Էրիկի հիվանդությունը սրվում է: Մի քանի անգամ տղային ծանր վիճակում մայրը հասցրել է հիվանդանոց: 2011թ.մայիսին՝ 4 տարեկան Էրիկը ենթարկվել է գլուղեղի վիրահատության:
«Մեզ 2 տարբերակ առաջարկեցին, մեկը զուտ գլխուղեղի վիրահատություն, մյուսը՝ շունտ տեղադրել, որը Լենինգրադից են բերում, ես այդ հնարավորությունը չունեի: Շունտը դա անոթ է, գլխուղեղից գնում է մեզապարկ՝ գլխուղեղում հավաքված հեղուկը մեզապարկ հասցնելու համար»,-բացատրեց մայրը: Ժաննայի ասելով վիրահատությունից հետո Էրիկի խոսելու և քայլելու մասին բժիշկները երաշխիքներ չեն տվել: Ուղղակի կրիտիկական պահից հանել են երեխային: Սակայն վիրահատող բժիշկը մի փոքր հուսադրել է, որ վիրահատությունից հետո հնարավոր է Էրիկի հետ ինչ որ փոփոխություններ կատարվեն՝ դեպի լավը: Վիրահատությունից ուղիղ 4 տարի հետո Էրիկը սկսել է խոսել: Առաջին նախադասությունը տերունական աղոթքի 1-ին տողն է եղել: «Էրիկն ի սկզբանե խելացի աչքեր ուներ: Երբ ավագ եղբայրն ու քույրը դաս էին սովորում, Էրիկը շատ ուշադիր լսում էր նրանց և անգիր էր անում նրանց արտասանած բանաստեղծություններն ու մյուս դասերը»,-պատմեց ուսուցչուհի տատը: Էրիկն անգիր գիտեր Հովհ. Շիրազի, Պարույր Սևակի և Եղիշե Չարենցի շատ բանաստեղծություններ:
«Էրիկ, արտասանի հա «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը»,- որդուն խնդրեց Ժաննան: Էրիկը արտասանեց «Ես իմ անուշ Հայաստանին», հետո ասաց տերունական աղոթքը: Աղոթքից պարզ արտասանեց միայն մեր հանապազօրեայ, և մի տար մեզի փորձութեան, փառքը յաւիտեանս. ամէն բառերը: Աղոթքի մնացած բառերն ու բառակապակցությունները, թեև Էրիկի ամբողջ ջանքերին՝ անհասկանալի հնչեցին:
«Վիրահատությունից հետո անցած 5 տարիների ընթացքում ինչ մեր տանը կատարվել է, Էրիկը խոսալուց հետո լրիվ պատմում է, դրանք նրա մոտ տպավորված են եղել»,- ասում է մայրը։
Այս պահին երեխան օգնություն է ստանում «Վորլդ Վիժն» կազմակերպությունից: Կազմակերպությունից ստացել է սայլակ, սակայն քայլասայլակ չունի: Մայրն ու տատը համոզված են, եթե Էրիկը քայլասայլակ ունենա, ոչ թե չորեքթաթ, այլ քայլասայլակի օգնությամբ ոտքի կանգնած՝ ուղիղ կքայլի: Ժաննան ասաց, որ հնարավորություն չունի քայլասայլակ գնելու. «Եթե Էրիկին ուղարկեն Երևանի վերականգնողական կենտրոն, գուցե դա դրական ազդեցություն ունենա նրա քայլելու համար»,- ասաց տատը՝ Մարոն: Վերջինս դժգոհեց, որ Ժաննան ամբողջ օրը զբաղվելով Էրիկով, երբեմն աչքաթող է անում մյուս երեք երեխաներին՝ Վանիկին, Անահիտին և Գոռին:
Տիկին Մարոն աղջկան քննադատեց Էրիկից հետո ևս երկու երեխաներ ունենալու համար. «Մարդը, եթե պրոբլեմ է ունենում, պետք է կենտրոնանա այդ պրոբլեմի վրա: Էրիկով, եթե լուրջ զբաղվեր, հնարավոր է քայլեր երեխան: Նախկինում Էրիկի ոտքերը խաչված էին, հիմա նա ուղիղ է պահում ոտքերը: Տարբերությունը հիմա մեծ է»։
Էրիկի ավագ եղբայրը՝ Վանիկը սովորում է Ալավերդու Սանահին գյուղական թաղամասի Ա. Միկոյանի անվան դպրոցի 7-րդ դասարանում: Ժաննան գոհ է Վանիկի առաջադիմությունից: Անահիտը 3-րդ դասարանում է սովորում, երկրորդ դասարանը գերազանցությամբ է ավարտել: Մայրը հպարտորեն ցույց տվեց Անահիտի գովասանագիրը: Գոռը առաջին դասարան է:
Էրիկին խնամելու գործում Վանիկն է մոր 1-ին օգնականը. «Էրիկին պահելու ժամանակ, գրկում եմ, դիվանին եմ նստացնում: Էրիկը երաժշտություն է շատ սիրում, նրան հաճելի երաժշտություն եմ ընտրում: Եղբորս շատ եմ սիրում»,-ասաց Վանիկը: Մի անգամ հոգնած և հուսահատված Ժաննան Վանիկի և Անահիտին դժգոհում է իր ճակատագրից և ասում, որ ուզում է Էրիկին տեղափոխել հատուկ հիմնարկ: «Երեխաներս սկսեցին գոռալով լացել, խնդրում էին Էրիկին չբաժանել իրենցից»,-պատմեց Ժաննան: Էրիկը ճաշասենյակի բազմոցին ավագ եղբոր՝ Վանիկի հետ է քնում: «Չի՞ խանգառում քեզ քնելիս»,- հարցրի: «Չէ, քնելուց առաջ ինձ ձեռքերով փաթաթվում է, պաչում է ու էդպես փաթաթված քնում է»,-ասաց Վանիկը:
«Բժիշկները խորհուրդ են տալիս Էրիկի բուժումը շարունակել հիմնականում վերականգնողական կենտրոններում։ Ոտքերի բուժման համար նախկինում Էրիկին տարել ենք Երևանի 3-րդ մանկական հիվանդանոց: Բուժման նպատակով ուղեգրով գնացել է Նորագյուղ: Երեխային լոգոպետի մոտ են տարել, գնդակներով ֆիզկուլտուրա է անցել ջրում: Բժիշկներն ասել են, որ երեխան անընդմեջ բուժում պետք է ստանա, որի հնարավորությունը ես չունեմ»,- ասաց Ժաննան: Էրիկի ուսուցչուհի տատն էլ դժգոհեց, որ պետությունը սոցիալապես անապահով ընտանիքների հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժմանը պատշաճ ուշադրություն չի ցուցաբերում:
Մեկնաբանել