
Աշոտ Արսենյանը 210 մլն դրամ նվիրատվություն է ստացել կնոջից
2003 թվականից պատգամավոր Աշոտ Արսենյանը խորհրդարանական այս ընտրություններում արդեն չորրորդ անգամ պայքարելու է՝ պատգամավոր դառնալու համար։ Արսենյանը առաջադրված է Սյունիքի և Վայոց ձորի մարզից։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրից կարելի է ենթադրել, որ պատգամավորը հարուստ և միլիոնատեր թեկնածուներից է։
Աշոտ Արսենյանը 2016թ. փետրվարի 2-ից մինչև 2017թ. փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ստացել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ (3, 4 միլիոն դոլար) և գրեթե 48 հազար դոլար եկամուտ։
Պատգամավորի ստացած առանձին եկամտային միջոցներին ծանոթանալիս պարզվում է, որ Արսենյանը 207 միլիոն դրամից ավելի փոխառություն ստացել է որդուց՝ Վահագն Արսենյանից, բացի դա 210 միլիոն դրամ նվիրատվություն ստացել է կնոջից՝ Գայանե Մկրտչյանից։ Վերջինս համաձայն պետական ռեգիստրի տվյալների՝ նախկինում Արսենյանի հետ բաժնեմաս է ունեցել «Փրայմ պրոդուկթս» ընկերությունում։ Փաստորեն պատգամավորի նախորդ տարվա եկամուտների մեկ քառորդը ապահովել են նրա մտերիմները։
Բացի նախորդ տարի ստացած եկամուտներից, Աշոտ Արսենյանը հայտարարագրել է 253 միլիոն դրամ և 4 միլիոն դոլար։ Այսինքն՝ եթե հավատանք այս թվերին, Արսենյանը ունի 4, 5 միլիոն դոլար դրամական միջոց։
Պատգամավորին է պատկանում «Ջերմուկ գրուպ»-ի 77.37 % և «Ջերմուկ Հիդրոտեխ» ընկերության 50 % բաժնեմասերը։
ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան՝ մեկը Երևանի կենտրոնում, մյուսը՝ Ջերմուկում, ինչպես նաև Գնդեվազ գյուղում ունի մեկ շինություն և հողամաս։
Շարժական գույքերից ունի 2013 թվականի թողարկման «Մերսեդես Բենց E 250» մակնիշի ավտոմեքենա։
Լուսնկարը՝ newsinfo.am-ի
Մեկնաբանել