
MERCEDES-BENZ G55 AMG թե՞ G63, NISSAN PATROL 4.5 թե՞ 5․6․ ի՞նչ է փոխվել պատգամավոր Արթուր Գևորգյանի հայտարարագրում
Պատգամավոր Արթուր Գևորգյանը դարձյալ որոշել է պայքարել մանդատի համար որպես ՀՀԿ տարածքային թեկնածու, չնայած այն հանգամանքին, որ օրենսդիր մարմնում ակտիվությամբ առանձնապես չէր փայլում, և նույնիսկ ամենաշատ բացակայած պատգամավորների թվում է։ Նրա անունը կարելի է գտնել ընդհամենը մեկ օրինագծի ներքո, որով քաջալերվում էր հեռուստաեթերով գինու գովազդի թույլատրումը։ Այնուամենայնիվ, նա ակտիվ գործի է անցել՝ թեժ պայքարի մեջ մտնելով ոչ միայն մրցակից կուսակցությունների, այլև ՀՀԿ-ականներ Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) և Ալբերտ Երիցյանի հետ:
Դեռ անցած տարի 1in.am-ը գրել էր այն մասին, որ Արթուր Գևորգյանը տևական ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում, այնտեղ երկու սեփականություն է ձեռք բերել, որոնց ընդհանուր արժեքը հասնում է մեկ միլիոնի։ Ճիշտ է, ըստ թերթի՝ գումարի մի մասը վարկ է վերցրել։ Այս պնդումներին Ա. Գևորգյանը պատասխանել էր, թե շատ կցանկանանար ոչ թե մեկ, այլ երկու, երեք բնակարան ունենալ, բայց չունի, և այն մարդուն, ով կապացուցի հակառակը, պատրաստ է նվիրել այդ բնակարանը։ Սակայն, նա չփորձեց թերթից հերքում պահանջել։
Այդուհանդերձ, Արթուր Գևորգյանի էջում կարելի է գտնել մի քանի լուսանկար, որոնք հաստատում են, որ նա ԱՄՆ-ում է ընտանիքի հետ միասին
Իսկ ի՞նչ է հայտարարագրել Արթուր Գևորգյանը
Թիվ 2 ընտրատարածքի (մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ) տարածքային թեկնածու Արթուր Սամվելի Գևորգյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա Դավիթաշեն համայնքում 5 հողատարածք ունի։ Դրանց ընդհանուր մակերեսը 2,22 հա է, երկուսի վրա կան շինություններ։ Դրանցից մեկի՝ Սասնա Ծռեր փողոցում գտնվող 0.2515 ընդհանուր տարածքով հողմասի վրա նրա 633 քմ տարածքով բնակելի տունն է: Այստեղ գրանցված են միայն թեկնածուն և նրա մայրը՝ Ռայա Գևորգյանը։ Ըստ elections.am կայքի՝ պատգամավորի կինը՝ Վլադիմիր Գասպարյանի դուստր Աննան, գրանցված է Դավիթաշենի մեկ այլ հասցեում։ Սակայն, այս բնակարանը նշված չէ ո՛չ Արթուր Գևորգյանի, ո՛չ նրա կնոջ՝ Աննայի, և ո՛չ էլ Վլադիմիր Գասպարյանի ու նրա նախկին կնոջ ներկայացրած հայտարարագրերից որևէ մեկում։ Ըստ 2016թ. ներկայացրած հայտարարագրի տվյալների՝ հողատարածքներից մեկը ձեռք է բերել վերջերս 28 մլն դրամով։
Գևորգյանի հայտարարագրած մյուս հողատարածքի դիմաց, որի վրա շինություններ կան, նշված է՝ «ավտոտեխսպասարկման կայան»։ «Հետքը» նախկինում գրել է Արթուր Գևորգյանի «Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ի մասին, որի հետ ՀՀ ոստիկանությունը 2016թ. հունվարին պետական գնման պայմանագիր էր կնքել, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվում էր ոստիկանությանը մատուցել ավտոլվացման ծառայություններ։ Այս ընկերությունը, սակայն, պատգամավորի կողմից երբևէ չէր հայտարագրվել: Պետռեգիստրից տեղեկանում ենք, որ Գևորգյանը այս տարվա փետրվարին դադարեցրել է իր մասնակցությունը «Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ին։ Սակայն, ուշագրավ է մեկ այլ փաստ. այս ընկերության գրանցման հասցեն՝ Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 46/5, համընկնում է թեկնածության համար ներկայացված հայտարարագրում նշված 5 հողատարածքներից մեկի (0.5813 հա) և դրա վրա կառուցված շինությունների (չափերը՝ 146 և 133 քմ) հասցեի հետ, որոնց դիմաց էլ նշված է՝ «ավտոտեխսպասարկման կայան»։ Սրանք Գևորգյանը վերջին հայտարարագրում ներկայացրել է որպես միանձնյա սեփականություն։
Անդրադառնալով Ա. Գևորգյանի հայտարարագրերին՝ նշենք, որ նրա՝ պաշտոնի ստանձման պահին ներկայացրած հայտարարագրում կար շուրջ 945 հազար դոլար, 239 հազար եվրո և 43 մլն դրամ։ Վերջին հայտարարագրերում (տարեկան և թեկնածության համար ներկայացվող) դրամական միջոցները հետևյալ պատկերն ունեն՝ 680 դոլար, 157 հազար եվրո և 26 մլն դրամ։ Ի դեպ, նա նաև թանկարժեք նվեր է ստացել՝ 20 մլն դրամի չափով (2015թ), բայց նվիրատուի անունը հանրության համար փակ տեղեկատվություն է։
Նրա կնոջ՝ Աննա Գասպարյանի դրամական միջոցները ևս տպավորիչ են՝ 23 մլն դրամ, 40 հազար դոլար և 133 հազար եվրո։
Արթուր Գևորգյանը թանկարժեք ավտոմեքենենաների սիրահար է, դրանց ձեռքբերման համար ծախսել է իր հայտարարագրված դրամական կարողության մի մասը։ Նա բավականին հաճախ է մեքենաները փոխում, կարող է գնել միանգամից երեքը, վաճառել ու գնել մեկ ուրիշը։ Եվ հոգ չէ նույնիսկ, եթե ուղիղ գնի կեսը կորցնում է. օրինակ՝ 2014թ. գնված Mercedes-Benz S550-ի համար 2014թ. վճարել է 20 մլն դրամ, այս մեքենան հաջորդ տարի վաճառել է 9,5 մլն դրամով։ Որպես շարժական հայտարարագրում Գևորգյանը ներկայացրել է Mercedes-Benz G63 AMG (2012թ.), Nissan Patrol 5.6 (2011թ.) և Jeep Wrangler 4.4 (2003թ.) ավտոմեքենաները: Նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզեցինք, որ Jeep Wrangler-ը ոչ մի տեղ նախկինում նշված չի եղել, իսկ Mercedes-Benz G63 AMG (2012թ.)-ի փոխարեն նշված էր Mercedes-Benz G55 AMG, Nissan Patrol 5.6-ի փոխարեն՝ Nissan Patrol 4.5։ Ի՞նչ է սա նշանակում՝ պատգամավորը մոռացե՞լ է, թե ինչ մեքենաներ է հայտարարագրել, կամ գուցե վաճառել է հներն ու գնել նորե՞րը. այդ մասին նա հանրությանը չի տեղեկացրել։
Մեկնաբանել