
Դեկանը «Հետքի» լրագրողից 200 հազար դրամ է պահանջում
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանը փոփոխել է «Հետքի» լրագրող Ադրինե Թորոսյանին ներկայացրած իր պահանջը:
Դեկանը պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում էր ներկայացրել դատարան` զրպարտություն համարելով «Հետք» թերթի մայիսի 13-ի համարում Ադրինե Թորոսյանի հեղինակությամբ տպագրված «Հիվանդագին կրքեր Վանաձորի մանկավարժական ինստիտուտում» վերնագրով հոդվածի հետևյալ արտահայտությունը. «Դեպքերի հետագա զարգացմամբ` 2011 թվականի ապրիլի 1-ին հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լիզա Սարգսյանը, մանկավարժության ամբիոնի դեկան Թերեզա Շահվերդյանի հետ ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին և հայտարարություն տվել, որ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Աշուղյանը շուրջ երկու տարի սպանության սպառնալիքներ է տալիս Լուսինե Սարգսյանի հասցեին»:
Սկզբում դեկանը լրագրողից պահանջում էր «Հետք» թերթով հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և նրանից հօգուտ իրեն բռնագանձել 2 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերը:
Ներկայացնելով հայցադիմումի լրացում` դեկանը վերաձևակերպել է լրագրողին ներկայացրած պահանջը. 2 միլիոն դրամի փոխարեն նա այժմ 200 հազար դրամ է պահանջում` գույքային պահանջի փոփոխությունը հիմնավորելով Սահմանադրական դատարանի որոշմամբ: Հանված է դատական ծախսը լրագրողից բռնագանձելու`դեկանի սկզբնական պահանջը: Նոր պահանջ է ավելացված` պարտավորեցնել լրագրողին ներողություն խնդրել դեկանից «Հետք» թերթում: Իսկ նույն թերթում զրպարտությունները հերքելու պահանջի հետ կապված` ներկայացվել է նաև հերքման տեքստ:
Մեկնաբանել