
Վարչապետ. «Մենք մեր ներքին բարոյականությանը հաշվետվություն տալու խնդիր ունենք»
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Ալավերդիում էր: Մշակույթի տանը ալավերդցիների հետ հանդիպմանը «Հետքը» երկու հարց ուղղեց վարչապետին.
-Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրական բաժնի տվյալներով՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արդեն գրանցված է քաղցկեղով 766 հիվանդ: Այս թիվն օրեցօր աճում է: Վերջին տարիներին Ալավերդիում մահացել է 637 քաղցկեղով հիվանդ, միայն 2016թ.-ին մահացությունը կազմել 117 մարդ: Քաղցկեղով ալավերդցիների հիվանդացությունն ու մահը աճել է հատկապես 2012թ.-2016թ.-ին, երբ կառավարության թույլատվությամբ Ալավերդու պղնձաձուլական գործարանից կատարվել են չնորմավորված արտանետումներ: Հասկանալի է՝ գործարանն ապահովում է 600 աշխատատեղ: Բայց որտե՞ղ է գրված, որ ալավերդցիները պետք է գոյատևման փող աշխատեն իրենց կյանքի գնով: Հնարավոր չէ՞, բնակչության կյանքի անվտանգությունը գործարանի արտանետումներից պաշտպանել:
-Երկու շաբաթ առաջ մեր թիմի մեջ, մեր կարծիքով ընդգրկել ենք երկրի ամենակտիվ էկոլոգներից մեկին: Նա եղել է հանքարդյունաբերության զարգացման օպոզիցիայից: Եվ այսօր նա իմ աշխատակազմում է: Եթե չզլանաք, նայեք երկու շաբաթ առաջ կառավարության հանձնարարական ենք կայացրել, որտեղ հստակ գրված է էկոլոգիական խնդիրները, հանքարդյունաբերության այն պահանջները, որ մեր առջև դնում ենք: Դուք շատ ճիշտ եք, որ մենք մեր ներքին բարոյականությանը հաշվետվություն տալու խնդիր ունենք: Էսօր աշխատատեղ ենք ստեղծում, որպեսզի ժողովուրդի սոցիալական վիճակը բարելավվի, բայց, եթե մի մեծ ռումբ ենք դնում վաղվա սերնդի առջև, մենք դրա հետ ո՞նց ենք համերաշխ ապրելու: Հիմա մեր նպատակն է գտնել այն կետը, որով և՛ սոցիալական խնդիրն ենք լուծելու, և՛ բնապահպանական անվտանգության: Եվ այստեղ մենք ակնկալում ենք համայնքի աջակցությունը:
-Վերջին տարիներին «Դսեղի ծովերի» ջրի մակարդակը բարձրացնելու և գյուղի 770 հա վարելահողերը ոռոգելու նպատակով 302,2 մլն դրամ է ծախսվել, դրանից 222,2 մլն դրամով Մոտկորի Սարբուլաղ գետակից սնվող 9,5կմ երկարությամբ և «Դսեղի ծովերից» սնվող 4,5 կմ երկարությամբ ջրագծեր են կառուցվել և թալանվել: 2016թ.-ին 80 մլն դրամ է ներդրվել կրկին Սարիբուլաղից 9,5կմ երկարությամբ նոր ջրագիծ կառուցելու համար, որը նույնպես այսօր չի գործում: Գումարները ծախսվել են, Դսեղ համայնքը չի զարգանում: Մինչև ե՞րբ են համայնքների զարգացման ուղղված գումարները անարդյունավետ ծախսվելու:
-Ասեմ: Քիչ առաջ Ախթալայում դրա մասին խոսել եմ, ու շատ եմ ասել, կարող է կրկնվեմ: Տեսեք, նախ և առաջ անարդյունավետ փող ծախսելը և դրա համար որևիցե մեկի պատասխան չտալը մեր պրակտիկայում մենք պետք է դադարեցնենք: Մենք պետք է հստակ իմանանք՝ փողը որտեղ ենք դնում և «ինչու» հարցին պատասխան ունենանք:
Համայնքային զարգացում: Չափազանց կարևոր հարց եք տալիս, որովհետև, պնդում եմ, մեր փոփոխությունների արագությունն ու որակը շատ խիստ կախված է նրանից, թե մեր համայնքներն ինչպես կզարգանան: Ալավերդի համայնքը ճիշտ կզարգանա, թե ճիշտ չի զարգանա՝ կախված է նրանից, թե Ձեր ավագանին և Ձեր համայնքապետը ունի՞ երազանք, ունի՞ պատկերացումներ, ունի՞ ռազմավարական ծրագիր և զարգացման ծրագիր: Որովհետև համայնքապետի փոխարեն, ես, Երևանում նստած իմ գործընկերները չենք անելու: Եվ կախված նրանից, թե ինչ հստակ իրատեսական ծրագիր է, որտեղ ասում է՝ ես սա եմ անելու, մարզպետից՝ էս եմ ակնկալում, կառավարությունից՝ էս եմ ակնկալում, էդ ամեն ինչի տակ դրվի տրամաբանություն: Մենք ուզում ենք համայնքի ղեկավարին շահագրգռենք հետևյալում՝ (սա դեռ թղթի վրա գրված չէ, մեր գլխում է) ինքն այսօր գույքահարկ, հողի հարկ է հավաքում: Ասենք՝ լսի, այս ելակետային վիճակից, եթե վաղը-մյուս օրը քո մոտ աշխատատեղ ստեղծվի, հավելյալ արժեք ստեղծվի, էս հարկից մեկ տոկոսը քեզ կտանք, և ինքը շահագրգռված լինի, որպեսզի կարողանա իր սեփական եկամուտների բյուջեն կարգավորի, որպեսզի կարողանա համայնքը զարգացնի: Սա է մեր ռազմավարությունը:
Կարեն Կարապետյանը հանդիպմանը ալավերդցի հանրապետականներին նաև տեղեկացրեց. «2017թ.-ը մենք հայտարարել ենք մեզ համար ախտորոշման տարի, սանիտարիզացիայի, դեզինֆեկցիայի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների սկիզբ և որոշում կայացման համակարգի վերանայման ու ստաբիլացման տարի»:
Նրա խոսքով, Լոռու մարզում կառավարության ներդրումային ծրագրերը 2017թ.-ին կազմելու է 151 մլն դոլար: Նախատեսված են 45 ծրագրեր: Բոլոր այդ ծրագրերն ուղղված են տնտեսավարող ստեղծագործ մարդուն, դրանք պետք են ստեղծեն կայուն աշխատատեղեր: «Ինչո՞ւ կարելի է մեր ծրագրերին հավատալ, որովհետև մենք ինչ պլանավոր ենք 6 ամսվա համար, կատարել ենք»,- բացատրեց նա:
Պարզվեց՝ ի սկզբանե աշխատանքերը ծրագրավորելիս շատ գործընկերներ վարչապետին զգուշացրել են. «Շատ ես գրում, հետո հաշվետվություն տալու ժամանակ կարող է տակից դուրս չգանք»: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կառվարության 2017թ.-ի երկու ամիսներին պետբյուջեի սեփական եկամուտներն աճել են նախորդ տարվա նկատմամբ մոտավորապես 16 միլիարդ դրամ: Առևտրային ակտիվությունը, համեմատած նախորդ տարվան, 145 տոկոս է, արտահանումը՝ 38 տոկոս:
Բանախոսը դահլիճին տեղեկացրեց այլ թվեր, նշեց, որ իր հրապարակած թվերը մոտավոր են, քանի որ վիճակագրական պաշտոնական տվյալներ դեռ չի ստացել, կստանա մոտ օրերս: «Մենք հարկային դաշտում պրինցիպիալ համակարգված կոոռուպցիոն ռիսկերը նվազեցրել ենք: Մենք չենք ասում, որ էնտեղ էլ անելիք չունենք: Դուք կարող եք ասել այդ ամենը լավ է, բայց մեր կյանքի որակը մեր վրա չենք զգում: Դա ճիշտ եք, և դեռ որոշ ժամանակ մենք քայլեր պետք է անենք, որպեսզի մեր բոլոր փոփոխությունները վերածվեն որակի»,- բացատրեց վարչապետը:
Մեկնաբանել