
Ալավերդիում քաղցկեղով հիվանդների աճ կա. «Էյ-Սի-Փի»-ն կանանց նախընտրական բժշկական զննություն է իրականացնում
Ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների քարոզչության օրերին, կանանց տոնի միամսյակին ընդառաջ «Վալլեքս» խմբի «Էյ-Սի-Փի» և «Թեղուտ» ՓԲ ընկերությունները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում իրականացնում են տարածաշրջանի համայնքների կանանց անվճար հետազոտություններ «Ալավերդու բժշկական կենտրոնում»: Անվճար հետազոտվելու են կանանց վահանաձև գեղձն ու կրծքագեղձը: Հետազոտությունները սկսվել են մարտի 3-ից և շարունակվելու են մինչև մարտի 31-ը՝ նախընտրական քարոզչության վերջին օրը:
Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրական բաժնի տվյալներով՝ վերջին 5 տարիներին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գրանցված քաղցկեղով հիվանդներից 637 -ը մահացել է, նրանցից 258-ը հաշվառված չի եղել ուռուցքաբանական հաստատություններում: Չհաշվառվածներից մեծ մասի ախտորոշումը կատարվել է հերձման ընթացքում: Քաղցկեղից մահացության աճը համընկնում է 08.10.2012.-07.10.2016թթ. հետ, երբ պղնձաձուլարանի արտանետումները չեն նորմավորվել, քանի որ կառավարությունը «Էյ-Սի-Փի» ընկերությանն իրավունք է տվել Ալավերդու մթնոլորտ նետել այնքան վնասակար արտանետումներ, որքան ցանկանում է:
2016թ. «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գրանցվել է 766 քաղցկեղով հիվանդ: Այդ հիվանդներից 117-ը մահացել է: Բժշկական կենտրոնում 2012թ. հաշվառվել է 638 քաղցկեղով հիվանդ, մահացությունը կազմել է 112 մարդ: 2016թ. 2012թ. համեմատ քաղցկեղով հիվանդների թիվն ավելացել է 128-ով:
1995թ., երբ պղնձաձուլական գործարանը դեռ վերագործարկված չէր, կենտրոնում հաշվառվել է 372 քաղցկեղով հիվանդ, մահացությունը կազմել է 50 մարդ: Ալավերդիում 1995թ. բնակչության թիվը կազմել է 25,5 հազար մարդ, իսկ 2012թ.-ի վիճակագրական տվյալներով՝ փաստացի բնակվող բնակչության թիվը կազմել է 13 հազար մարդ:
Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով (տես՝ WorldLifeExpectancy.com կայքը), Հայաստանը 2016թ. քաղցկեղային հիվանդություններից մահացածության թվով աշխարհի 172 երկրների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Հայաստանում 1-ին հորիզոնականը զբաղեցնում է Ալավերդին:
Հիշեցնենք, որ 1995թ., երբ պղնձաձուլական գործարանը դեռ չէր վերագործարկվել, Ալավերդիում հաշվառված էր կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ 62 կին, 2016թ. նրանց թիվը հասել է 132 -ի:
Նախընտրական քարոզչության օրերին կատարվող կանանց զննության ընթացքին հետևում է Վալերի Մեջլումյանի եղբոր աղջկա՝ մեկ տարի առաջ «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրեն նշանակված, Հանրապետական կուսակցության վարկանիշային ցուցակով պատգամավորի թեկնածու Լուսինե Մեջլումյանի նախընտրական շտաբի պետը՝ նրա սկեսրայր Հովհաննես Քոչինինյանը:
Քարոզչության անցած 14 օրերին իր նախըտրական ծրագիրը ընտրողներին ներկայացնելիս Լուսինե Մեջլումյանը որևէ կերպ չի անդրադարձել Ալավերդու և ազդակիր մյուս համայնքների բնապահպանական անվտանգությանը, Թեղուտի և Շնողի բնակչության առողջությանը «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությամբ սպառնացող վտանգներին:
Ավելին, առիթն եղած դեպքում հայտարարում է, որ պղնձաձուլական գործարանն իր արտանետումներով բացասական որևէ ազդեցություն չի թողնում բնակչության առողջության վրա և հանդիպումների է գնում այն համայնքներ, որտեղ կանայք արդեն ենթարկվել են բժշկական զննության:
«Ճոճկան, Արևածագ, Աքորի, Կաճաճկուտ, Օձուն գյուղերում ավարտվել է կանանց բժշկական զննությունը»,-տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը: Մարտի 12-ին Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանն արգելել է Օձունի բժշկական ամբուլատորիայում գյուղի կանանց ընտրական շոուի վերածված բժշկական զննությունը: «Ես ասացի՝ եթե ուզում եք բարեգործություն անել, կարող եք ընտրությունից հետո անել: Ինձ տեղյակ չեն պահել, ես կանանց զննությունից 2 օր հետո եմ իմացել, որ այդպիսի ակցիա է կատարվում»,-հեռախոսով մեզ բացատրեց Արսեն Տիտանյանը:
Մարտի 13-ին Լուսինե Մեջլումյանի շտաբի պետ Հովհաննես Քոչինյանը բժշկական զննության պայմանագիրն ու գրաֆիկը ձեռքին եկել է Օձունի բուժամբուլատորիա, դրանք հանձնել ամբուլատորիայի աշխատակիցներին և պահանջել շարունակել կանանց զննությունը:
Ստեփան Մոսինյանից փորձեցինք տեղեկանալ ընկերության կողմից կանանց անվճար բժշկական զննության համար հատկացված գումարի մասին. «Դեռ հատկացված գումարի չափը պարզ չէ, որքան կանայք կդիմեն և կհետազոտվեն, մենք այդ հայտերը իրենց արժեքներով պրոյեկտի ավարտից հետո կներկայացնենք ընկերությանը և կստանանք մեր ֆինանսավորումը: Ինձ պատվեր է տրվել, ես էլ վճարովի ծառայություն եմ իրականացնում»,-հավելեց կենտրոնի տնօրենը:
Բժշկական զննության ընթացքում պատգամավորի թեկնածու Լ. Մեջլումյանը հայտնվում է կանանց մոտ, շնորհավորում նրանց տոնը, հիշեցնում է իր մասին և տեսանյութերով դրանք տարածում է Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությամբ: Ալավերդու պղնձաձուլական գործարանում և «Թեղուտ» ՓԲԸ-ում ընդհանուր թվով աշխատում է 1800 մարդ։
Աժ ընտրությունների քարոզչական օրերին դեռևս որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ կուսակցությունների տարածքային ցուցակում ընդգրկված որևէ թեկնածուի չի հաջողվել հանդիպել պղնձաձուլական գործարանի կամ «Թեղուտ» ՓԲԸ-ի որևէ աշխատողի: Աշխատողները փողոցում նույնիսկ փախչում են այլ կուսակցությունների թեկնածուներից:
Լուսինե Մեջլումյանն իր քարոզչության ընթացքում ալավերդցիներին հավատացնում է, թե նախապատրաստվում է հայ-չինական մի հսկայական ծրագիր. «Խոսքը գնում է 400մլն դոլար արժողությամբ նոր պղնձաձուլարան կառուցելու մասին: Սա ստեղծելու է 1000 նոր աշխատատեղ»:
Հիշեցնենք, որ Վալերի Մեջլումյանը մոտ 10 տարի առաջ նույնպես նման խոստում էր տվել։ Նա այն ժամանակ հայտնել էր, թե գերմանացի ներդրողները նոր պղնձաձուլական գործարան են կառուցելու։ Այսօր պղնձաձուլարանը շարունակում է աշխատել նույն տեխնոլոգիաներով:
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել