
Եզդիաբնակ գյուղն արդեն 24-րդ տարին ջուր չունի, իսկ նախարարությունում խնդրին մատների արանքով են նայում
Արագածոտնի մարզի Թլիկ եզդիաբնակ գյուղը 1993-ից խմելու ջուր չունի, ջուրը գնում են ջրատար մեքենայից, իսկ ոռոգման ջուրը, որն օգտագործում են անասունի ու կենցաղի համար, ստանում են Ախուրյան գետից՝ պոմպով: Գյուղացիները երկուսի համար էլ վճարում են: Բացի դրանից՝ տարեկան մի քանի անգամ, ըստ թլիկցիների, պոմպը կամ դրա շարժիչը ստիպված են լինում փոխել, ինչի համար նույնպես գումար է անհրաժեշտ:
![]() |
![]() |
Սահմանամերձ Թլիկում արդեն 23 տարի ապրում են առանց ջրի ու խանութի |
«Անիի ավերակներից բեթար»՝ Ախուրյանի հայկական ափին |
Փետրվարի 22-ին կառավարությանը նամակ էինք ուղարկել՝ հարցնելով, թե արդյոք տեղյակ են Թլիկի ջրի խնդրից և արդյոք ուսումնասիրել են պատճառները: Թլիկցիները «Հետքին» հայտնել էին, որ գյուղ այցելած վերջին պաշտոնյան եղել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, ում գյուղում տեսել են 2014-ին: Կառավարությանը հարցրել էինք, թե ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել, արդյոք կան կոնկրետ ծրագրեր, թե բնակիչներն անորոշ ժամանակով շարունակելու են սպասել:
Մարտի 1-ին հարցմանը պատասխանել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը: Պատասխանն աբսուրդի ժանրից է. «Խնդիրը քննարկվել է «Ազատություն TV»-ի «Ըստ էության» հաղորդաշարի եթերում, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, ինչպես նաեև գյուղի բնակիչների ներկայացուցիչները»:
Բաղդասարյանը նշել է նաև, որ իրենց նախարարության ունեցած տեղեկատվության համաձայն՝ Թլիկ համայնքը դեռևս չի դիմել «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ ջրամատակարարման կազմակերպման հարցը ընկերության առաջիկա ծրագրերում ընդգրկելու համար (ներկայում Հայաստանում այս ընկերությունն է կատարում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման աշխատանքները- հեղ.), իսկ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցչի նախաձեռնությամբ նախապատրաստվում է հանդիպում՝ հարցի լուծման հնարավոր ուղղությունները քննարկելու համար:
Այս պատասխանը ենթադրում է, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը չի տիրապետում Թլիկի ջրի երկարամյա խնդրի մանրամասներին, ինչի պատճառով էլ հղում է կատարում լրատվամիջոցում տեղի ունեցած քննարկմանը: Եվ սա այն դեպքում, երբ նշված քննարկմանը գյուղացիներն, ըստ էության, չեն ստացել իրենց հուզող հարցերի հստակ պատասխաններ:
Գյուղացիների մոտավոր հաշվարկներով ջրամատակարարման հարցը լուծելու համար անհրաժեշտ է մոտ 40 մլն դրամ: Այնինչ Մ. Բաղդասարյանի պատասխանից հետևում է, որ այսքան տարի կառավարությունում տեղյակ էլ չեն սպասվելիք ծախսերից ու, թերևս, չունեն ոչ մի հաշվարկ: Շեշտենք, որ 1997-ին Թլիկի համար Ախուրյանի ջրերն օգտագործելու պոմպ է տեղադրել «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը: «Մինչեւ 1997-ը ջրի սով էր, «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը եկավ, նասոս իջացրինք, ձորից ջուրը բերում ենք, բայց խմելու ենթակա չի: Երեխեքը փորլուծ ընկան, մարմինները դուրս տվեց, հիմա մենակ անասունի ու լվացքի համար ենք օգտագործում»,- «Հետքին» պատմել է թլիկցի Սուրիկ Խալատյանը: Այսինքն՝ պոմպի տեղադրումն էլ կառավարության շնորհքը չէ:
Երեկ «Հետքը» զրուցել է թլիկցի Ալիկ Մստոյանի հետ, ով հայտնել է, որ դեռևս չեն հանդիպել մարզպետարանի ներկայացուցչի հետ: Բնակչի ասելով՝ բազմիցս դիմել են պաշտոնյաներին, բայց որևէ արձագանք չեն ստացել: Ժամանակին դիմել են նաև իրենց ընտրատարածքի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մնացական Մնացականյանին, ով մինչեւ 2012-ին ԱԺ մտնելը 10 տարի Թալինի քաղաքապետն էր: Վերջինս, Ալիկի փոխանցմամբ, թլիկցիներն ասել է, որ հարցի լուծումն իր ուժերից վեր է:
Ա. Մստոյանի ասելով՝ գյուղացիներն այսքանից հետո առանձնապես հույսեր չունեն մարզպետարանի ներկայացուցչի հետ հանդիպումից, ինչը, ըստ «Հետքի» զրուցակցի, կարծես փրփուրներից կառչել լինի: Փոխարենը թլիկցիները տրամադրված են կոշտ քայլերի: Ալիկ Մստոյանի տեղեկացամբ՝ եթե ջրամատակարարումը գյուղում չվերականգնվի, ճանապարհ են փակելու, կառավարության մոտ ցույց են կազմակերպելու:
«Հետքը» Թլիկի ջրի խնդրի մասին կրկին հարցում է ուղարկել կառավարություն, այս անգամ՝ վարչապետ Կարեն Կարապետյանին: Թեմային դեռ կանդրադառնանք:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել