
Ռեկտորն ընդդեմ նախկին դասախոսի եւ «Հետքի» գործով վկաները հակասական ցուցմունքներ տվեցին
Դատարանը բավարարեց պատասխանող Լուսինե Աշուղյանի միջնորդությունը` որպես վկա հրավիրել ոստիկանությունում իր դեմ «սուտ մատնություն» կատարած Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ-ի) դասախոսներ, մայր եւ աղջիկ Լուսինե եւ Լիզա Սարգսյաններին եւ վերջինիս հետ ոստիկանություն գնացած Թերեզա Շահվերդյանին:
Հայցվորի ներկայացուցիչ Վանո Եղիազարյանի` վկաներին ուղղված միեւնույն հարցին, թե «արդյոք ռեկտորը ձեզ ուղարկե՞լ է ոստիկանություն Լուսինե Աշուղյանի դեմ հայտարարություն տալու, նրանք իրենց ստրկական կախման մեջ զգո՞ւմ են ռեկտորից, աշխատանքը չկորցնելու համար քծնո՞ւմ, սիրաշահո՞ւմ են վերջինիս», երեք վկաներն էլ ժխտական պատասխան տվեցին:
ՎՊՄԻ-ի հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանն այդ կապակցությամբ դատարանում հայտարարեց. «Ես այդ ինստիտուտի միակ կինն եմ մարզի, որ դոկտոր, պրոֆեսորի կոչում ունեմ: Ոչ մեկին քծնելու, սիրաշահելու ոչ մի կարիք չունեմ: Ես իշխանամետ մարդ եմ եղել, ով որ ռեկտոր է եղել, նրա կողքին եմ եղել»:
Գործով պատասխանող Լուսինե Աշուղյանի հարցին` «հայոց լեզվի ամբիոնի դասախոս Լուսինե Սարգսյանի ատենախոսության հրապարակային պաշտպանության ժամանակ նկատե՞լ է որեւէ անօրինական քայլ», Թերեզա Շահվերդյանը պատասխանեց. «Որեւէ բան չեմ նկատել: Հանդես եք եկել հարցերով, ժամանակ է տրվել, այն աղջիկը պատասխանել է: Թե ինչ չափով եք գոհացել, դա Ձեր խնդիրն է: Բայց դա եղել է պատշաճ, գիտնական մթնոլորտի սահմաններում»:
Լուսինե Աշուղյանն անդրադարձավ Թերեզա Շահվերդյանի` 4 անգամ անընդմեջ դեկանի պաշտոնում ընտրվելու փաստին` նշելով, որ 2 անգամից ավել ընտրվելու իրավունք չուներ: Մեջբերեց 2009 թվականին մանկավարժության ֆակուլտետի դեկանի ընտրության հայտարարությունը, ըստ որի` կենսաթոշակային տարիքը արգելք էր այդ պաշտոնի համար: Այնինչ ընտրությունից 21 օր առաջ արտահերթ նիստ հրավիրվեց, եւ տարիքային արգելքը հանվեց: Լուսինե Աշուղյանը շեշտեց, որ դրանից հետո Թերեզա Շահվերդյանը, որ կենսաթոշակային տարիքում էր, ընտրվեց մանկավարժության ֆակուլտետի դեկան: Ապա հարց ուղղեց նրան` «արդյոք տարիքային պայմանի փոփոխությունը նրա անձո՞վ չէր պայմանավորված»:
Թերեզա Շահվերդյանը պատասխանեց, որ բուհի նախկին կանոնադրությամբ ֆակուլտետի դեկանի եւ ամբիոնի վարիչի ընտրության կարգի մեջ կար տարիքային սահմանափակություն. 2 անգամից ավել չէին կարող ընտրվել: Սակայն, նրա ասելով, օրենքի մեջ փոփոխություն մտցվեց, որով այդ կարգը փոխվեց:
«Գիտքարտուղարը, որ գրել էր, այդ տողը պատահաբար հանված չի եղել: Հետո այդ մասին որ եղավ, անմիջապես ես դիմեցի իրավաբանին, ասացի, որ Սահմանադրությամբ կա, որը ավելի վերադաս օրգան է, քան մեր ինստիտուտի կանոնադրությունը: Անմիջապես հարցը մտցրինք գիտխորհուրդ, եւ գիտխորհուրդը որոշեց կանոնադրության մեջ կատարել փոփոխություն»,- բացատրեց Թերեզա Շահվերդյանը:
Վերջինս հերքեց, որ Լուսինե Աշուղյանի գործով երբեւէ ոստիկանություն է գնացել: Դիմելով «Հետքի» լրագրողին`ասաց, որ նա 6 ամիս ժամանակ ուներ այդ հարցը ճշտելու համար: Եվ հայտարարեց, որ հրապարակման համար դատի է տվել լրագրողին:
Այնուամենայնիվ, Թերեզա Շահվերդյանը ցուցմունք տվեց, որ Լիզա Սարգսյանին «պատահաբար» հանդիպել է ոստիկանության շենքում եւ միջանցքում պատասխանել է իրավապահի հարցին` Լուսինե Աշուղյանի կողմից սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ:
«Միջանցաքում հանդիպել ենք, ես կանգնած եմ եղել, ուրիշ գործով եմ գնացած եղել: Լիզա Սարգսյանը կանգնած էր մի դռան մոտ, որը փակ էր: Խոսում էինք` ինչի՞ ես եկել, եկան 2 մարդ: Նրանցից մեկն ասաց`ճի՞շտ է, որ իր աղջկան սպառնում են, Լուսինե Աշուղյանը նման սպառնալիք է տեղացել, ասացի` չեմ լսել, առաջին անգամ եմ Ձեզնից լսում»,- դատարանին հայտնեց Թերեզա Շահվերդյանը:
«Հետքի» ներկայացուցչի հարցին` զրույցը միջանցքո՞ւմ է եղել, թե՞ աշխատասենյակում, պատասխանեց. «Կարող է` այդ պահին ներս գնացինք»:
Հաջորդ հարցին`ինչ ձեւով է ծավալվել խոսակցությունը`ի՞նքն է մասնակից դարձել, թե՞ անմիջական հարց է տրվել իրեն, Թերեզա Շահվերդյանը պատասխանեց. «Որ տեսավ դասախոս եմ, ասաց`այդպիսի բան Դուք լսե՞լ եք…: Բայց դա պաշտոնական հարց չի եղել: Դա ոչ դատավարություն է եղել, ոչ ինչ-որ մի բան է եղել: Ես առհասարակ հայտարարում եմ, որ ինչքան Լուսինեին ճանաչում եմ, երբեւէ ոչ մի տեղ չեմ լսել, որ նա սպանության սպառնալիքներով որեւէ մեկի նկատմամբ հանդես գա, ուր մնաց թե գնամ սուտ վկայություն տամ»:
«Հետքի» ներկայացուցիչը նկատեց, որ, հավանաբար, տիկին Շահվերդյանը սխալ է ընկալել հրապարակումը, քանի որ հոդվածում նրա կողմից «սուտ վկայություն տալու» մասին խոսք չկա:
«Ոնց չկա, ես նրանց հետ գնացե՞լ եմ, ո՞վ է ասում, որ գնացել եմ»,-վրդովվեց Թերեզա Շահվերդյանը:
Վերջինս ցանկանում էր դատարանին փաստաթղթեր հանձնել, թե ինչու է գնացել ոստիկանություն: Դատավորը ծանոթացրեց նրան վկայի իր իրավունքներին`նշելով, որ նա դատավարության մասնակից չէ, հետեւաբար՝ չի կարող փաստաթուղթ ներկայացնել կամ միջնորդություն հարուցել:
Ցուցմունք տվեց ՎՊՄԻ-ի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիզա Սարգսյան-Հարոյանը: «Հետքի» ներկայացուցչի հարցին` Լուսինե Աշուղյանի գործով Թերեզա Շահվերդյանն ուղեկցե՞լ է Ձեզ ոստիկանություն, պատասխանեց. «Ոչ, ես գնացել եմ մենակ, եղել եմ մեն-մենակ: Ինձ հետ ոչ մեկը չի եղել: Ես տիկին Շահվերդյանին հանդիպել եմ, ինչ-որ գործով էր եկել»:
Հաջորդ հարցին` ոստիկանությունում Թերեզա Շահվերդյանին «պատահաբար» հանդիպելուց հետո ինքը՝ Թերեզա Շահվերդյանը, եւ իրավապահը զրուցե՞լ են Լուսինե Աշուղյանի թեմայով, եղե՞լ է նման դրվագ, պատասխանեց, որ չի եղել նման բան:
Ապա «Հետքի» ներկայացուցիչը հիշեցրեց Լիզա Սարգսյանին, որ նա հարցազրույց է տվել իրեն` ոստիկանությունում Լուսինե Աշուղյանի դեմ հայտարարություն տալու մասին` նշելով, որ ոստիկանություն է գնացել մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանի հետ:
«Ոչ, չի եկել ոչ մի տեղ: Ես նրան պատահաբար հանդիպել եմ, նա ինձ հետ ոչ մի տեղ չի եկել, չի ուղեկցել»,- ժխտեց Լիզա Սարգսյանը:
Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ է հարցազրույցի ժամանակ նման բան ասել, պատասխանեց` չեմ ասել:
«Չե՞ք ասել, թե՞ չեք հիշում` ինչ եք ասել»,- հարցին հաջորդեց Լիզա Սարգսյանի կտրուկ ժխտական պատասխանը`չի եղել:
Լուսինե Աշուղյանը հիշեցրեց Լիզա Սարգսյանի կողմից իր դեմ կատարված «սուտ մատնության» մասին`շեշտելով, որ նա հայտարարության մեջ նշել է` իբր ինքը 3 տարի անընդմեջ տարբեր մարդկանց մոտ սպառնալիքներ է տվել, որ սպանելու է նրա աղջկան: Հարցրեց` հիմա՞ էլ է Լիզա Սարգսյանը պնդում այդ փաստը, վերջինս հաստատեց այն: Լուսինե Աշուղյանը պահանջեց նշել անուններ, ում մոտ ինքը, Լիզա Սարգսյանի ասելով, սպառնալիքներ է տվել նրա աղջկա հասցեին: Շեշտեց, որ նա հայտարարության մեջ նշել է «տարբեր մարդկանց մոտ»:
«Ոչ մեկի մոտ, Դուք ասել եք ինձ»,- ցուցմունք տվեց Լիզա Սարգսյանը:
Լուսինե Աշուղյանի մյուս հարցին` ե՞րբ է դա եղել, պատասխանեց` մարտի վերջերին, իսկ ապրիլի 1-ին հայտարարություն է տվել:
«Սա անամոթ եւ լկտի սուտ է. 5 տարի ոչ մի բառ չեմ փոխանակել Ձեզ հետ: Ասում եք`ոչ ոքի մոտ չեմ ասել, Ձեզ եմ ասել, որ սպանելու եմ Ձեր աղջկան, իսկ ոստիկանությունում գրել եք, որ տարբեր մարդկանց մոտ 3 տարի անընդմեջ սպառնալիքներ եմ տվել: Ինչո՞ւ եք սուտ վկայություն տվել»,- Լիզա Սարգսյանին զայրացած հարցրեց Լուսինե Աշուղյանը:
Վերջինս դատարանին փաստաթղթեր ներկայացրեց`որպես ապացույց, որ «ցանկացել են իր դեմ քրեական գործ հարուցել տալ»:
Ցուցմունք տվեց ՎՊՄԻ հայոց լեզվի ամբիոնի արդեն նախկին դասախոս, այժմ արդեն բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սարգսյանը (ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի հայցորդը):
Հարցին` ի՞նչ հիմքով է ոստիկանությունում հաղորդում տվել Լուսինե Աշուղյանի դեմ, պատասխանեց. «Տարբեր տարիներին տարբեր մարդկանց մոտ սպառնացել է իմ հասցեին, հերյուրանքներ է տարածել, բամբասանքներ: Այդ բոլորը կանխելու նպատակով»:
Դատավորի ճշգրտող հարցին` հայտարարություն տվել է սպանությա՞ն սպառնալիքի, թե՞ հերյուրանք տարածելու համար, պատասխանեց. «Բոլորի համար»:
Լուսինե Աշուղյանը Լուսինե Սարգսյանից նույնպես պահանջեց նշել անուններ, ում մոտ ինքը սպառնալիքներ է տարածել: «Ոչ մեկի անունը չեմ թվում, տարբեր մարդկանց մոտ տարբեր տեղերում»,- ասաց Լուսինե Սարգսյանը:
«Տարբեր տեղերում սպառնացել է` կպաշտպանի միայն իմ դիակի վրայով»,-դատարանին հայտնեց Լուսինե Սարգսյանը:
«Ո՞ւմ դիակի վրայով, ի՞մ»,- հարցրեց Լուսինե Աշուղյանը:
«Քո»,- պատասխանեց Լուսինե Սարգսյանը:
«Իմ դիակը եւ Ձեր դիակը նույնակա՞ն են»,- զարմացավ Լուսինե Աշուղյանը:
Հայցվորի ներկայացուցիչ Վանո Եղիազարյանի հարցին` Լուսինե Աշուղյանը նպատակ ունեցե՞լ է խանգարելու Ձեր ատենախոսության պաշտպանությունը, Լուսինե Սարգսյանը պատասխանեց`այո: Հարցին` ի՞նչ ձեւով է նա իրեն դրսեւորել, պատասխանեց` խանգարողի դերում: Մյուս հարցին` ինչո՞վ է դա արտահայտվել, տրվեց հետյալ պատասխանը. «Հենց իր ներկայությամբ փորձել է բարոյահոգեբանական ճնշում գործադրել իմ վրա»:
«Թատրոն է սարքել»,- իր կողմից մեկնաբանեց Վանո Եղիազարյանը:
Լուսինե Աշուղյանը պահանջեց դատարան բերել Լուսինե Սարգսյանի ատենախոսության պաշտպանության տեսաձայնագրությունը:
Մեկնաբանել