
Նախարարը կուսակցական ընկերներին չի կարողացել մերժել
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնում, ինչպես եւ սպասվում էր, նշանակել է Գայանե Էդիլյանին, վերջ դնելով կրթօջախում ստեղծված խճճված պատմությանը:
Հիշեցնենք, որ դպրոցի կառավարման խորհրդի երեք անդամներն առանց հիմնավոր պատճառաբանության, երկու անգամ չեն ներկայացել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Արդյունքում՝ մրցույթը չի կայացել, եւ ըստ կարգի՝ տնօրեն ընտրելու իրավասությունն անցել է նախարարին:
Կառավարման խորհրդի բացակայած անդամներից երկուսը՝ Էմմա Պետրոսյանը եւ Մարիաննա Մարդանյանը, դաշնակցական են, եւ դեռ այդ օրերին խոսակցություններ կային այն մասին, որ ՀՅԴ Տավուշի մարզային կառույցը նախարարի առաջ հարց է դրել նշանակել առաջադրված երկու թեկնածուներից այն մեկի օգտին, ով Դաշնակցության համար առավել ընդունելի է: Խոսքը հենց Գայանե Էդիլյանի մասին է: ՀՅԴ մարզային կառույցը մյուս թեկնածուին՝ Արմեն Խոջայանին, համարում է ՀՀԿ-ի վստահելի անձը, իսկ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ բոլոր քաղաքական ուժերին քվեներ են անրաժեշտ:
Մեր առաջին հոդվածից հետո նախարարը շրջաբերական էր իջեցրել մարզպետարաններին, դպրոցներին, թե՝ մի քաղաքականացրեք կրթօջախները: Եվ դրանից օրեր անց՝ կայացրեց իր «ապաքաղաքական» որոշումը, տնօրեն նշանակելով կուսակցության մարզային կառույցի կողմից նախընտրելի թեկնածուին:
Այդ ընթացքում «Հետք»-ը հարցեր էր ուղղել Լեւոն Մկրտչյանին, խնդրելով մեկնաբանել Իջեւանի ավագ դպրոցում ստեղծված իրավիճակը:
Նախարարից հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հարցին, որ դպրոցի կառավարման խորհրդի նախագահը եւ անդամները երկու անգամ տապալել են մրցույթի կայացումը: Կամ՝ որ նրանց թվում են իր կողմից նշանակված անդամները, այն էլ՝ ՀՅԴ-ից:
Փետրվարի 22-ին նախարարությունից «Հետք»-ին է ուղղվել հետեւյալ գրությունը. «Ի պատասխան նախարարին ուղղած ձեր գրության՝ Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթի անցկացման վերաբերյալ՝ տեղեկացնում ենք, որ բարձրացված հարցերը ուսումնասիրվում են»:
Ինչպես հետո տեղեկացանք, այդ գրությունից երկու օր առաջ Գայանե Էդիլյանն արդեն նշանակվել էր Իջեւանի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնում:
Այսօր Կրթության եւ գիտության նախարարությունից ստացել ենք մեր հարցման պատասխանը:
Գրության մեջ նշվում է, որ նախարարությունը միջոցներ է ձեռնարկել եւ պարզաբանում պահանջել Իջեւանի ավագ դպրոցի կառավարման խորհրդի բացակայած անդամներից, եւ որ նրանք տնօրենի թափուր տեղի համար մրցույթի նիստին չեն ներկայացել հիվանդության պատճառով:
Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի կրկնակի մրցույթի արդյունքում, ըստ նախարարությունից մեզ ուղղված պատասխանի, տնօրեն չի ընտրվել, եւ ԿԳՆ են ներկայացվել տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:
Այստեղ, սակայն, մեղմ ասած անճշտություն լա: Իրականում դպրոցի տնօրենի թափուր տեղի կրկնակի մրցույթը ոչ թե «կայացել է, եւ տնօրեն չի ընտրվել», ինչպես նշված է ԿԳՆ պարզաբանման մեջ, այլ չի կայացել՝ կրկին կառավարման խորհրդի անդամների բացակայության պատճառով: Այդ մասին «Հետք»-ին պատմել են կառավարման խորհրդի անդամներ Մարիաննա Մարդանյանը եւ Հասմիկ Ասիրյանը: Մարդանյանն ասել էր, որ առաջին բացակայությունը եղել է խիստ զբաղվածության պատճառով, երկրորդը՝ վատառողջ լինելու, իսկ Ասիրյանը՝ որ առաջին անգամ բացակայել է վատառողջ լինելու, իսկ երկորդ անգամ՝ որպեսզի ստիպված չլինի իր գործընկերներից որեւէ մեկին «դեմ» քվեարկելու:
Այս հանգամանքը նախարարն անուշադրության է մատնել: Ինչեւէ, ղեկավարվելով «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» 28.1 կետի պահանջներով՝ Լեւոն Մկրտչյանի հրամանով 2017 թվականի փետրվարի 20-ից դպրոցի տնօրեն է նշանակվել Գայանե Էդիլյանը:
Մեր հարցին, թե այս դեպքից հետո հնարավո՞ր է՝ փոխվի տնօրենների ընտրության կարգը, ԿԳՆ-ից պատասխանել են, որ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնց շրջանակում կհստակեցվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման մարմինների ձեւավորման եւ տնօրենի ընտրության գործընթացի հետ կապված հարաբերությունները:
Իսկ մինչ այդ, հասկանալի է, ընտրություններ են, եւ ցանկացած քաղաքական ուժի անհրաժեշտ են քվեներ:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, հիշեցնենք, ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին հնգյակում է:
Մեկնաբանել