
Խորոված` պոչամբարների կողքին
Սա հումոր չէ, իրականություն է: Ճոճկանի պոչամբարի մոտ հանգստի տաղավար է դրված: Ախթալայում էլ Նահատակի պոչամբարի մոտ` Մեծ Այրում գնացող ճամփեզրին կուտակված 96 հազար խմ պոչանքներից մի քանի քայլի վրա, տաղավար կա: Հանգստի տաղավարի կողքով է անցնում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատից դեպի Ճոճկանի պոչամբար գնացող պոչանքների խողովակը: Խողողովակների վթարների հետևանքով պոչանքներով աղտոտված է Ախթալայից Մեծ Այրում գնացող ճանապարհի այդ հատվածը: Տաղավարում ախթալացիները գարնան գալու պես խորոված են անում:
Մարդիկ էլ պոչանքի կողքին ուտում, խմում, միմյանց առողջություն և արևշատություն են մաղթում: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը գտնվում է Ճոճկան և Մեծ Այրում համայնքների վարչական տարածքներում: Անծանոթ մարդու համար հեռվից պոչամբարը գեղատեսիլ լիճ է հիշեցնում: Շրջակայքում պոչամբարի վտանգների մասին նախազգուշացնող ցուցանակներ այդպես էլ չեն տեղադրվել:
Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը տեղյակ էր այդ տաղավարից: «Նկատել եմ, ճոճկանցիները այդտեղ չեն նստում և չեն հանգստանում: Մենք հանգստանալու համար լավ անտառներ ունենք: Տաղավարը 2008թ. Մեծ Այրում-Ճոճկան մինչհամայնքային ճանապարհը ասֆալտապատելիս տեղադրել են ճանապարհի վրա աշխատող ասֆալտագործները՝ իրենց հանգստանալու և ճաշելու համար», - հայտնեց գյուղապետը:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ պոչամբարի վտանգներին անտեղյակ ԼՀԿ-ի պոչամբարի աշխատողները հենց պոչամբարում աշխատանքային ժամերին իրենց ուտելու համար նույնիսկ լոբի, վարունգ և լոլիկ էին ցանել:
Մի քանի անգամ ավտոմեքենայով Մեծ Այրում բարձրանալիս ամառվա տապին նկատել եմ «Նահատակի» պոչամբարի հարևանությամբ տեղադրված հիշատակի աղբյուրը` հանգստի տաղավարով և խորովածի կրակարանով: Տաղավարում հանգստացող մարդկանց մեջ նկատել եմ նաև երեխաների և նրանց խորովածի կրակի բարձրացող ծուխը:
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը նույնպես տեղյակ էր պոչանքի մոտ տեղադրված հանգստի տաղավարից: «Մասնավոր մարդ է կառուցել, մեր վարչական տարածքում է, մարդիկ չեն օգտագործում, բայց ոնց արգելեմ մարդկանց», - ասաց Հայկազ Խաչիկյանը:
Այն, որ տաղավարը օգտագործվում է, փաստում էր նաև խորովածի կրակարանի մեջ մնացած, կիսով չափ այրված փայտն ու կրակարանի տակ գտնվող փայտի կույտը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել