
Հացթուխ Մանուշը Լոնդոնից ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն դեռ որոշում չի կայացրել (տեսանյութ)
Մանուշ Եղիշյանը 21 տարի է՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի 88 ընտանիքների համար լավաշ է թխում: Սկզբում հաց թխել սովորել է՝ երեխաներին գոնե ցամաք հացով ապահովելու համար, սակայն քիչ-քիչ սիրել է իր աշխատանքը: Նրա խոսքերով, եթե նույնիսկ շատ հարստանա, հաց թխելը չի թողնի, քանի որ ունի լայն շրջապատ, ընկերություն, հարգանք ու պատիվ:
Մանուշն իր գործը համարում է մասնագիտություն եւ վիրավորված է, որ ուսուցչի, սահմանապահի, բանակի ու հաղթանակի տոն կա, բայց հացթուխի տոն Հայաստանում չկա: Եթե պատգամավորներն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չգան, որոշել է առաջիկայում անձամբ նախաձեռնել այդ տոնը: Մանուշի հաշվարկներով, եթե հացթուխի տոն լինի, համագյուղացիները նույնիսկ համակարգիչ կարող են իրեն գնել, ինչը կթեթեւացնի նաեւ նրանց գործը:
«Հիմա մարդիկ ոտքով են գալիս մեր տուն, որ ասեն, թե որ օրն են հաց թխելու: Այդ ժամանակ կոմպյուտրով պատվերները կընդունեմ, հետները կխոսեմ: Հետո էլ եղանակը կիմանամ՝ հաց թխելու համար օրը բարենպա՞ստ է, թե՞ չէ: Երեւի դրանից հետո կյանքս մի քիչ հետաքրքիր կլինի, լայն շրջապատ կստեղծեմ, նոր կոլեգաներ կգտնեմ: Բայց ինձ համար երազանքի պես բան է կոմպյուտրը»,- ասում է Մանուշը:
Համակարգչով հացի պատվեր ընդունելը Մանուշի միակ նորարարական գաղափարը չէ: Նա վերջերս որոշել է առատ ձյան դեպքում համապատասխան գրություն փակցնել իր տան պատին, որ հաց թխելու ցանկություն ունեցողների ամուսինները սահնակով գան իր հետեւից: Սկզբում այդ մասին մտածել է, ապա վախեցել, որ սահնակի վրայից կընկնի ու վնասվածք կստանա: Հետո էլ այլ ռիսկերի մասին է մտածել. «Կլիենտներ ունեմ, որոնց ամուսինները շատ չաղ են, ու ես հանկարծ սահնակով գամ ու նրանց ոտքերի արանքով անցնեմ, բայց երեւի չեմ էլ անցնի, կլռվեմ»,- ասում է հացթուխ Մանուշը:
Մեր այցելության պահին նա համագյուղացիներից մեկի տանը հաց էր թխում: Դեռ հեռվից լսվում էր նրանց բարձր ծիծաղի ձայնը: Ինչպես նրանք էին ասում` Մանուշի լեզուն ոսկոր չունի, սիրում է սուր կատակներ անել, ինչն էլ ուրախություն է պատճառում բոլորին: Արտաքնապես ուրախ, ժպտերես կինը բազմաթիվ դժվարություններ ունի, սակայն այդ մասին չի բարձրաձայնում:
Տունը, որտեղ ապրում է նրա ընտանիքը, վթարային է: Դրսից պատերը խարխլված են, տեղ-տեղ` փլուզված: Մանուշը պատմեց, որ համագյուղացիներից մեկն օգնել է իրենց, որպեսզի շինանյութ ձեռք բերեն նոր տուն կառուցելու համար: Վթարային տան կողքին արդեն գցված է նոր տան հիմքը, մի քանի շարքով արդեն պատ է կանգնած, սակայն այն ամբողջացնելու համար գումար է անհրաժեշտ:
Մանուշն ապրում է ամուսնու, սկեսրոջ եւ 3 երեխաների հետ: Ընտանիքի միակ աշխատողները մայր ու որդի են: Տղան աշխատում է գյուղի արհեստական լճակներից մեկում եւ օրավարձով ձուկ ու խեցգետին է որսում: Իսկ Մանուշը լավաշ թխելով՝ օրական 10 հատ լավաշ եւ 2-3 հազար դրամ է տանում տուն: Նա իր վարձատրության չափը որոշում է մարդկանց բնավորությամբ: «Լավ մարդկանց համար թխում եմ 2000 դրամով, իսկ «մռթոշների» համար՝ 3000 դրամով: Բացի այդ, օրը 10 լավաշ եմ տուն տանում: Կարող ա նույնիսկ Ինդիրա Գանդին ամեն օր թարմ հաց չի կերել, բայց մենք ուտում ենք»,- նշում է Մանուշը:
Որպես եկամուտ դիտարկվում է նաեւ սկեսրոջ 8000 դրամ թոշակը: Մանուշի խոսքերով՝ հարուստ ազգականներ շատ ունեն, սակայն երբեք նրանցից գումար չեն խնդրել: Ավագ որդին, որը 23 տարեկան է, կտրականապես հրաժարվել է որեւէ մեկի օգնությունից՝ ասելով, որ իր քրտինքով է ցանկանում տուն կառուցել եւ ապրել: Հարուստների շրջապատում նրանք փորձում են հարուստ երեւալ, որպեսզի ոչ մեկի մոտ խղճահարություն չառաջանա իրենց նկատմամբ:
Հենց այդ պահին Մանուշը վերհիշեց, թե ինչ զգացումներ է ունեցել, երբ հրավիրված է եղել հարուստ ազգականի որդու հարսանիքին: Ըստ նրա` հագել է գյուղում «հարգի» բավականին փակ զգեստ, սակայն ազգականների սրտով չի եղել, քանի որ հյուրերը մեծահարուստներ են եղել: Մանուշին տարել են մի սենյակ եւ ասել, որ իրենց զգեստներից հագնի:
«Սկզբից տարան ինձ սենյակ, ասին, թե պետք ա այս շորը հագնես, տեսա՝ մի շորի փոքր կույտ էր դրված, վերցրեցի ձեռքս, կարելի էր ասել՝ մերկ մարմնի մի փոքր հատված ծածկող շոր էր, բայց ստիպեցին ու հագա: Բոլորն ուրախ-ուրախ առաջ էին գնում, ես հետ էի մնում, որ մարդիկ բաց մեջքս չտեսնեին: Մարդիկ պարում, ուրախանում էին, բայց ես ձեռքս չէի պարզում, որ ուտելիք վերցնեի, վախենում էի՝ հագիցս շորը կընկնի, ու ուրախությունը տխրություն կլինի իմ համար: Տեսա, որ բոլորը նույն շորերը հագած իրենց ազատ են զգում, ես էլ սկսեցի քիչ-քիչ ձեռքս առաջ պարզել, տեսա՝ չէ, լավ էլ շոր ա, ու ընտելացա»,- պատմում է Մանուշը:
Ամենից շատ Մանուշը ընկճվում է, երբ քաղաքացիները գյուղացուն «ձեռք են առնում», մանավանդ վերջին մի քանի տարիներին հեռուստաեթերով են սկսել ծաղրել:
«Հիմա գյուղացիներ կան, որ քաղաքացուց հազար անգամ լավ են ապրում՝ թե իրենց խոհանոցով, բաղնիքով, ամեն ինչով: Գյուղերում հիմա ույուտը լավ ա: Շատ երգիչներ, դերասաններ գյուղից են գնացել քաղաք, իրանց թվում ա, թե մենք չգիտենք, թե որտեղից են կամ իրենց բնութագիրը չգիտենք, բայց հիմա գյուղացիներին ձեռք են առնում: Մենք էլ կարող ենք լավ հագուստ հագնենք, մեզ ցույց տանք: Հիմա կարող ա ընենց հագնվեմ, որ իմ գյուղացին էլ տենա ու չճանաչի»,- ասում է նա: Ըստ նրա` գյուղում տանջանքը շատ է, սակայն չի ցանկանում քաղաքում ապրել, քանի որ գյուղում ավելի հետաքրքիր է:
Մանուշը, բացի հաց թխելը, այլ «մասնագիտություն» էլ ունի: Նա որոշել է զբաղվել նաեւ գյուղի երիտասարդներին ամուսնացնելու խնդիրներով: Եթե սիրահար զույգերը նույն գյուղից են, ապա Մանուշը սկսում է խոսք տանել-բերել, հանդիպումներ կազմակերպել, որ, ի վերջո, հասնեն իրար: Մի անգամ նույնիսկ Ջանֆիդա գյուղի աղջիկներից մեկի մայրը, տեղեկանալով Մանուշի դերակատարության մասին, որ նպաստում է աղջկա ու համագյուղացի տղաներից մեկի սիրային կապին, ծեծել է նրան: Ըստ Մանուշի` «էնպես ինձ խփեց պատին, որ թոքերս եկան բերանս»:
Թեեւ Մանուշը բոլոր սիրային հարցերում դերակատարում ունի, սակայն իր որդուն օգնել չի կարողանում: Ասում է, որ ինքը «պրոբլեմ չունի» աղջկան համոզելու հարցում, սակայն տղան այնքան պիտի համբերի, մինչեւ տունը կառուցեն: Իսկ նոր տուն ունենալը Մանուշի երազանքն է: Մանուշը ամռանը Բաղրամյանում մասնակցել է մի ցուցահանդեսի եւ արժանացել մեծ ուշադրության: Նրան նույնիսկ ֆիլմերում նկարահանվելու առաջարկ են արել: Առաջարկ է ստացել նաեւ Լոնդոնից, սակայն դեռ մտածում է, քանի որ ամուսնու եւ որդու հետ ընդհանուր հայտարարի չեն եկել: «Գյուղում ձեւն ուրիշ ա, ստեղ մարդիկ ավելի խանդոտ են: Ոչ մի տղամարդ չի թողնի, որ իր կինը միայնակ հեռու տեղ գնա»,- ասում է Մանուշը:
Հիմա նա լրագրողների հարցում էլ է բծախնդիր դարձել: Նախապես ճշտում է՝ արդյոք իրենից հարցազրույց վերցնող լրագրողը «նորմա՞լ» լրագրող է, ճանաչվա՞ծ է, թե՞ ոչ: Լրագրողի արտաքինի հարցում նույնպես Մանուշը պահանջկոտ է: Մինչ նրան հանդիպելը ինձ համար արդեն բարեխոսել էին, այդ իսկ պատճառով համաձայնեց զրուցել:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել