
«Անընդհատ փորձում էին այլ կուրսանտներին քաշել կոնֆլիկտների մեջ». սպանված կուրսանտի գործով վկան՝ ամբաստանյալների մասին
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց հունվարի 28-ի, լույս 29-ի գիշերը զորամասի երկրորդ հարկում հերթապահ եղած Ասատուր Շահնազարյանը: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր հերթապահության օրը ծառայությունը թերի է կատարել և գնացել է քնելու:
Դատարանում հրապարակվեցին կուրսանտի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Վերջինս իր ցուցմունքներում բացասական է բնութագրել գործով ամբաստանյալներին, նշել, որ անընդհատ փորձում էին կուրսի այլ կուրսանտներին քաշել կոնֆլիկտների մեջ:
Վկան նախաքննական ցուցմունքներից մեկում խոսել է նաև սպանության նյութերի հիման վրա հարուցված և այդ գործի հետ քննվող, ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի մասնակցությամբ գործից՝ պատմելով Սաֆարյանի և Արտուշ Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:
Մասնավորապես՝ Շահնազարյանը հայտնել է, որ վերը նշված կուրսանտների միջև կոնֆլիկ է առաջացել, Սաֆարյանը հարվածել է Սիմոնյանին, վերջինս էլ փորձել է պաշտպանվել: Մինչդեռ դատարանում Շահնազարյանը հայտնեց, թե Սաֆարյանը չի հարվածել Սիմոնյանին, այլ պարզապես քաշքշուկ է եղել նրանց միջև:
Ըստ վկայի՝ այս դրվագի վերաբերյալ նախաքննական ու դատաքննական իր ցուցմունքների միջև առկա հակասության պատճառն այն է, որ Արտուշ Հակոբյանն իրեն հետագայում է հայտնել, որ Վարազդատն իրեն չի հարվածել:
Գործով դատախազը հարց ուղղեց վկային, թե արդյոք վերջինս կաշկանդվածություն ունի ամբաստանյալների ներկայությամբ ցուցմունք տալիս: Շահնազարյանը բացառեց նման հանգամանքի առկայությունը:
Նախաքննության ընթացքում Շահնազարյանը հայտնել է նաև, որ երբ Հայկազ Բարսեղյանի սպանության մասին հայտնի է դարձել, ինքը Վարազդատ Սաֆարյանի վարքում տարօրինակություններ է նկատել:
«Վարազդատը սկսեց դողդողալ ու անկապ սրանից-նրանից ծխախոտ էր ուզում, ուրիշ որևէ մեկի վարքագծում որևէ փոփոխություն չեմ նկատել»,- գրել է Շահնազարյանը:
Դատարանում ցուցմունք տվեց սպանությունից ժամեր առաջ ամբաստանյալներից ոմանց հետ կերուխումի մասնակցած վկա Հարություն Բալդրյանը:
Վկայի խոսքով՝ հունվարի 28-ին` ժամը 22:30-ի սահմաններում ինքը, սպանության գործով ամբաստանյալներ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Վարազդատ Սաֆարյանն ու ևս 4 կուրսանտներ զորամասի պահեստասենյակում հաց են կերել և մեկ շիշ օղի խմել` յուրաքանչյուրն, ամենայն հավանականությամբ, 2-ական բաժակ: Ըստ վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի՝ օղու շիշը եղել է 700 գրամանոց, և այն կերուխումի ժամանակ դատարկվել է:
Բալդրյանի պնդմամբ՝ ինքը կերուխումի ժամանակ ամբաստանյալներ Գնել Թևոսյանին ու Նորիկ Սահակյանին, ինչպես նաև սպանված Հայկազ Բարսեղյանին չի տեսել, ժամը 23:00-ի կամ 24:00-ի սահմաններում հավաքվածները գնացել են քնելու, և միայն առավոտյան է իմացել, որ Հայկազ Բարսեղյանը պտտաձողից կախված վիճակում է հայտնաբերվել:
Վկայի՝ դատարանում տված ցուցմունքի համաձայն՝ ինքը կերուխումի ժամանակ չի լսել Հայկազ Բարսեղյանի վերաբերյալ որևէ խոսակցություն, նրան հայտնի չէ նաև, որ սպանության նախորդ օրը Վաչե Սահակյանի ու Հայկազ Բարսեղյանի միջև որևէ միջադեպ է տեղի ունեցել:
Մինչդեռ նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից մեկում Բալդրյանը հայտնել է, որ Հայկազ Բարսեղյանի սպանությանից հետո՝ նույն օրը իրեն պատմել են Սահակյանի ու Բարսեղյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին: Թե ով է այդ միջադեպի մասին հայտնել Բալդրայանին, վերջինս նախաքննական ցուցմունքում չի նշել, չի հայտնել նաև միջադեպի մասին որևէ այլ տեղեկություն՝ պատճառաբանելով, որ ավելին չգիտի, չի հիշում, թե ով է իրեն ասել:
Հաշվի առնելով վկայի ցուցմունքում առկա այս հակասությունը՝ դատախազ Հայկ Հարոյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն վկայի նախաքննական ցուցմունները, որին դեմ արտահայտվեցին Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանն ու Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը: Պաշտպանական կողմի կործիքով՝ վերը նշված հանգամանքն էական հակասություն չէ, բացի այդ՝ վկա Բալդրյանն իր նախաքննական ցուցմունքում չի նշել իր տված ինֆորմացիայի աղբյուրը:
Դատավոր Դավիթ Հարությունյանը, այնուամենայիվ, բավարարեց դատախազի միջնորդությունը, նշեց, որ վկայի հայտնած ինֆորմացիայում աղբյուրի բացակայության հանգամանքը հետագայում դատարանի կողմից գնահատվելու ենթակա հանգամանք է և հրապարեց վկայի նախաքննական ցուցմունքը:
Առկա հակասության վերաբերյալ Բալդրյանը վերջնական ու միանշանակ բացատրություն չտվեց: «Ինչքան գիտեմ՝ չեմ լսել, բայց լսել էի, որ հակասություն է եղել Հայկազ Բարսեղյանի ու չեմ հիշում ում մեջ»,- եղավ այս կապակցությամբ Բալդրյանի միակ մեկնաբանությունը:
Նշենք, որ նախաքննության ընթացքում տված ցուցմուններում Բալդրյանն իր մասնակցությամ կերուխումի այլ հանգամանքեր ևս հայտնել էր, նշել, որ ուտելիքը և խմիչքը կուրսանտ Արթուր Վահանյանի մոտ է եղել, և կերուխումից հետո դրա մնացորդներն իր հետ տարել է ամբաստանյալ Մովսես Ազարյանը:
Նշել էր նաև, որ զորամասի մարտկոցում ինքը տեսել է օրվա օրապահին ու հերթապահին՝ Թելման Մխիթարյանին ու Խաչիկ Մինասյանին:
Ըստ վկայի՝ ինքը դեպքից հետո որևէ անձի որևէ բան չի հարցրել, ռազմական ոստիկանությունից է իմացել, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ձերբակալվել են Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը:
Ինչ վերաբերում է սպանության գործի հետ քննվող, Վարազդատ Սաֆարյանի մասնակցությամբ մյուս քրեական գործին, ապա վկան այս առնչությամբ որևէ էական հանգամանք չհայտնեց: Վերջինս նշեց, որ Վարազդատ Սաֆարյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել, նրա և ինստիտիուտի այլ կուրսանտների մասնակցությամբ որևէ միջադեպ չի հիշում: (Սաֆարյանը մեղադրվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Արտուշ Սիմոնյանին, ինչպես նաև Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի հետ միասին նույն ինստիտուտի կուրսանտ Տիգրան Մանասերյանին ծեծի ենթարկելու մեջ):
Նշենք, որ գործում առկա են նաև հունվարի 28-ի երեկոյան զորամասի պահեստամասում արված լուսանկարներ, որոնցից որևէ մեկում Գնել Թևոսյանն ու Նորիկ Սահակյանը չկան: Բալդրյանը դատարանին հայտնեց, որ լուսանկարներն արվել են Մովսես Ազարյանի մոտ գտնվող հեռախոսով:
Մեկնաբանել