
«Արթուր Սարգսյանն այլևս չի կարողանում քայլել, ձայնը գրեթե լսելի չէ». փաստաբաններ
«Հաց բերող» անունով հայտնի կալանավոր Արթուր Սարգսյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը և Վահե Գրիգորյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել են հայտարարություն` հացադուլ հայտարարած իրենց պաշտպանյալի առողջական վիճակի մասին, որը մեջբերում ենք նույնությամբ.
«10.02.2017թ. առ այսօր Արթուր Սարգսյանը հացադուլի մեջ է: Այս ամբողջ ընթացքում նա չի ընդունել որևէ դեղամիջոց իր հիվանդությունների հետ կապված, այդ թվում՝ ցավազրկող դեղամիջոցներ, ինչը պայմանավորված է հացադուլով. ընդունելու դեպքում դեղամիջոցները էլ ավելի կվատթարացնեն նրա առողջական վիճակը՝ հատկապես կապված աղեստամոքսային համակարգի խնդիրների հետ: Այս ողջ ընթացքում Սարգսյանի առողջական վիճակը վատթարանում է, նրա մոտ առկա են ցավեր ողնաշարի և ոտքերի հատվածում (պայմանավորված Բեխտերևի հիվանդությամբ), աչքերի ցավեր լույսից, որովայնի ցավեր: Վերջին 10 օրվա ընթացքում նաև արցունքակալում են Արթուր Սարգսյանի աչքերը, նա ունենում է գլխապտույտներ: Փետրվարի 15-ից սկսած՝ Արթուր Սարգսյանի մոտ մի ժամանակ առ ժամանակ լինում են արյունային փսխումներ, հատկապես՝ 23.02.2017թ. դրանք օրվա ընթացքում կրկնվել են մի քանի անգամ և եղել են մեծածավալ:
25.02.2017թ. սկսած՝ ֆիզիկական հյուծվածության հետևանքով Արթուր Սարգսյանն այլևս չի կարողանում քայլել անգամ բնական կարիքները հոգալու համար:
25.02.2017թ. Արթուր Սարգսյանի մոտ այտուցվել է նրա աջ ոտքի ծունկը, ինչի պատճառը հայտնի չէ, չնայած այդ կապակցությամբ հերթապահ բժիշկը զննել է Ա.Սարգսյանի ոտքը: Ֆիզիկական հյուծվածությունը արդեն այն աստիճան է որ էապես դժվարացնում է նաև խոսելու հնարավորությունը՝ ձայնը գրեթե լսելի չէ»:
Մեկնաբանել