
«Արմենիան Քափըր Փրոգրամը» ձմռանը կապարի, մկնդեղի և քրոմի մեծ պարունակություններով 110 տոննա խարամ է հատկացրել Ալավերդու քաղաքապետարանին
Քաղաքապետարանը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարանի արտադրության հետևանքով առաջացած 110 տոննա խարամը (շլակ) փռել է Ալավերդու ներհամայնքային բոլոր ճանապարհներին, դպրոցական, նախադպրոցական հիմնարկների և բնակելի շենքերի բակերում՝ ճանապարհները անցանելի դարձնելու համար: Ձյունը հալվելուց հետո քաղաքը թաղված է մնացել խարամի մեջ՝ իր բոլոր վտանգներով: Խարամը Ալավերդու բանուկ փողոցներից, նախադպրոցական, դպրոցական հիմնարկների և բնակելի շենքերի բակերից անհապաղ չհեռացնելու դեպքում, հատկապես գարնան քամիների պարագայում, լուրջ վտանգներ կստեղծվեն բնակչության առողջության համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման» կենտրոնը Ամերիկյան Բլեքսմիթ ինստիտուտի հետ 2013թ. հետազոտելով Ալավերդու բնապահպանական և առողջապահական ռիսկերը` հայտնել էր, որ պղնձաձուլարանի արտադրության հետևանքով առաջացող խարամը (շլակը) չափազանց վտանգավոր է բնակիչների, հատկապես՝ երեխաների առողջության համար:
«Մեր հետազոտության ընթացքում ստուգել ենք խարամի չորս նմուշներ, որի արդյունքում հայտնաբերել ենք, որ բոլոր նմուշներում կապարի քանակի առավելագույն խտությունը գերազանցել է 2,4-2,5 անգամ, արսենի (մկնդեղի) առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է 28,6-50,4 անգամ, քրոմի քանակի առավելագույն թույլատրելի խտությունը գերազանցել է 15,5-94,7 անգամ»,-հայտնել է Ամերիկյան համալսարանի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը»:
Կենտրոնը դեռ 2013թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանն առաջարկել է անհապաղ միջոցներ ձեռնարկել խարամը Ալավերդի քաղաքից հեռացնելու և մեկուսացնելու համար, ինչպես նաև արգելել խարամի հետագա օգտագործումը: Այս հետազոտությանը «Հետքը» անդրադարձել է՝ նշելով, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը խարամի հսկայական քանակություն շարունակում է կուտակել Դեբեդ գետի ափերին եւ էքսկավատորով պարբերաբար թափում գետը:
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը չի հերքել ինչպես Ամերիկյան համալսարանի «Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման» կենտրոնի հետազոտության արդյունքները, այնպես էլ՝ «Հետքի» հրապարակած փաստերը:
Ընկերությունը այսօր էլ շարունակում է խարամով Դեբեդի աղտոտումն ու Ալավերդիում խարամի օգտագործումը:
Պատասխանելով «Հետքի» հարցմանը` փետրվարի 23-ին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը հայտնել է, որ «2016-2017թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքների համար համայնքի բյուջեից ծախսվել է շուրջ 1,6 մլն դրամ: Ձյան առատ տեղումների ժամանակ ներհամայնքային ճանապարհները անցանելի դարձնելու նպատակով քաղաքապետարանի կողմից օգտագործվել է շուրջ 110 տոննա խարամ (շլակ) և 10 տոննա աղ: Կարեն Փարեմուզյանը երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ալավերդու պղնձաձուլական գործարանում, բանից պարզվում է` այդ տարիներին նա անտեղյակ է եղել պղնձաձուլարանում պղնձի արտադրության հետևանքով առաջացող խարամի վտանգներին։
«Տարիներ շարունակ Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն Ալավերդու Սանահին կայարանային թաղամասից մինչև Ս./Սարահարթ թաղամաս տանող կամուրջը և Էնգելս թաղամասի տարածքում ճանապարհն անցանելի դարձնելու նպատակով ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվել կրկին խարամ և աղ օգտագործելով»,-հիշեցրել է Կարեն Փարեմուզյանը:
Քաղաքապետի տրամաբանությամբ, եթե խորհրդային տարիներին խարամի վտանգները թերագնահատվել են, դա իրավունք է վերապահում իրեն վտանգները թերագնահատել նաև այսօր: Կարեն Փարեմուզյանն իր պատասխան գրությամբ նաև հայտնել է. «Խարամի պարունակությունների և բնակչության առողջության համար դրա վտանգների մասին, կարծում եմ, Ալավերդու համայնքապետարանը չէ, որ պետք է տեղեկատվություն տրամադրի: Բնակչության առողջության համար վտանգավոր պարունակություններ կան նաև հողի և աղի բաղադրության մեջ: Իսկ ձյան մաքրման և հալեցման աշխատանքները այլ ռեագենտներով իրականացնելու համար Ալավերդու համայնքի բյուջեի միջոցները պարզապես չեն բավականացնի»:
Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ուռուցքաբան բժիշկ, Վահե Տեր-Մինասյանն այսօր «Հետքին» հայտնեց, որ ծանր մետաղները, այդ թվում` կապարը, մկնդեղը և քրոմը ուռուցքածին են, նաև նպաստում են շատ այլ ծանր հիվանդությունների առաջացմանը:
«Կապարը, մկնդեղը և քրոմը երեքն էլ մուտագեն և քաղցկեղածին են: Հիմա ձյունը կհալվի և խարամի ծանր մետաղները ջրով և հողով կփոխանցվեն մարդկանց և երեխաներին»,- հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Կապարի հետ մկնդեղի պարունակությունը 5 անգամ ավելացնում է երեխաների` քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Կապարը հասունացման շրջանում երեխաների օրգանիզմում հայտնվելու դեպքում կուտակվում և պատճառ է դառնում նրանց մտավոր հետամնացության»,- հայտնեց ակադեմիկոս Արմեն Սաղաթելյանը:
Զավեշտալի է, բայց բնապահպանական բազմաթիվ խնդիրներ ունեցող Ալավերդու քաղաքապետը տեղյակ չէ այս ամենից, իսկ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը Բնապահպանության նախարարության բարեհաճ վերաբերմունքի ներքո շարունակում է աղտոտել բնությունը։
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել