
ՃՈ-ի նոր հայեցակարգը. կթեթևանա՞ վարորդների բեռը
Ոստիկանությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել Ճանապարհային ոստիկանության բարեփոխումների հայեցակարգը, որտեղ տեխնիկական առումով նոր մոտեցումներ են մշակվել:
Օրինակ՝ կմշակվի վարչական ակտերի ծանուցման բբջային հավելված, որը հնարավոր կլինի անվճար բեռնել iOS և Android օպերացիոն համակարգերի համար։
Վարչական ակտի վերաբերյալ ծանուցումները վարորդների նաեւ բջջային հեռախոսահամարներին կուղարկվեն կարճ հաղորդագրության միջոցով: Սա լրացուցիչ ծախսեր կբացի, 1 կարճ հաղորդագրության հաշվով՝ 4-5 դրամի չափով: Կանխատեսվում է, որ այս համակարգը կունենա մոտ 100 հազար շահառու, որոնց ծանուցումների տարեկան միջին քանակը կկազմի յուրաքանչյուրի հաշվով 3-4, իսկ ընդհանուրի հաշվով՝ առավելագույնը՝ մոտ 400 հազար կարճ հաղորդագրություն: Այսինքն՝ համակարգի սպասարկման տարեկան ծախսը կկազմի մոտ 2 միլիոն դրամ:
Ծանուցման մատչելիությունն ապահովելու նպատակով որոշումներն էլեկտրոնային եղանակով կառաքվեն նաեւ փոստի տեղական բաժանմունքներ։ Այսպիսով ոստիկանությունը նախատեսում է կրճատել ծանուցման գծով կատարվող ծախսերի մոտ 80 տոկոսը: Նշենք, որ Ոստիկանությունը փոստային ծառայությունների դիմաց ծախսում է միջինը 150-160 միլիոն դրամ, որի մի մասը հենց վարչական ակտերի մասին ծանուցումներն են:
Ոստիկանությունը մտադիր է դադարեցնել տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Այսինքն՝ տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում լրացուցիչ 25 կամ 50 տոկոսի բեռը չի լինի:
Սակայն սրա համար անհրաժեշտ կլինի որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարել: Եթե այդ ինստիտուտը դադարեցվի, ապա կկրճատվեն նաեւ ոստիկանության ֆինանսական մուտքերը: 2016 թվականի 10 ամիսների հաշվարկը ցույց է տվել, որ խոսքը տարեկան մոտ 200 միլիոն դրամի մասին է:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վայրերում առաջացող խցանումները կամ կուտակումները նվազեցնելու նպատակով ոստիկանությունն առաջարկում է մշակել եւ ներդնել պատահարների գրանցման էլեկտրոնային քարտեզ, որը հնարավորություն կտա իրական ժամանակում քարտեզի վրա նշել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը եւ լրատվամիջոցներին (հիմնականում՝ ռադիոկայաններին) ավտոմատ եղանակով տեղեկատվություն տրամադրել այդ մասին:
Մինչեւ 100 հազար դրամ պահանջով նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարները, այսինքն՝ պարզ դեպքերը, վարորդների կողմից ինքնուրույն գրանցելու բջջային հավելվածներ կներդրվեն:
Մեկնաբանել