
Գագիկ Մելիքյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ի հետքերով
Տավուշի մարզի Բերդ քաղաքի սկզբնամասում՝ Մաշտոցի փողոցում գործող գազալցակայանը տեղացիների շրջանում հայտնի է որպես հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանի գազալցակայան:
ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը ծնունդով Բերդից է:
Բերդի Մաշտոցի փողոցում գործող գազալցակայանը շահագործում է «Վիցի գրուպ» ՍՊԸ-ն:
«Վիցի գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին: Գործունեության հասցեն՝ Տավուշի մարզի Պառավաքար գյուղ, 12 փող, 1-ին փակուղի 2:
Ընկերության հիմնադիրներից մեկը Գագիկ Մելիքյանի կինն է՝ Սերինա Առաքելյանը, երկրորդը՝ Երեւանի բնակիչ Անահիտ Քալանթարյանը:
2006 թվականին ընկերության բաժնետերերը փոխվել են: «Վիցի գրուպ» ՍՊԸ բաժնեմասերի ամբողջ փաթեթն անցել է ընկերության տնօրեն Վարդան Առաքելյանին՝ գրանցված Բերդի Այգեստան 78 հասցեում:
Վարդան Առաքելյանը Գագիկ Մելիքյանի աներորդին է:
Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2012 թվականին բացահայտել է, որ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Վիցի գրուպ» ՍՊԸ-ի ավտոգազալցավորման ճնշակայաններում բացակայում են բնական գազի կոմպրեսացված վառելիքի լցավորման բաշխիչ աշտարակները:
Ընկերությունը 2013 թվականին էլ ունեցել է ապառքներ: «Վիցի գրուպ»-ը սահմանված ժամկետում չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ 2 մլն 68 հազար դրամի չափով:
«Վիցի գրուպ» ընկերությունը նաեւ ՀԷԿ է շահագործում: ՀԷԿ-ը գործում է Տավուշի մարզի Պառավաքար համայնքի տարածքում: Կառուցված է Հախում գետի Հախում ջրամբարի եւ Պառավաքարի ջրանցքի վրա:
«Վիցի գրուպ» ՍՊԸ-ն «Հախում» փոքր ՀԷԿ-ում էլեկտրաէնէրգիա արտադրելու մասին լիցենզիա է ստացել 2010 թվականին, 15 տարի գործողության ժամկետով, այսինքն՝ մինչեւ 2025 թվականը: ՀԷԿ-ի հզորությունը 640 կՎտ է, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 0,82 մլն կվտ/ժ:
Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանի հետ «Հետքը» հեռախոսազրույց ունեցավ: Գյուղապետը խոսակցության սկզբում ասաց, որ ՀԷԿ-ը Գագիկ Մելիքյանինն է, հետո հրաժարվեց խոսքից՝ ասելով՝ չեմ ճանաչում ումն է:
Հարցին՝ ընկերությունը համայնքի հետ որեւէ պայմանագիր ունի՞, գործունեության օրից մինչ օրս որեւէ վճարում կատարե՞լ է համայնքային բյուջե, գյուղապետը պատասխանեց. «Տարվա մեջ մի երկու ամիս ա աշխատում, մի զատ էլ ա չի վճարել»:
-Իսկ որեւէ պարտավորություն ունի՞:
-Չէ, չէ, պարտավորություն չունի:
-ՀԷԿ-ը Պառավաքարի տարածքում է գործում: Համայնքի հետ կնքած որեւէ պայմանագիր չունի՞:
-Դե առայժմ ոչ մի բան չի մուծել: Բայց հաշվեհամար են ուզել, որպեսզի հողի վարձակալության վճար մուծեն: Չգիտեմ՝ մուծե՞լ են, թե՞ չէ:
-Ե՞րբ են ուզել:
-Մի տարի առաջ:
-Որքա՞ն հողամաս է վարձակալել:
-Փոքր-մոքր կտորներ է:
-Բայց ընկերությունը ջրօգտագործման թույլտվություն ունի մոտ 8 տարի: Ինչպե՞ս է, որ հողը վարձակալել են ընդամենը 1 տարի առաջ:
-Դե չգիտեմ:
Չնայած Պառավաքարի համայնքապետի պնդումներին, թե «Հախում» ՀԷԿ-ը տարեկան ընդամենը 2 ամիս է աշխատում, ընկերության փոխտնօրեն Արմեն Մելքոնյանը ժամանակին ասել է, որ այն աշխատելու է սեզոնային բնույթով` տարվա 7 ամիսը:
Նախագծի իրականացման համար, ըստ Մելքոնյանի, ներդրվել է մոտ 352 հազար ամերիկյան դոլար:
Նշենք, որ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն ընգրկված է ՀՀԿ նախընտրական համամասնական նոր ցուցակում եւ 29-րդ համարն է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել