
Ի աջակցություն «Հաց բերող»-ի` Աշոտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել
Երեկ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, ի աջակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի, հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը։ Ժամեր անց նրան տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
«Հետք»-ի հետ զրույցում Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն «Հաց բերող»-ին կալանքից ազատելու պահանջի։
«Ասաց, որ ուզում է այս քայլով իր աջակցությունը ցույց տալ։ Հասկանում է, որ որևէ մեկը, հատկապես իշխանություններից, ուշադրություն չեն դարձնի, բայց սրանով կփորձի Արթուր Սարգսյանի կալանքը վերացնելու հարցը ուշադրության կենտրոնում պահել»,- ասաց Պապիկյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ թեև Աշոտ Պետրոսյանը Արթուր Սարգսյանին ՊՊԾ գնդի գրավման օրերին չի տեսել՝ հրազենային վիրավորումով հիվանդանոց տեղափոխվելու պատճառով, բայց և բարձր է գնահատել նրա քայլը։
Պապիկյանը նշեց, որ Աշոտ Պետրոսյանը դեռևս թույլ է, չի կարողանում երկար քայլել: Նա նաև ոչ նպատակահարմար է համարում Պետրոսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու որոշումը, սակայն դրա մասին ավելի ուշ, փաստարկված ձևով կտեղեկացնի պատկան մարմիններին։
Նշենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Մեկնաբանել