
4-ամյա Ռոբերտը ջրախեղդ է եղել Դեբեդում
Ալավերդու քաղաքային համայնքի թիվ 3 նախադպրոցական ուսումական հաստատության սան՝ 4-ամյա Ռոբերտ Դալլաքյանը ժամը 9:30-ի սահմաններում դուրս է եկել մանկապարտեզից, որից հետո մանկապարտեզին հարող փողոցով մոտ 500 մետր քայլելով իջել է Դեբեդ գետի ափ, ընկել գետը և ջրախեղդ եղել:
Թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունը գտնում է Ալավերդի համայնքի Սանահին կայարանային թաղամասում՝ Դեբեդի ափին: Հիշեցնենք, որ այս մանկապարտեզի շենքը 15 մլն դրամ ներդրումային ծրագրով վերանորոգվելուց հետո վերագործարկվել է դեկտեմբերի 28-ին: Մանկապարտեզն ունի մեկ խումբ:
Ուսումնական հաստատության շենքը ցանկապատված է: Սակայն անուշադրության մատնված երեխան մանկապարտեզից դուրս գալուց հետո անծանոթ թաղամասում չի կողմնորոշվել և հայտնվել է գետի ափին:
Դեպքից ժամեր անց թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Ռոզա Ավետյանը հրաժարվեց խոսել մեզ հետ. «Վատ եմ զգում, չեմ կարող խոսել»: Տնօրենը, սակայն այդ պահին բացատրություն էր տալիս ոստիկանության քննիչին:
Լրագրողներիս չհաջողվեց տեսնել դաստիարակ Գայանե Մալխասյանին: Սկզբում մեզ հայտնեցին, թե դաստիարակը վատ է զգացել և գնացել է տուն: Սակայն, հետո պարզեցինք, որ նա փակվել է մանկապարտեզի սենյակներից մեկում և խուսափում է լրագրողներից:
Դաստիարակի օգնական Աննման Լալայանը մեզ հետ խոսելիս չէր կարողանում թաքցնել հուզմուքը. «Առավոտյան ժամը 9:30-նն էր: Այդ ժամին երեխաները պետք է արդեն տեղում լինեին: Ես այդ ժամին իմ մաքրությունն եմ անում: Դա իմ պարտականությունների մեջ է մտնում: Ես այդ պահին զուգարանում եմ եղել, վայ, էլ չեմ պատկերացնում ինչ կատարվեց: Արդեն տեսանք, որ բոլորը խառնված են, մենք էլ բոլորս խառնվեցինք: Երևի ժամը 10-ը կլիներ, նկատեցինք երեխան չկա: Ու արդեն էնենց խառը վիճակ էր: Մենք տեղյակ չենք Ռոբերտը, որ հատվածից է ընկել գետը: Դե որ արդեն գտան երեխային, մենք էդ պահը չգիտեինք, էստեղ մանկապարտեզի ներսում էինք նրան ման գալիս: Ես խմբի դաստիարակի օգնականն եմ: Դաստիարակի ազգանունը Մալխասյան Գայանե է»:
Մանկապարտեզի բուժքույր Վարդանուշ Մնացականյանն ասաց, որ դեպքի ժամանակ ինքն իր գործերով է զբաղված եղել. «Էնա իմացանք երեխան չկա: Երեխան իմ աչքին էլ է երևացել: Վայրկյանների ընթացքում անհետացել էր: Դե էտենց մոտավորապես 9:30-ից մինչեւ 10-ին 20 պակաս ժամանակահատվածում էր Ռոբերտը մանկարտեզից հեռացել»,-ասաց բուժքույրը: Վերջինիս և դայակի խոսքով՝ 4-ամյա Ռոբերտը այսօր երկրորդ օրն էր հաճախում մանկապարտեզ. «Երեկ է առաջին անգամ եկել մանկապարտեզ: Երեկ մանկապարտեզում 2 ժամ է մնացել, ծնողին կանչել ենք, եկել է տարել»:
Վերջինիս խոսքով՝ դայակը տեսել է, որ երեխան ուզում է դուրս գալ շենքից, ներս է բերել ու շարունակել իր առավոտվա մաքրության գործը:
Մինչ մանկապարտեզի աշխատողները նկատում են երեխայի բացակայությունն ու շենքի ներսում որոնում են նրան, գետի մյուս ափից մարդիկ նկատում են ջրի հոսանքի հետ ընթացող խեղդված երեխային: Ամբողջ թաղամասը ոտքի է կանգնում փոքրիկին գետից հանելու համար. «Մենք շենքի ներսում, մահճակալի տակ ման եկանք երեխին: Տեսանք չկա, արդեն շենքից դուրս նայեցինք: Հա, ծնողներին տեղեկացրել ենք, ոնց չենք տեղեկացրել: Սովորաբար մինչև 9:30 երեխաները արդեն մանկապարտեզում են լինում: Ժամը 10-ը չէր լինի, նկատեցինք, որ երեխան չկա»,- պատմեց Վարդանուշ Մնացականյանը:
Քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սուսաննա Շավինյանն ասաց, որ կանոնակարգում է կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառի աշխատանքերը: «Անդառնալի դժբախտություն է պատահել, մեծ կորուստ է շատ: Դե նախաքննություն գնում է, կպարզվի պատճառներն ինչ են: Կոնկրետ երեխան ինչու է դուրս եկել շենքից չգիտեմ, չեմ կարող ասել»,- ասաց Ս․Շավինյանը։ Նրա խոքով՝ թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն 26 երեխա է հաճախում: Այդ օրը մանկապարտեզում եղել է 22 երեխա։
Թե առավոտյան մանկապարտեզի երեխաների ընդունելությունից հետո որտեղ և ինչով է զբաղված եղել դաստիարակ Գայանե Մալխասյանը, չկարողացանք պարզել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել