
Ալավերդիում ծննդաբերելիս մահացել է 33-ամյա Անժելա Ղազարյանը
Փետրվարի 12-ին` ժամը 06:10-ին «Ալավերդի բժշկական կենտրոն»-ում մահացել է 33-ամյա Անժելա Ղազարյանը։ Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում փետրվարի 12-ին` ժամը 03:00-ին Թեղուտ գյուղի բնակիչ 33-ամյա Անժելա Ղազարյանը ծննդաբերել և տղա երեխա է ունեցել՝ 3 կգ 700 գրամ քաշով: Երեխան ծնվել է պարանոցի պորտալարի փաթաթումով:
Այսօր «Ալավերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի «Հետքին» ասաց, որ ժամը 03:10-ին ամբողջական անջատվել է հղիի ընկերքը, որից հետո Անժելա Ղազարյանի մոտ սկսվել է արյունահոսություն: Ծննդաբերողի վիճակը կտրուկ վատացել է ՝ արյան ճնշման կտրուկ անկման և գիտակցության կորուստով:
«Կատարվել է արգանդի խոռոչի ձեռքային շտապ ստուգում, ախտորոշվել է արգանդի պատռվածք»,-հայտնեց տնօրենը: Ս. Մոսինյանի խոսքով, բժշկական կենտրոնի մասնագետների կողմից ենթադրվում է, որ ծննդաբերության ընթացքում Անժելա Ղազարյանի մոտ տեղի է ունեցել տրոմբոէմբոլիա, որը, սակայն, պետք է հիմնավորի դատաբժշկական փորձաքննությունը: Հղիի ծննդաբերությունը վարել է բաժանմունքի բժշկուհի Մարինե Մակիչյանը: Վերջինս բաժանմունքի վարիչ Լ. Մկրտումյանին շտապ տեղեկացրել է հղիի անգիտակից վիճակի մասին:
Ստեփան Մոսինյանը
Ժամը 4:20-ին կյանքի ցուցումով կատարվել է Անժելա Ղազարյանի արգանդի վիրահատություն: Բաժանմունքի վարիչ Լ.Մկրտումյանի և Ստեփան Մոսինյանի հավաստմամբ, հիվանդի վիճակը մնացել է ծանր, անգիտակից: Արյան ճնշումը չի չափվել, զարկերակը չի շոշափվել: Վիրահատարանում կատարվել են արյան ներարկում, սակայն հիվանդի վիճակում այդպես էլ լավացում չի նկատվել և փետրվարի 12-ին` ժամը 06:10-ին, 33-ամյա Անժելա Ղազարյանի մոտ արձանագրվել է մահ: Ս. Մոսինյանի խոսքով, հղիի արգանդի պատռվածքը տեղի է ունեցել կամ մինչև ծննդաբերելը, կամ ծննդաբերելու ընթացքում: Երեխան ծնվել է թթվածնային քաղցով: Երևանից հրավիրվել է ռեանիմոբիլ, որով նորածինին տեղափոխել են Ծերեթելի բժշկական կենտրոն, որտեղ էլ այժմ գտնվում է փոքրիկը:
«Երեկվա դրությամբ նորածինը գտնվում էր միջին ծանրության վիճակում, այսուհանդերձ նրա առողջության զարգացումը դեպի դրական է գնում»,- ասաց Ս. Մոսինյանը: Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Լյուդա Մկրտումյանի խոսքով, Թեղուտ գյուղի բնակիչ, կրկնածին, 33 տարեկան Անժելա Ղազարյանը «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել փետրվարի 9-ին, 41 շաբաթական հղիությամբ: «Փետրվարի 10-ին և 11-ին հիվանդի վիճակը եղել է բավարար, պտղի խաղը եղել է ակտիվ, անցել է գերձայնային և կլինկալաբորատոր հետազոտություններ: Փետրվարի 11-ի երեկոյան` ժամը 9-ին, սկսվել է ծննդաբերական գործունեություն»,- ասում է Լ․Մկրտումյանը:
Բժշկուհի Մարինե Մակիչյանի խոսքով, Անժելա Ղազարյանի ծննդաբերությունը նորմալ է ընթացել, երեխան ծնվել է թթվածնային քաղցով, գրեթե անգիտակից, սակայն իր ռեանիմացիոն գործողությունից հետո երեխայի վիճակում դրական փոփոխություն է նկատվել: Ընկերքն անջատվելուց հետո Անժելայի վիճակը կտրուկ վատացել է, նա գիտակցությունը կորցրել է:
«Հետքը» այսօր Թեղուտում հանդիպել է Անժելա Ղազարյանի հարազատներին: Անժելայի ամուսինը՝ Արկադի Դավթյանն ասաց, որ տեղյակ չէ, թե կնոջ մահը ինչպես է եղել:
Արկադի Դավթյանը
«Ես Անժելային հիվանդանոց եմ տեղափոխել ամսի 9-ին: Այդ ժամանակ նա ցավեր չուներ: Բժիշկներն են ասել, որ շուտ գնա հիվանդանոց՝ իրենց հսկողության տակ լինելու համար: Բժիշկների ասելով` մի քանի օր նրա ծննդաբերելու ժամանակից անցել էր»,-պատմեց Արկադին: Վերջինս նույն օրը մտել է բժիշկների աշխատասենյակ և հարցրել կնոջ առողջական վիճակի մասին. «Կաբինետում Անժելայի հղիությունը հսկող բժշկուհի Ա. Ջավախյանն էր, ոնց որ նաև բաժանմունքի վարիչն էր այնտեղ: Հարցրի կնոջս առողջական վիճակի մասին: Ասացին՝ խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է: Մինչև վաղը կեսօր կծննդաբերի: Ամսի 10-ի առավոտյան նորից գնացի բժիշկների մոտ. «Բա ամեն ինչ նորմալ է, սպասում ենք ցավեր ունենա»: 3-րդ օրը նույն ձևի մտել եմ բժշկի մոտ, արդեն օրվա հերթապահ բժիշկը Ա. Ազատյանն էր: Ասացի, եթե խնդիր կա կնոջս հետ, ինձ ասեք»:
Արկադի Դավթյանի խոսքով, բժշկուհի Ա. Ազատյանը իրեն վստահեցրել է, որ կնոջ մոտ ամեն ինչ նորմալ է, մինչև կիրակի պետք է սպասել: Կիրակի, եթե չազատվի, նոր երկուշաբթի բժշկական միջամտում կանեն: Փետրվարի 12 –ի գիշերվա 12:50-ի սահմաններում Անժելան զանգել է ամուսնուն և ասել է, որ քնած է եղել, դրա համար ուշ է զանգահարում: «Ասաց, նոշպա, հետը չգիտեմ էլ ինչ դեղ են սրսկել, դրա համար է կարողացել քնել: Քունս տանում է, գնում եմ էլի քնեմ»:
Դա էլ եղել է ամուսնու հետ Անժելայի վերջին խոսակցությունը: Գիշերը Արկադիին զանգահարել է Թեղուտի գյուղապետը. «Ժամը մոտավորապես 5-ի կողմերը, մեր գյուղապետն էր զանգողը, ասաց, հիվանդանոցից ասում են` շուտ արի Ալավերդի: Զանգեցի Անժելի հեռախոսին: Բաժանմունքի աշխատողներից մի կին ասաց՝ Անժելայի վիճակը լավ չի, քո ստորագրությունն է պետք, շուտ արի հիվանդանոց: Գնացել եմ հիվանդանոց: Հարցրել եմ՝ ոնց է, ասացին՝ կյանքի և մահվան կռիվ ենք տալիս: Հիվանդանոցում ինձ հայտնեցին, որ մահվան պատճառը ներքին արյունահոսությունն է: Երեխան արդեն ծնվել էր: Այսինքն` ամեն ինչ տեղի ունեցել երեխայի ծնվելուց հետո: Ինքն իրեն ուժերով երեխային ունեցել է, ըստ բժիշկների` երեխան խնդիրներով է ծնվել։ Ես դեռ չեմ կարողանամ հասկանալ, թե դա ոնց է եղել: Բացատրությունը իմ ինչին է պետք, ինձ պետք է, որ իմ կինը հիմա իմ կողքին լիներ»,-ասում է Արկադին:
Անժելան
«Անժելան միչև հիվանդանոց գնալը, հղիության ամբողջ ընթացքում որևէ բողոք չի ունեցել»,-հայտնեց սկեսուրը՝ Անահիտը: Անժելա Ղազարյանը 4 արու զավակների մայր էր: Ու մինչ ընտանիքի անդամներն ու հարազատները սգում էին 33-ամյա կնոջ մահը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը մեզ բացատրում էր. «Այսօր համաշխարհային տեսությունը տալիս է, որ 1000 ծննդաբերությունից կարա լինի մեկ մահ: Մահերի մեջ 5 տոկոսը կարող է լինել արգանդի պատռվածք: Իսկ Ալավերդու բժշկական կենտրոնում շուրջ 3500 ծնունդ օգնություն իրականացնելուց հետո՝ եղավ նմանատիպ մեկ դեպք: Ըստ ստատիստիկայի մեր դեպքում կարար լիներ գոնե 3 մահ»:
Ս. Մոսինյանը նաև մեզ համոզում էր, որ հղիի արգանդի պատռվածքը կամ երեխայի պորտալարը պարանոցին փաթաթվելու վաղ ախտորոշումը ժամանակակից բժշկությանը դեռևս հայտնի չէ: Հարազատները հայտնեցին, որ պետք է իրավապահ մարմիններին բողոքեն Անժելայի մահվան համար:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել