
«Դինգա». հայկական արտադրության շաքարի դեղ՝ 13 կողմնակի ազդեցությամբ
Վերջերս մեզ էին դիմել 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող մի քանի մարդ (ովքեր չցանկացան ներկայանալ), և հայտնել , որ իրենց տեղամասային պոլիկլինկաներում իրենց ֆրանսիական «Դիաբետոն ՄՌ»-ի փոխարեն առաջարկել են հայկական «Արփիմեդ» ընկերության կողմից արտադրվող «Դինգա» դեղը: Վերջինից իրենք հրաժարվել են, քանի որ այն իրենց համար արդյունավետ չէ:
Շաքարային դիաբետ ունեցող մարդկանց տրվող դեղերն ընգրկված են պետության կողմից կենտրոնացված կարգով գնվող ու անվճար հատկացվող դեղերի ցանկում: Նախկինում մենք անդրադարձել ենք պետության կողմից անվճար տրվող հնդկական դեղին («DiaZone MR»), որի միակ սպառողը Հայաստանն էր, ներկայացրել ենք մարդկանց բողոքներն ու դեղի կողմնակի երևույթները:
Դրանից հետո՝ 2015թ. հունվարի 30-ին Կառավարության որոշում ընդունվեց, որի համաձայն՝ 2015-2019թթ. պետությունը գլիկլազիդ ազդող նյութ պարունակող շաքարի դեղը («Դիաբետոն» ՄՌ) գնելու էր ֆրանսիական «Լես Լաբորատորիես Սերվիե» ընկերությունից՝ մեկ հաբի համար վճարելով՝ 0.06 եվրոյին համարժեք դրամ:
Սակայն այս որոշմանը զուգահեռ պետությունը 2015-2016թթ կարիքների համար շարունակում էր ձեռք բերել նաև նույն հնդկական դեղերը` շրջանակային համաձայնագրերով և ֆրանսիականից ավելի թանկ գնով. մեկ հաբը՝ 44.7 դրամ, ֆրանսիականը՝ 42,33 դրամ (ըստ վերընշված որոշման հավելվածի):
Այս դեղերի վերջին խմբաքանակը՝ մոտ 4000 տուփ, ներկրվել է 2015թ․ օգոստոսին։
«Արփիմեդ». ընկերության սեփականատերերն ու դեղի կողմնակի ազդեցությունները
Հայկական «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը գործում է 2008թ.ից: Ընկերության արտադրած մի շարք դեղերի վերաբերյալ դժգոհություններին մենք նախկինում անդրադաձել ենք (տես՝ «Կարբամազեպին», «Օլանզապին»):
«Արփիմեդ»-ի սեփականատերերի ցանկում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը, ով նաև Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն է:
Մյուս սեփականատերը, ով նաև ընկերության տնօրենն է, Վաչագան Ղազարյանն է, Գագիկ Հարությունյանի համագյուղացին:
«Դինգա» դեղը Հայաստանի դեղերի պետական գրանցամատյանում գրանցված է մինչև 2018թ․ դեկտեմբերի 9-ը։
2016թ. ընթացքում «Դեղերի փորձագիտական կենտրոն»-ը բժիշկների կողմից ստացել է «Արփիմեդ» ընկերության «Դինգա» 2մգ+500մգ դեղի վերաբերյալ 7 քարտ-հայտագիր:
Այդ հայտագրերում ներկայացված է եղել 13 կողմնակի ազդեցություն , որոնցից 5-ը որակվում են՝ որպես սպասելի գլիմեպիրիդ և մետֆորմին պարունակող դեղերի համար, 5-ը կարող են որակվել՝ որպես հիպոգլիկեմիայի ախտանշաններ:
Հայտագրերից 3-ում նշված է գլյուկոզայի բարձրացում՝ 12-13 մմոլ/լ (նորմա՝ 3,5-5,5 մմոլ/լ), դրանցից 2-ում՝ դեղի ազդեցության բացակայություն:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ նշված վերջին երևույթները կարող են պայմանավորված լինել ինչպես դեղի անարդյունավետությամբ, այնպես էլ՝ հիվանդի սննդակարգից և օգտագործելուց:
Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որը կօգնի հասկանալ դեղերի արդյունավետությունը
2017թ. կարիքների համար պետությունը ձեռք է բերել 10 մլն 350 հազար դեղահատ «Գլիկլազիդ» («Diabeton MR») 455մլն 400 000 ՀՀ դրամ արժողությամբ՝ մեկ հաբի համար վճարելով՝ 44 դրամ, իսկ «Գլիմեպիրիդ/Մետֆորմին 2մգ/500մգ» («Դինգա»)՝ մոտ 7.5 մլն դեղահատ՝ 108 մլն 882 351 ՀՀ դրամ արժողությամբ (մեկ հաբը՝ 14.47 դրամ):
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել