
Մարզպետ Արթուր Նալբանդյանն արդեն տեսնում է լոռեցիների կյանքի լավացման սկիզբը
Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 19-ին Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում համայնքների ղեկավարների ու գործարարների հետ հանդիպմանը նշել է, որ իր այցի նպատակն է քննարկել մարզի զարգացման ծրագրերը, ուրվագծել հետագա քայլերը և ավելացրել, որ արդեն իսկ մշակվել է այն մեթոդաբանությունը, որի հիման վրա համայնքների ղեկավարները ներկայացնելու են համայնքների զարգացման հնգամյա ռազմավարությունը: «Հաջորդ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու հաշվետվություն է ներկայացնելու, թե իր ոլորտում ինչ ներդրումներ են լինելու, ինչ քանակի աշխատատեղեր են ստեղծվելու»,-ասել է վարչապետը:
Երեկ՝ փետրվարի 8-ին, Ալավերդու քաղաքապետարանում Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հրավիրված արտագնա խորհրդակցությունում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը առանձնապես կարևորեց համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերը:
«Նման հանձնարարական, նման ռազմավարություն մեր մարզում երբևիցե չի եղել, հիմա ունենք: Մեր համայնքերի զարգացման ծրագրերը երազանքների, բարի ցանկությունների ծրագրեր չեն լինելու: Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե մեր համայնքի տնտեսությունը 5-ամյա ծրագրով զարգացման հեռանկար ունի՞, թե ՝ոչ»,-ասաց մարզպետը: Ալավերդի համայնքի 2017-2021թ.թ.-ի 5-ամյա զարգացման ծրագրից տեղեկանում ենք, որ 2016թ.-ին համայնքում հաշվառված են եղել 20 052 մարդ: Դրանցից քաղաքում փաստացի բնակվում են 13 863 բնակիչ: Ալավերդիում 1990թ.-ին գրանցված են եղել և բնակվել են 25,5 հազար բնակիչ: Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցներից մեկը մեզ բացատրեց, որ փաստացի բնակվող 13 863 բնակիչների մեջ հաշվառված են նաև վերջին մեկ տարում Ալավերդուց բացակայող բնակիչները: Վիճակագրական ծառայության տվյալներով պարզվում է անկախության անցած տարիներին Ալավերդուց արտագաղթել են 11 հազար 737 մարդ: Արտագաղթը իր հետ տարել է Ալավերդու աշխատուժը:
Այսօր էլ արտագաղթը Ալավերդիում չի դադարում: Քաղաքի ավիատոմսերի դրամարկղներից մեկում մեզ հայտնեցին, որ մեկ ամսվա ընթացքում միջինը 90 տոմս են վաճառում ալավերդցիներին և հարևան համայնքերի բնակիչներին՝Ռուսաստանի դաշնություն մեկնելու համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Ալավերդու զբաղվածության տարածքային կենտրոնում փետրվարի 8-ի դրությամբ հաշվառված են 689 գործազուրկներ: Կենտրոնի տնօրեն Նունե Անտաշյանի ասելով՝ դա Ալավերդու գործազուրկների ամբողջ թիվը չէ: Գործազուրկի կարգավիճակ են ստանում այն աշխատանք չունեցողները, ովքեր գրանցվում են զբաղվածության կենտրոնում: Ալավերդիում շատ աշխատանք չունեցողներ չեն գրանցվում կենտրոնում:
Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի դասախոս Սերյոժա Պողոսյանի խոսքով ալավերդցիները արտագաղթում են միայն աշխատանք չունենալու պատճառով: «Իմ կարծիքով մարդը Ալավերդուց ոչ մի տեղ չի գնա: Տեսնում եք էսօր փետրվար ամիսն է, բայց ոնց որ դրախտավայր լինի: Եթե աշխատատեղ բացվի, նույնիսկ արտագաղթածները կվերադառնան: Անձամբ իմ ընտանիքից 4 հոգի՝ տղաս, հարսս, երկու թոռնիկս գնացել են Ռուսաստանի դաշնություն, Տվեր քաղաքում են ապրում: Հիմա էլ էնտեղից ուզում են Գերմանիա գնան»,- ասաց Ս. Պողոսյանը:
Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը իր հեղինակած համայնքի 5-ամյա զարգացման ծրագրում խուսափել է ներկայացնել Ալավերդում այս պահին աշխատանք ունեցող աշխատողների քանակը: Դրա փոխարեն քաղաքապետը բարեխղճորեն արձանագրել է խորհրդային տարիների Ալավերդու ձեռնարկությունների և այնտեղ աշխատող ալավերդցիների քանակը: Այսուհանդերձ քաղաքապետը նշել է, որ համայնքում կա կարի արտադրություն հիմնելու նախադրյալներ, քաղաքապետարանում հաշվառված ունեն կարի հմտություններ ունեցող 562 մարդ:
Ալավերդին ունի 2661,7 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք համայնքի մեջ մտնող Ակներ, Սանահին և Մադան գյուղական թաղամասերի գյուղացիների կողմից անկախության տարիներին չեն մշակվել: Հիշեցնենք, որ այս գյուղերը գրեթե դատարկվել են: Գյուղացիները այստեղ մշակում են միայն իրենց տնամերձ հողամասերը. «Համայնքի գյուղատնտեսական նշանակության 2661,7 հա հողերում կարելի է պտղատու այգիներ, ջերմոցային տնտեսություն հիմնել», -առաջարկվում է ծրագրով: Նշվում է, որ 1990-ական թվականներին համայնքի գյուղական թաղամասերում հաշվառված են եղել 4150 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, 2011թ.-ին նույն գյուղական թաղամասերում հաշվառված են եղել 1160 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ: Թե ինչու հնգամյա ծրագրում 2016թ.-ին հաշվառված անասունների գլխաքանակը չի գրանցվել, պարզ չէ: Ծրագիրը հայտնում է, որ կարելի է Ակներ, Սանահին և Մադան թաղամասերի և հարևան գյուղերի անասունների կաթնարտադրության հենքի վրա վերականգնել կաթի վերամշակման նախկին արտադրությունը:
Բնակչությունն ամռան ամիսներին զբաղվում է հատապտուղների և մրգերի հավաքմամբ. «Սա հիմք է ստեղծում համայնքում հիմնելու պտղի վայրկենական սառեցման հոսքագից»,-հայտնում է ծրագիրը: Ալավերդու զարգացման 5-ամյա ծրագում անհասկանալի է մնում, թե Ալավերդում առաջիկա 5 տարիներին ինչ ներդրումներ են լինելու և ինչ քանակի աշխատատեղեր են ստեղծվելու:
«Փառք Աստծո, մենք փորձել ենք նաև Ձեր փոխարեն աշխատանք տանել: Մեր ծրագրերի բաժինն ուսումնասիրել է գրեթե բոլոր համայնքերի զարգացման հեռանկարները, փորձել ենք հասկանալ, նաև մասնավորի ներդրումային, պետական բյուջեի խողովակներով ինչ ծրագրեր կա, տնտեսվարողների առաջիկայում ինչ ներդրումային ծրագրեր են սպասում: Էս ամեն ինչը, իհարկե նաև Ձեր կողմից տրված ինֆորմացիան հավաքել ենք մեր մոտ, ամբողջական փաթեթ դարձրել, ուղարկել ենք տարածքային կառավարման նախարարություն և կառավարություն, որպեսզի էդ խողովակներով անցնելուց հետո դա դառնա մարզի զարգացման 2017-2025թ.թ. ռազմավարություն: Սրանով ենք առաջնորդվելու»,- համայնքների ղեկավարներին բացատրեց Արթուր Նալբանդյանը:
«Առաջին փուլով մարզից կառավարություն է ներկայացվել 17 ծրագրեր, որից 3-ը Ալավերդու քաղաքապետարանից է: Դրանք են կաթի վերամշակումը, կարի արտադրությունը և հատապտուղների սառեցման հոսքագծի կառուցումը: Երկու ծրագիր էլ ներկայացվել է Ալավերդու մասնավորից։ Կտեսնենք, կառավարությունը ներկայացվածից, որ ծրագրերին հավանություն կտա և ֆինանսական ինչ խողովակներով կֆինանսավորի այդ ծրագրերը»,- պարզաբանեց Ա. Նալբանդյանը:
Մարզպետը պատասխանեց նաև մարզի զարգացման հետ կապված «Հետքի» հարցերին
-Դուք ծանոթ ե՞ք մարզի բոլոր համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերին:
- Խոշոր համայնքների 5-ամյա զարգացման բոլորի ծրագրերին ծանոթացել եմ: Մենք ուրբաթ օրը վարչապետի մոտ խորհրդակցություն ունենք, որտեղ քննարկելու ենք նաև համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերը և 2017-2025թ.թ. Լոռու մարզի զարգացման ռազմավարությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում համայնքների խոշորացման ծրագրեր ունենք, մենք փոքր համայնքների զարգացման ծրագրերին լուրջ ուշադրություն չենք դարձնում: Համայնքները խոշորանալուց հետո պետք ունենան նոր 5-ամյա զարգացման ծրագիր, ինչպես ունեցավ Թումանյանի խոշորացված համայնքը: Դրա համար խոշոր համայնքերին ենք մեր ուշադրության կենտրոնում պահել: Փորձել ենք նաև օգտակար լինել, որպեսզի խոշոր համայնքերի զարգացման ծրագրերը լինեն իրատեսական:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք համայնքների զարգացման ծրագրերից:
-Ակնկալիքներս, ճիշտն ասած մեծ են, որովհետև զարգացման նման ռազմավարության փաթեթ մարզը երբեք չի ունեցել: Այն ինչ տարիներ շարունակ խոսվում էր, կոնկրետ գործ չենք արել: Հիմա արդեն կոնկրետ գործ է դարձել և շատ շուտով մեր մարզը կունենա 2017-2025թ.թ.-ի զարգացման ռազմավարության փաթեթ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, նաև կառավարության պահանջով միջազգային փորձագետներ են մասնակցել այդ փաթեթների ստեղծման պրոցեսին: Մենք այս պահին հստակ կարողանում ենք արդեն տեսնել մարզի զարգացման տեսլականը: Լոռու մարզը արդյունաբերական մարզ է, որպես տնտեսության զարգացման էական ուղի1-ին տեղում արդյունաբերությունն է, ապա գյուղատնտեսությունը, տուրիզմի զարգացումը, ՏՏ ոլորտը և փոքր ու միջին բիզնեսն է: Այս 5 կարևոր ուղղություններն են, որ փորձելու ենք մարզում զարգացնել:
-Մարզում աշխատատեղերի ստեղծման և բնակչության կյանքի լավացման բեկումը երբ եք ակնկալում:
-Ես արդեն դրա սկիզբը տեսնում եմ, որովհետև ներկայացված ծրագրերից, եթե նույնիսկ մեկ-երկու ծրագիր էլ ստացվի, բնականաբար հիմքում աշխատատեղեր են դրված: Բեկումնային ասելը մի փոքր վերաբարձ կլինի, որովհետև բեկումնային չի կարող միանգամից լինել, բայց աստիճանաբար յուրաքանչյուր ծրագիր իր հետ բերելու է նոր աշխատատեղեր:
Մեկնաբանել